Ներքին 5 տարի առաջ - 19:26 25-05-2021

Ադրբեջանի զինուժի ՀՀ պետական սահմանն ապօրինի հատելու, ՀՀ ԶՈՒ զինծառայողի սպանության դեպքի առթիվ քրգործ է հարուցվել

Թշնամու ԶՈՒ զինծառայողների կողմից ՀՀ պետական սահմանն ապօրինի հատելու, ՀՀ տարածքային ամբողջականությունը խախտելու և ՀՀ ԶՈՒ զինծառայողի սպանության դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել։ Այդ մասին ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։

25.05.2021թ. ժամը 14.20-ի սահմաններում, Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի մի խումբ զինված զինծառայողներ՝ իրենց հրամանատարների կազմակերպմամբ, առանց թույլտվության, ապօրինի հատել են ՀՀ Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի վարչական տարածքում գտնվող Վերին Շորժա բնակավայրի սահմանային հատվածում պահպանվող ՀՀ պետական սահմանը և ունեալով ՀՀ տարածքային ամբողջականությունը խախտելու դիտավորություն՝ բռնության կոչեր են հնչեցրել այդ հատվածում պահպանություն իրականացնող ՀՀ ԶՈՒ-ի զինծառայողների նկատմամբ, պահանջել են դիմադրություն ցույց չտալ ու ազատել տարածքը:

Առաջացած վիճաբանության ընթացքում նրանք դիտավորությամբ կրակահերթեր են արձակել ՀՀ ԶՈՒ զինծառայողների ուղղությամբ, որի արդյունքում ՀՀ ՊՆ N զորամասի պայմանագրային զինծառայող, կրտսեր սերժանտ` 1989թ. ծնված Գ. Խուրշուդյանը որովայնի շրջանում հրազենային վնասվածք է ստացել: Զինծառայողը տեղափոխվել է Գեղարքունիքի կայազորային հոսպիտալ, որտեղ արձանագրվել է նրա կենսաբանական մահը:

ԱՀ ԶՈՒ-ի զինծառայողների կողմից ՀՀ պետական սահմանն ապօրինի հատելու և բռնություն գործադրելու միջոցով ՀՀ տարածքի մասն այլ պետությանը հանձնելուն ուղղված գործողություններ կատարելու, ՀՀ ԶՈՒ զինծառայողի դիտավորյալ սպանություն կատարելու դեպքի առթիվ Սևանի կայազորի զինվորական դատախազությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածի 2-րդ մասի, 300.2-րդ հոդվածի և 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 6-րդ և 13-րդ կետերի հատկանիշներով: Քրեական գործի նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հինգերորդ կայազորային քննչական բաժնին»,- տեղեկացրել է Աբրահամյանը:

Հետգրությամբ նա նաեւ ավելացրել է, որ ՀՀ ՊՆ-ն հայտնել էր այսօր՝ մայիսի 25-ին, ժամը 13:00-ի սահմաններում, ՀՀ հյուսիսարևելյան հատվածում տեղակայված զորամասում ժամկետային զինծառայող, շարքային Մ. Հովհաննիսյանի՝ գլխի շրջանում ստացած մահացու հրազենային վիրավորումով հայտնաբերման մասին:

Այս ցավալի դեպքի կապակցությամբ Աբրահամյանը հարկ է համարում տեղեկացնել, որ ներկա փուլում դեպքի առթիվ նախապատրաստվում են նյութեր, կատարվում են անհետաձգելի բոլոր անհրաժեշտ գործողությունները:

Նա նաև ընդգծել է, որ դեպքը տեղի չի ունեցել Գեղարքունիքի մարզում, ինչպես ներկայացվում է առանձին լրատվամիջոցներում:

«Խնդրում եմ՝ ապատեղեկատվություն չտարածել»,- ասել է նա։

Ամենից շատ դիտված

14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
09:12 9-րդ գիշերն անընդմեջ. ԱՄՆ-ն նոր լայնամասշտաբ հարվածներ է հասցրել Իրանին
09:34 Տրիբունաների դժգոհությունը. ԱԱ եզրափակիչից հետո երկրպագուները սուլել են Դոնալդ Թրամփին և Ջանի Ինֆանտինոյին
11:25 Արման Ծառուկյանի մենեջերից՝ մեքենա, գործարարից՝ տուն. Արսենի բիզնեսն ու երազանքը
12:42 Վտանգավոր իրականությունը, որում հայտնվել ենք, երկու հիմնական պատճառ ունի. Մանե Թանդիլյան

Ձեզ գուցե հետաքրքրի