Ներքին 5 տարի առաջ - 18:08 20-05-2021

ԱԺ–ն արտահերթ նիստ է հրավիրել. օրակարգում հայ–ադրբեջանական սահմանի վերաբերյալ ենթադրյալ նոր փաստաթղթի հարցն է

Ազգային ժողովն արտահերթ նիստ է գումարել, որը նախաձեռնել է «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը, եւ որին միացել է նաև ԲՀԿ-ն:

Օրակարգում հայ–ադրբեջանական սահմանի վերաբերյալ ենթադրյալ նոր փաստաթղթի հնարավոր ստորագրման հարցն է։

Նրանք ԱԺ հայտարարության նախագիծ են ներկայացրել, որ վերնագրված է. «2021 թվականի մայիսի 12-ից Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության խախտման, Հայաստանի Հանրապետության նկատմամբ ուժի կիրառման արդյունքում առաջացած իրավիճակում Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից իրականացվող գործողությունների մասին»:

Ստորև ներկայացնում ենք ԱԺ հայտարարության նախագիծը.

«Համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության՝

- 116-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին եւ 2-րդ կետերի, 2-րդ եւ 3-րդ մասերի՝

Ազգային ժողովը վավերացնում է այն միջազգային պայմանագրերը, որոնք, ի թիվս այլնի, վերաբերում են մարդու եւ քաղաքացու հիմնական իրավունքներին եւ ազատություններին, ինչպես նաեւ պարտականություններին, ունեն քաղաքական կամ ռազմական բնույթ:

Ազգային ժողովը, Կառավարության առաջարկությամբ, միջազգային պայմանագրերը վավերացնում է օրենքով՝ պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:

Սահմանադրությանը հակասող միջազգային պայմանագրերը չեն կարող վավերացվել:

- 205-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերի՝

Հայաստանի Հանրապետության տարածքի փոփոխությանը վերաբերող հարցերը լուծվում են հանրաքվեների միջոցով: Հանրաքվե անցկացնելու վերաբերյալ որոշումը Կառավարության առաջարկությամբ ընդունում է Ազգային ժողովը` պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:

Այսպիսով՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի ժամանակավոր պաշտոնակատարը չի կարող իր ստորագրությամբ ուժի մեջ դնել մի փաստաթուղթ, որը կարող է ուժի մեջ մտնել բացառապես խորհրդարանի վավերացման կամ հանրաքվեի արդյունքում:

Միաժամանակ հայ-ադրբեջանական շփման գծի սահմանազատման եւ սահմանագծման աշխատանքների հետ կապված ցանկացած գործողություն ուղղակիորեն ներառում է Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացու եւ հատկապես՝ սահմանային բնակչության մարդու իրավունքների խնդիրները, որոնց հետ կապված ցանկացած միջազգային փաստաթուղթ պարտադիր վավերացման ենթակա է:

Սահմանազատման գործընթացի հետ կապված ցանկացած փաստաթուղթ, որը հաշվի չի առնի մարդու իրավունքները, ուղղակիորեն կհակասի Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, մարդու իրավունքների միջազգային իրավունքին եւ իրական կյանքում կհանգեցնի Հայաստանի Հանրապետության պետական շահի, սահմանային բնակչության հիմնարար իրավունքների կոպիտ խախտումների շարունակությանը, ինչն այսօր տեղի է ունենում:

Հնարավոր ճնշումների կամ ազատ կամքի արտահայտումը բացառող ցանկացած դրսեւորման արդյունքում հայ-ադրբեջանական շփման գծի սահմանազատման եւ սահմանագծման աշխատանքների վերաբերյալ փաստաթղթի ստորագրումը հղի է ազգային եւ պետական շահի ստորադասման, ինչպես նաեւ Արցախի Հանրապետության սահմանների, Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման առնչությամբ անբարենպաստ եւ անդառնալի հետեւանքերի առաջացմամբ, հայ ժողովրդի ապագա սերունդների համար ծանր բեռ առաջացնելու եւ միջազգային իրավունքով երաշխավորված արդարության վերականգնման իրավունքից զրկելու վտանգով:

Կոչ ենք անում վարչապետի ժամանակավոր պաշտոնակատարին ձեռնպահ մնալ միանձնյա որոշումներ կայացնելուց, որոնք վերաբերում են ողջ հանրությանն ու պետությանը, ինչպես նաեւ ազգի ապագային»:

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
19:42 Բլոգեր Քրիստինան հայտնել է՝ պատրաստվում է հարսանիքի
22:23 Գերակա շահ՝ փոքր կենտրոնում. շատերը ստիպված են լինելու իրենց գույքը հարկադրաբար վաճառել պետությանը
19:30 Արցախցիներին COP17-ում մերժել են տաղավար տրամադրել. Արտակ Բեգլարյան
22:12 Երևանում պարեկները վնասազերծել են կրակոցներ արձակողին. նրա մոտ հայտնաբերվել է ատրճանակ
22:57 Փաշինյանն առաջարկում է ՏԻՄ ընտրությունների մասնակիցներին իրեն դիմել, եթե ենթարկվել են ապօրինի ճնշումների
20:36 ՔՊ-ն գրկաբաց ընդունում է տասովշիկներին՝ վերջիններիս դարձնելով համայնքի ղեկավարի իր թեկնածու