Ներքին 5 տարի առաջ - 09:50 08-06-2021

Ադրբեջանական զինծառայողները զբաղված են ՀՀ բնակիչների եղջերավոր կենդանիների գողություններով. ՄԻՊ

Գեղարքունիքի և Սյունիքի մարզերի սահմանային գյուղերի հարևանությամբ տեղակայված ադրբեջանական զինծառայողները զբաղված են ՀՀ բնակիչների եղջերավոր կենդանիների գողություններով:

Օրինակ` նրանք 2021 թ. հունիսի 5-ին գողացել և մինչ օրս չեն վերադարձրել Կութ գյուղի հովվի՝ 80-ից ավելի եղջերավոր կենդանիները։ Պաշտպանի աշխատակազմի ճշտած տվյալներով` այդ կենդանիները պատկանում են Կութ գյուղի 5 ընտանիքի:

Խոսքը, մասնավորապես, հունիսի 5-ի միջադեպի մասին է, երբ ադրբեջանական զինված ուժերը 30 րոպե տևողությամբ կրակահերթ էին արձակել Գեղարքունիքի մարզի Գեղամասար համայնքի Կութ գյուղի հովվի ուղղությամբ։ Հովիվը կարողացել էր ձիով փախուստի դիմել, սակայն կրակահերթից ձիու ոտքը վնասվել էր: Ավելին, այդ ընթացքում ադրբեջանական զինվորականները հովվի եղջերավոր կենդանիներից 4-ին կրակահերթով սպանել էին։
Պետք է ավելացնել ադրբեջանական զինծառայողների կողմից 2021թ. հունիսի 6-ին Գեղարքունիքի Վարդենիս համայնքի Վերին Շորժա գյուղի արոտավայրում շուրջ 20 ձի գողանալու փորձը, Սյունիքի Տեղ համայնքի Արավուս գյուղում մայիսի 23-ին, Խնածախ գյուղում մայիսի 29-ին եղջերավոր կենդանիների գողության կամ կենդանիները մասամբ այդպես էլ չվերադարձնելու դեպքերը և այլն:

Ակնհայտ է, որ ադրբեջանական զինծառայողների կողմից ՀՀ սահմանային բնակիչների պատկանող կենդանիների գողությունները սոցիալական, այդ թվում` կենսական վնասներ են հասցնում ՀՀ սահմանային բնակչությանը: Այս գյուղերում մարդկանց զբաղմունքը և ապրուստը հոգալու, ընտանիքի եկամուտը վաստակելու հիմնական կամ միակ միջոցը անասնապահությունն է:

Պետք է հաշվի առնել նաև նրանց կողմից ՀՀ քաղաքացիական բնակիչներին` հովիվներին, զենքի ցուցադրումով տրվող սպառնալիքները, հովիվներին քաշքշելը, խփելը, հայհոյանքը և այլն:

Այս բոլոր դեպքերը հաստատվել են Մարդու իրավունքների պաշտպանի հավաքած ապացույցներով:

Եվ այս ամենը տեղի է ունենում այն պայմաններում, որ նրանք, մայիսի 12-ից սկսած, կեղծ քարտեզների վկայակոչմամբ ապօրինաբար ներխուժել են ՀՀ ինքնիշխան տարածք:
Նշված արարքները պետք է դիտարկել միասնական դիտավորության մեջ` հաշվի առնելով այն, որ նրանք նույն արարքները կատարում են թե´ Սյունիքի, թե´ Գեղարքունիքի մարզերի գյուղերի բնակիչների` հովիվների նկատմամբ:
ՀՀ բնակչության իրավունքների պաշտպանությունը ադրբեջանական զինված ուժերի հանցավոր արարքներից բացարձակ հրատապությամբ պահանջում է անվտանգության գոտու առկայություն:

Այսօրվա միջադեպը ևս ակնհայտ ցույց է տալիս, թե ով է իրականում խաթարում մարդկանց անվտանգությունը տարածաշրջանում և խաղաղությունը վերականգնելու հեռանկարները:

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան
Արման Թաթոյան

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը

Ձեզ գուցե հետաքրքրի