Ուղիղ եթեր
copy image url
Սպորտ 2 տարի առաջ - 11:21 14-05-2021

Լևոն Արոնյան. «Ինձ հարգանք է պետք, որ լինեմ մի երկրում, որտեղ ինձ փողոցում չեն կանգնեցնի ու չեն վիրավորի»

Հայաստանի լավագույն ու աշխարհի ուժեղագույն շախմատիստներից Լեւոն Արոնյանն է Mediamax Sport-ի զրուցակիցը: ԱՄՆ մեկնելուց առաջ նա ծավալուն հարցազրույց է տվել ու խոսել մի շարք կարեւոր հարցերի մասին:

- Լեւոն, Հայաստանը թողնելու որոշումն ինչպե՞ս տրվեց քեզ, ե՞րբ վերջնականապես հասկացար, որ տեղափոխվելու ես ԱՄՆ:


-Ամեն ինչ աստիճանաբար կուտակվում էր, այնպես չէ, որ միանգամից որոշեցի: 2018 թվականի հեղափոխությունից հետո շատ բան փոխվեց, չգիտես ինչու ինձ սկսեցին որպես քաղաքական գործչի վերաբերվել: Տարբեր մարդիկ գրում էին ու ասում, թե ինչ պետք է անեմ, փողոցում հետեւիցս գոռում էին, անպատվում, Ֆեյսբուքում էի նամակներ ստանում: Ինձ կապում էին Սերժ Սարգսյանի հետ, ու դա շատ տհաճ էր: Մի քանի մարդու մասին չէ խոսքը, նրանք շատ էին: Զգում էի իմ նկատմամբ վերաբերմունքի փոփոխություն, բազմաթիվ մարդկանց եմ ճանաչում, որոնց հետ ամբողջ կյանքում շփվել էի, բայց նրանք ինձ տեսնելիս շրջվում էին:

- Բայց չէ՞ որ կառավարությունը որոշեց քեզ աջակցություն ցույց տալ ու գումար հատկացրեց:

- Հեղափոխությունից հետո ձեւավորված կառավարությունում ծանոթներ ունեի, որոնց հետ օգնականս կապվեց ու ներկայացրեց իմ խնդիրները, թե ինչ է պետք հաջողության հասնելու համար: Այդ ժամանակ էլ որոշեցին ինձ 3 տարի աջակցել: Բայց պրոֆեսիոնալ մարզիկը չի կարող կոնկրետ ժամանակ նշել, թե երբ կհասնի իր նպատակին: Կարող ես աշխատել ու պարապել, եւ արդյունքը միանգամից լինի, բայց ես ուզում էի էվոլյուցիա ապրել: 1 տարի օգտվեցի պետական գումարից, վարձեցի լավագույն մարզիչներին ու սպասում էի, որ հաջորդ տարի արդյունքներն արդեն կերեւան: Բայց 2019-ին այլեւս ֆինանսավորում չեղավ:

- Դու այդ ընթացքում տարբեր հանդիպումներ ունեցար, նախագահ Արմեն Սարգսյանի հետ էլ խոսեցիր: Ի՞նչ հարցեր էին շոշափվում դրանց ընթացքում:

- Փորձում էի այդ հանդիպումների ժամանակ տարրական բաներ ասել, շեշտել, որ ես քաղաքական գործիչ չեմ: Ինչքան էլ տարբեր մարդկանց հետ լավ հարաբերություններ ունենամ, նախ ներկայացնում եմ իմ երկիրն ու հայրենիքը: Չեմ մտածում, եթե երկրի ղեկավարն այս մարդն է՝ պիտի լավ խաղամ, կամ եթե փոխվեց՝ պարտվեմ:

- Բայց առաջին հերթին ինքդ քեզ ես ներկայացնում ու որպես թոփ շախմատիստ նաեւ քո հեղինակությունն է շատ կարեւոր:

-Իհարկե, ինքս իմ առաջ էլ պարտավորություններ ունեմ: Հավատում եմ, որ ինձ ի վերուստ տաղանդ է տրվել, այն պետք է օգտագործեմ եւ ամեն ինչ անեմ, որ հասնեմ նպատակիս: Իմ կարծիքով՝ ամեն մարդ առաջին հերթին իր համար պետք է գործի, հետո ազգի ու երկրի: Ես չեմ հավատում գլոբալիզմին, քոնը պետք է առաջ տանես: Չեմ կարող ամբողջ օրը նստել ու դարդ անել, պետք է գործեմ, այլ տարբերակ չկա: Եթե սկսեմ բողոքել, քաղաքական գործիչ կդառնամ: Բացատրել եմ, որ նպատակներիս հասնել չեմ կարող, եթե իմ նկատմամբ հարգանք ու ֆինանսական աջակցություն չլինի: Ու ասեմ, որ հարգանքն ինձ համար ավելի կարեւոր է, սիրված զգալը ոչնչի հետ չի համեմատվի: Շատ է եղել, որ որեւէ բժիշկ կամ այլ մասնագետ խոստովանել է, որ իմ խաղն իրեն դուր է գալիս ու ցանկանում է օգտակար լինել: Նման պահերին էմոցիաներով ես լցվում, իսկ երբ տեսնում ես, որ ամեն պարտությանդ համար մարդիկ ուրախանում են ու քեզ «հին» համարում, զգում ես, որ չես կարող երկիրդ լիարժեք ներկայացնել: Չեմ հավատում, որ մեր ազգն այդպիսին է, բայց այդ մի մասից եմ ուզում փախչել:

- Այնքան ցավալի է, որ այդ մասը կարողանում է իր նպատակին հասնել: Հայաստանում քիչ չեն նաեւ նրանք, ովքեր հպարտանում են քո ու մեր հավաքականի նվաճումներով եւ միշտ էլ հիշելու են այդ մասին:

- Ես համոզված եմ դրանում, բայց ախր մյուսների հետ եմ հիմնականում առնչվում: Գնում եմ հանդիպման ու նկատում, որ ինձ լուրջ չեն վերաբերվում նրանք, ովքեր պարտավոր են այդպես անել: Ես ոչ մի խնդիր չունեմ, իմ ներքին աշխարհը շատ պաշտպանված է, պարզապես փորձում եմ բացասական էներգիայից հեռու լինել: Շատ աշխատանք ունեմ, չեմ կարող այդ ամենի հետ պայքարել, քանի որ դա անելու համար պետք է թողնեմ շախմատը: Շատ կուզենայի աշխարհը փոխել, բայց չեմ կարծում, որ դա է իմ ծնվելու իմաստը: Իմ առաքելությունը շախմատում եմ տեսնում:

- Եթե 2019 թվականից ես նկատել քո նկատմամբ վերաբերմունքի փոփոխություն, ինչո՞ւ այսքան սպասեցիր: Հավատո՞ւմ էիր, որ դեռ որեւէ բան կփոխվի:

- Տարիներ շարունակ ինձ առաջարկել են ներկայացնել ԱՄՆ-ը, իսկ ես միշտ ոչ եմ ասել, մտածել, որ նման քայլի հաստատ չեմ դիմի: Բայց եկավ մի պահ, երբ հասկացա, որ միայնակ չեմ կարող մեծ հաջողությունների հասնել: Ինձ թիմ է պետք, հակառակ դեպքում սկսում ես նահանջել ու ուժեղների հետեւից չհասնել:

- Եթե ցանկանում ես բարձր մակարդակի վրա մնալ, թիմը պարտադիր է, հատկապես, երբ տեսնում ես, թե որքան մեծ «բանակ» ունի աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը կամ մյուս ուժեղ խաղացողները:

- Ես չեմ ամաչում գումարի պահը շեշտել: Կարո՞ղ է դրանք վերցնում եմ ու գնում քեֆ անելու: Ինձ ու իմ հանգիստն եմ զոհաբերում: Եթե ներքուստ ազգիս նկատմամբ պարտք չունենայի, կգնայի հանգիստ Գառնիում իմ հողատարածքում տուն կսարքեի ու այնտեղ կապրեի, Իսպանիայում օվկիանոսի ափին իմ բնակարանում կամ էլ Բեռլինի տանս: Լավագույն տասնյակում շատ հանգիստ երկար տարիներ կմնայի: Եթե ոչ մի ամբիցիա չունենայի, շատ հանգիստ ու համերաշխ կյանքով կապրեի: Այս ամենն անում եմ իմ ներքին հանգստության հետ կոնֆլիկտի գնալով: Ծիծաղելի է, երբ մարդիկ ասում են, որ այդ ամենը գումարի համար է, ես դրանից կրկնակի ավել եմ վաստակում: Այդ գումարն ինձ պետք է, որ կարողանամ հանգիստ աշխատել:

- Շատ կարեւոր է, որ քեզ նման ճանաչում ունեցող մարզիկը բարձրաձայնի նման խնդիրների մասին, որ պետությունն էլ հասկանա մարզիկների նկատմամբ ունեցած պարտավորությունները:

- Իհարկե, պետք է խոսել այդ մասին: Ինձ ասում են՝ Տիգրան Պետրոսյանն էլ գումարներ չէր ստանում ու շատ լավ էր խաղում: Նա իր թիկունքում ուներ ԽՍՀՄ-ի պես երկիր, որն իր բոլոր հարցերը լուծում էր, դա ուրիշ առավելություն էր:

- Բայց ներկայիս շախմատն ու պահանջները գումարային առումով արդեն համեմատելի չեն Պետրոսյանի ժամանակների հետ:

- Տեխնիկայի հետ կապված մի բան պատմեմ: 2016 թվականին տղաների հետ Կարուանայի ու Կարլսենի պարտիաներն էինք նայում ու չէինք հասկանում՝ ինչ է կատարվում, այս ինչ շախմատ են խաղում, ինչ լուծումներ են գտել: Հետո, երբ հնարավորություն ունեցա ուժեղագույն համակարգիչներից օգտվելու, հասկացա, որ պարզապես ծրագրի ասածով էին գործում: Մենք այդ առաջընթացից հետ էինք մնացել: Նույնն է, որ «Ֆորմուլա 1»-ի վարողի հետ «Զապարոժեցով» մրցես ու մտածես, թե ինչու նա այդքան առաջ անցավ: Մենք պայքարում ենք այդ մարդկանց հետ՝ չունենալով նրանց հնարավորությունները:

- Լեւոն, իսկ այդ պայմանները չե՞ս ունեցել նաեւ մինչեւ 2018 թվականը:

- Աջակցությունն աստիճանաբար պակասում էր: Չնայած շատ է եղել, որ ինձ օգնել են:

-Հայաստանի շախմատի ֆեդերացիան չունի՞ իր մեղքի բաժինը, որ քեզ պահել չկարողացավ: Սերժ Սարգսյանը պատմել է, որ փորձել է քեզ համոզել մնալ ու խոստացել է գումար գտնել:

- Խոսակցություն մեր միջեւ տեղի է ունեցել, բայց, կարծում եմ, ֆեդերացիան իր հնարավորությունների չափով անում է հնարավորինը: Այն բավականաչափ գումար չունի, ֆեդերացիայում էլ միշտ ինտրիգներ են լինում: Հարցն իրականում ֆինանսը չի, ուզում եմ մի քիչ կտրվել ամեն ինչից, որ կարողանամ աշխատել: Ինձ հարգանք է պետք, որ լինեմ մի երկրում, որտեղ ինձ փողոցում չեն կանգնեցնի ու չեն վիրավորի:

- Բայց այստեղ ունես նաեւ այն լավ վերաբերմունքն ու սերը, որը հաստատ ԱՄՆ-ում չի լինի:

- Էմոցիաներն ինձ շատ են խանգարում: Ինձ շատ են վիրավորում Երեւանի ֆեդերացիայից հնչող կարծիքները, որ ոչնչի արժանի չեմ: Իրականում շատ տհաճ է, որ երիտասարդությանն իմ դեմ էին տրամադրում, ասելով, եթե այդ գումարներն ինձ չհատկացվեն, իրենց կմնան: Լեգենդար մի մարդ, որին ես շատ լավ գիտեմ ու հարգել եմ, առաջարկել է ինձ զրկել աջակցությունից, քանի որ, նրա կարծիքով, դա սխալ է:

Ընկերներս են զանգել ու տեղեկացրել, որ իմ դեմ նման բան է կազմակերպվում, ու որեւէ քայլ ձեռնարկեմ: Բայց ինչո՞ւ մտնեմ ինտրիգների մեջ: Գուցե այդ մարդուն երիտասարդ տարիքում չեն աջակցել ու շատ ուժեղ շախմատիստ չի դարձել, բայց ես ինչո՞վ եմ մեղավոր դրանում:

- Քո նկատմամբ ոչ բարյացակամ վերաբերմունք էլի է եղել, այդ մասին մայրիկդ էլ է գրել իր գրքում: Սմբատ Լպուտյանին էլ հարցրել ենք, թե ինչո՞ւ են իրեն մեղադրել քեզ հետ վատ վարվելու համար:

- Լպուտյանի հետ խնդիրներ չունեմ: Ամեն ինչ կարող ես տարբեր կերպ տեսնել: Շատ է լինում, որ մարդիկ ասում են՝ իր համար դժվարություններ եմ ստեղծել, որ ամրանա, կամ էլ թողնի սպորտը (ծիծաղում է – հեղ․): Ես չեմ կիսում Լպուտյանի շախմատային տեսությունը, թե մարզաձեւն ինչպես պետք է զարգանա, բայց հարգում եմ իրեն:

-Երեւանի ու Հայաստանի շախմատի ֆեդերացիաների միջեւ կոնֆլիկտն ինչպե՞ս վնասեց խաղացողներին:

- Ինձ համար շատ ցավալի էր, այդ կոնֆլիկտը խառնեց շախմատիստներին: Ֆեդերացիան միշտ ընտանիք էր, պարզ է՝ սխալ բաներ էլ են եղել, բայց միշտ բարձրաձայնել ենք դրանց մասին: Հեղափոխությունից հետո հների ու նորերի բաժանում եղավ, դա վատ անդրադարձավ նաեւ շախմատի վրա: Ես երբեք չեմ բարձրաձայնել մարդկանց արարքները, բայց սկսել եմ մի քանիսին չբարեւել:

- Լեւոն, իսկ անուններ չե՞ս նշի:

- Չէ, անիմաստ է, կարեւորը՝ իրենք գիտեն՝ ում նկատի ունեմ: Չեմ կարծում, որ գիշերները կարողանում են քնել: Նրանց նախկինում հարգում էի, բայց իմ ընկերները չէին:

- Ֆեդերացիայի բացթողումների մասին խոսենք: Չե՞ս կարծում, որ Սերժ Սարգսյանն էլ որոշակի պահերի ճիշտ ու կոշտ դիրքորոշում չունեցավ, որո՞նք էին նրա բացթողումները:

- Դե, դժվար է ու անվերահսկելի, երբ բնագավառիդ հաջողությունները քչանում են: Մեր վերջին ձեռքբերումը 2017 թվականին իմ նվաճած Աշխարհի գավաթն էր: Իր սխալները շախմատի զարգացման մեջ են: Սարգսյանն էլ Լպուտյանի պես հավատում է, որ շախմատի համար կարեւորը մասսայականացնելն է: Դա անելու համար մենք այդքան վարպետներ չունենք: Մասսայականացնելը լավ է, եթե ճիշտ ես անում:

- Վերջին տարիներին շախմատն արագ է զարգանում, մենք հասցնո՞ւմ ենք դրա հետեւից:

- Բարեփոխումներ են պետք: Ես այդ ամենի մեջ եմ ու տղաներին միշտ ասում եմ, որ պետք է ձգտեն զարգանալ, չբավարարվեն եղածով: Մի 3 տարի առաջ կարող էիր շատ նեղ խաղացանկ ունենալ, հիմա դրանով ոչինչ չի ստացվի: Պարզ է, որ դժվար է, ու պարտություններ էլ կլինեն, բայց դա իրենց ապագայի համար ներդրում կլինի:

- ԱՄՆ տեղափոխվելու քո առաջնային նպատակներից մեկն աշխարհի չեմպիոնի կոչման համար պայքարելն է: Ինչի՞ց ես այնտեղ սկսելու:

- Ամենաուշն օգոստոսին կտեղափոխվեմ Սենթ Լուիս: Շատ լավ մարզիչներ եմ ունենալու, համաշխարհային անուններ կլինեն, ինչպես եւ պլանավորել էի: Թիմս դեռ ձեւավորման փուլում է: Այնտեղ լիովին կտրվեմ իմ աշխատանքին: Չեմպիոն դառնալու շանսերիս մասին չեմ մտածում, մի բան գիտեմ հաստատ, որ եթե այս քայլին չգնայի՝ ինձ չէի ների, որ չարեցի դա ոչ միայն ինձ, այլեւ ազգիս համար: Նման բացառիկ շանս է տրվել ինձ, որը մեր ազգը կարող է շատ երկար տարիներ չունենալ: Չեմ ասում, որ միանգամից չեմպիոն եմ դառնալու, բայց գոնե փորձելու եմ: Էներգիաս տեղն է, ձգտումս՝ նույնպես:

- Լեւոն, ինչո՞ւ սկսվեց քո դեմ այդպիսի պայքար տարվել:

- Որովհետեւ իրենք կարծում են, որ ես պետության դեմ եմ խոսում, բայց դա այդպես չէ: Ես փաստերն եմ ներկայացնում, որոնք կան մեր շախմատում, իրավունք չունե՞մ ասել այդ ամենը: Սովորական մարդկանց բացասական վերաբերմունքն ինչ-որ տեղ հասկանում եմ, որովհետեւ իմ արտահայտած մտքերի 98 տոկոսը կոնտեքստից հանված է ներկայացվում ԶԼՄ-ներում: Պարզ է, որ նման մանիպուլյացիայի շնորհիվ մարդիկ սխալ կարծիք են ձեւավորում:

- Քո տարածած հաղորդագրության մեջ ասել էիր, որ հանդիպել ես Նիկոլ Փաշինյանի հետ: Ե՞րբ է դա եղել եւ ո՞վ էր նախաձեռնել:

- Բնականաբար, իրենք շահագրգռված չէին այդ հանդիպման կայացմամբ: 2019 թվականն էր, դժվար է կառավարության հետ ուղիղ կապի դուրս գալը, ու ես ծանոթ գտա: Շատ խիստ տոնով տեղեկացրին, որ այդ հանդիպումը տեւելու է 15 րոպեից ոչ ավել: Ճիշտն ասած, ես այլ բան էի սպասում: Երբ քո երկրի համար շատ գործ ես արած լինում ու հանդիպում ես երկրի ղեկավարին, գոնե մեկ համատեղ լուսանկար արվում է: Բայց մեր մեջ շատ տարօրինակ ու ոչ պաշտոնական հանդիպում եղավ, Փաշինյանը խոսք տվեց, որ աջակցությունը կրկին կշարունակվի: Ապա եղան անսահման հանդիպումներ Արայիկ Հարությունյանի հետ: Ես իրեն չեմ ճանաչում, բայց լավ եմ վերաբերվում, նա գոնե ուզում էր ինձ լսել: Բայց ոչինչ այդպես էլ չփոխվեց:

-Իսկ քո կայացրած որոշումից հետո որեւէ պետական պաշտոնյա փորձե՞լ է խոսել քեզ հետ:

- ԿԳՄՍ փոխնախարար Կարեն Գիլոյանը զանգեց, բայց նա դեռ նոր էր իր պաշտոնը ստանձնել: Մենք երկար տարիներ ճանաչում ենք իրար, ընկերական զրուցեցինք, հարցրեց, թե որեւէ շանս կա՞ որոշումս փոխելու: Հետո Արայիկ Հարությունյանը կապ հաստատեց, ասաց, որ կառավարությունն ուզում է իրենց երկու րոպե տրամադրեմ, բայց ինձ հարմար չէր, որովհետեւ մրցաշարի էի մասնակցում, բացի այդ էլ որոշումս փոփոխման ենթակա չէր:

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում: