Ֆրանսիան թույլ չի տվել «Բելավիա» ինքնաթիռին հատել իր օդային տարածքը
copy image url

Ֆրանսիան թույլ չի տվել «Բելավիա» ինքնաթիռին հատել իր օդային տարածքը

Արտաքին 3 տարի առաջ - 20:53 26-05-2021

«Բելավիա» ավիաընկերության ինքնաթիռը չի կարողացել մուտք գործել Լեհաստանի օդային տարածք՝ Ֆրանսիայի՝ բելառուսական բոլոր թռիչքների համար իր օդային տարածքով անցնելու արգելքի պատճառով: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Լեհաստանի օդային երթևեկության գործակալության մամուլի քարտուղար Պավել Լուկաշևիչին:

Նրա խոսքով՝ լեհական ծառայություններն արգելքի մասին տեղեկատվություն են փոխանցել օդանավի անձնակազմին:

«Անձնակազմին տեղեկացրել են, որ նրանք կարող են խնդիրներ ունենալ Ֆրանսիայի օդային տարածքը հատելու համար, և պետք է որոշեն իրենց հետագա անելիքները», - ասել է Լուկաշևիչը:

Մայիսի 23-ին Բելառուսի իրավապահ մարմինները ձերբակալել էին NEXTA տելեգրամյան ալիքի հիմնադիր Ռոման Պրոտասևիչին Աթենքից Վիլնյուս ուղևորվող իռլանդական Ryanair ավիաընկերության ինքնաթիռի վթարային վայրէջքից հետո: Հաղորդվել է նաև նրա ընկերուհու՝ ազգությամբ ռուս Սոֆյա Սապեգայի ձերբակալության մասին:

Բելառուսում Պրոտասևիչը մեղադրվում է մի քանի հոդվածներով, այդ թվում՝ զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեջ: Տելեգրամյան NEXTA ալիքը Բելառուսի իշխանությունների կողմից հայտարարվել է ծայրահեղական:

ԵՄ երկրների ղեկավարների գագաթնաժողովը որոշում է կայացրել արգելել բելառուսական ավիաընկերություններին թռիչքներ իրականացնել դեպի ԵՄ օդանավակայաններ և թռչել դրանց տարածքով:

Որոշումն ուժի մեջ չի մտել, քանի որ այն պետք է համաձայնեցվի և հաստատվի ԵՄ խորհրդի կողմից:

Ֆրանսիան փակել է իր օդային տարածքը բելառուսական Belavia ավիաընկերության համար: Բացի այդ, մի շարք եվրոպական ավիաընկերություններ դադարեցրել են թռիչքները Բելառուսի վրայով: