Ուղիղ եթեր
Ներքին 5 տարի առաջ - 12:20 11-06-2021

Նախընտրական քարոզարշավում բովանդակային հարցերի փոխարեն գերակայում են իրար վիրավորելը, մեղադրելն ու հայհոյելը. ՄԻՊ

Նախընտրական քարոզարշավում բովանդակային հարցերի փոխարեն գերակայում են տարբեր քաղաքական ուժերի և առանձին գործիչների, այդ թվում՝ պաշտոնյաների փոխադարձ մեղադրանքները, իրար ուղղված հայհոյանքն ու վիրավորանքը՝ զուգակցված բռնության հետ ասոցացվող հռետորաբանությամբ:

Ընդ որում, այնպես է ստացվել, որ անգամ հանրությունն է արդեն սովորել և երբ մի կողմը վիրավորում, հայհոյում կամ մեղադրում է մյուսին, ապա հանրությունն էլ սկսում է անհամբեր սպասել, թե ինչ կամ ինչպես է այդ մյուս կողմը պատասխանելու: Տպավորությունն էլ այն է, թե ավելի ուժեղ է նա, ով ավելի շատ է մեղադրում, ավելի բարձր ու նոր բառերով է հայհոյում կամ վիրավորում: Հետո էլ այդ նույն բառերով իրար են հայհոյում ու վիրավորում քաղաքական ուժերի կամ հանրային գործիչների կողմնակիցները: Բայց նախընտրական քարոզարշավը նրա համար չէ, որ մարդկանց համար ապահովվեն փոխադարձ մեղադրանքների, վիրավորանքի ու հայհոյանքի հանրային տեսարաններ:

Այս ամենի արդյունքում էլ ստացվել է այնպես, որ հանրային քննարկման (public discourse) տիրույթը գրեթե ամբողջությամբ լցված է միայն իշխանավեճի թեմաներով: Նախընտրական շրջանում պետք է քննարկման առարկա դառնան իրական կյանքում մարդկանց հուզող հարցերը, որոնք տարիներ շարունակ բարձրաձայնվում են Մարդու իրավունքների պաշտպանի տարեկան ու արտահերթ զեկույցներով։ Անվտանգության հիմնարար հարցերից բացի, օրինակ՝

• Ինչպե՞ս է բացառվելու կյանքի դժվարին վիճակում հայտնված ընտանիքների խորացող մեկուսացումը հասարակությունից, ինչպես է ապահովվելու նրանց ինտեգրումը հանրային կյանքին։

• Ինչպե՞ս է ապահովվելու, որպեսզի հաշմանդամություն ունեցող երեխայի ծնողը երեխային դպրոց ու մանկապարտեզ տանելու փոխարեն ստիպված չլինի խնամել նրան տանը և ինքն էլ նրան խնամելու համար ազատվի աշխատանքից ու այդպես ընտանիքն ապրի հասարակությունից մեկուսացված վիճակում:

• Ինչպե՞ս է բացառվելու, որպեսզի անվճար բժշկական օգնության կամ սոցիալական ապահովության համակարգի անվերջ բյուրոկրատական ու դատական քաշքշուկների մեջ հայտնված մարդը, ով, ասենք, փորձում է ստանալ իր կենսաթոշակը կամ ենթարկվել բժշկական հետազոտությունների, չզգա իրեն թենիսի մրցաշարի «գնդակի» դերում, երբ բոլորն անվերջ մի վայրից մյուսն են ուղարկում՝ առանց հարցին լուծում տալու:

• Ինչպե՞ս է ապահովվելու, որպեսզի մարդիկ չմոռացվեն հոգեբուժարաններում իրավական ու վարչական քրոնիկ թերությունների պատճառով, այլ ստնան լիարժեք կյանքի վերադարձին ծառայող նպատակով իրական բուժում:

• Ինչպե՞ս է ապահովվելու, որպեսզի ոչ թե թղթին տված գեղեցիկ ձևակերպումների ինքնախաբեությամբ, այլ իրական կյանքում քրեակատարողական (բանտային) համակարգն ի վերջո դադարի պատժողական լինելուց և ծառայի մարդուն ազատ արձակման նախապատրաստելու ու իրական կյանք նրա լիարժեք ինտեգրումն ապահովելու նպատակին։

• Ինչպե՞ս են լուծվելու տարբեր վարչական մարմիններում ու դատարաններում գործերի քննության ձգձգումներն ու քաշքշուկները, որոնց արդյունքում մարդկանց պատճառվում են անվերականգնելի վնասներ և այլն։

Ակնհայտ է, որ նման իրական խնդիրներ բարձրաձայնելու և լուծման տարբերակներ առաջարկելու փոխարեն փոխադարձ վիրավորանքն ու հայհոյանքները, ատելության ու բռնության հետ ասոցացվող ցանկացած հռետորաբանություն ավելի են խորացնում բեևեռացումն ու խմբերի բաժանելու արատավոր երևույթը։

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին
19:42 Բլոգեր Քրիստինան հայտնել է՝ պատրաստվում է հարսանիքի
18:28 Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել. Հետք
15:01 Ֆրանսիայի վարչապետը մի շարք շրջաններում պարետային ժամ սահմանելու հանձնարարական է տվել