Մալին փակում է ցամաքային ու օդային սահմանները և պարետային ժամ է մտցնում երկրի ժամանակավոր նախագահի և վարչապետի հրաժարականի ֆոնին: Այս մասին հայտնում է սենեգալյան Seneweb պորտալը:
Ներկայումս Բամակոյի օդանավակայանն ու ցամաքային սահմանային անցումներն արդեն փակ են: Պարետային ժամը մտցվում է ամբողջ երկրում տեղական ժամանակով 20.00-ից 6.00-ն:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Մալիի զինվորականները ձերբակալել են ժամանակավոր նախագահ Բա Նդաոյին Փարիզի տնտեսական գագաթնաժողովից վերադառնալուց անմիջապես հետո: Պետության ղեկավարից բացի՝ պաշտոնից հեռացվել են վարչապետ Մոկթար Ունը և ժամանակավոր կառավարության պաշտպանության նախարար Սուլեյման Դուկուրը: Փոխնախագահ Ասիմի Գոյտան հաստատել է քաղաքական գործիչների ձերբակալման մասին տեղեկությունը: Վերջին մեկ տարվա ընթացքում սա երկրում երկրորդ ռազմական հեղաշրջումն է:
Իրավիճակը Մալիում կտրուկ սրվել էր 2020 թվականի օգոստոսի 18-ին: Զինվորականներն ընդվզել էին Կատյա բանակի բազայում, որը գտնվում է մայրաքաղաքից 20 կմ հեռավորության վրա: Ապստամբները հայտարարել էին նախագահ Իբրահիմ Բուբաքար Քիթի և վարչապետ Բուբու Սիսեի ձերբակալության մասին: Ավելի ուշ պետության ղեկավարը հայտարարել էր խորհրդարանի ու կառավարության հրաժարականի և լուծարման մասին: