Ներքին 5 տարի առաջ - 11:55 06-05-2021

Ուսումնական հաստատության տնօրենի ընտրության կարգում փոփոխություն կատարելու մասին նոր նախագիծը ներկայացված է հանրային քննարկման

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական պետական ուսումնական հաստատության տնօրենի ընտրության կարգում փոփոխություն կատարելու մասին նախագիծ:

Առաջարկվում են մի շարք էական խմբագրումներ` սկսած թափուր տեղի համալրման ժամկետներից մինչև տնօրենի ընտրության կազմակերպման և հաղթող ճանաչելու գործընթացները: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունը։

Նախագծով սահմանվել է նոր մոտեցում, որով նախատեսվում է, որ մրցույթի արդյունքում հաղթող է ճանաչվում այն հավակնորդը, ով հավաքել է խորհրդի անդամների ընդհանուր թվի մեծամասնության կողմ ձայներ:

Առաջարկվող նոր կարգավորմամբ քոլեջի և ուսումնարանի տնօրենի աշխատանքային պայմանագրի ժամկետը լրանալուց առնվազն երեք ամիս առաջ հրապարակվում է հաստատության տնօրենի մրցույթի վերաբերյալ հայտարարությունը:

Այլ հանգամանքներով պայմանավորված՝ տնօրենի թափուր տեղ առաջանալու դեպքում մրցույթը հայտարարվում է երեք ամսվա ընթացքում: Այս դեպքում տվյալ հաստատության տնօրենի տեղակալը կարող է նշանակվել տնօրենի պարտականությունները կատարող: Կարող է նշանակվել նաև տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար, եթե նշանակվող անձն ունի հավաստագիր:

Ներկայում գործող կարգով ժամկետներ սահմանված չեն. տնօրենի թափուր տեղի համալրման մրցույթը հայտարարվում է միայն տնօրենի պաշտոնը թափուր դառնալուց հետո: Առաջարկվող կարգավորումը հնարավորություն կընձեռի մինչև թափուր տեղ առաջանալն ընտրել նոր տնօրեն և խուսափել ժամանակավոր պաշտոնակատար նշանակելու գործելաոճից:

Մեկ այլ փոփոխությամբ հավակնորդների գործերի ընդունման համար ժամկետ է սահմանվել 15 աշխատանքային օր` նախկին 30 օրվա փոխարեն: Այդ ժամկետը կարող է երկարացվել ևս 15 աշխատանքային օր, եթե հայտարարված ժամկետում հայտեր չեն ներկայացվում: Երկարաձգված ժամանակահատվածում դիմող չլինելու դեպքում հայտարարվում է նոր մրցույթ` առավելագույնը մեկ ամսվա ընթացքում:

Նախագծով սահմանվել է հայտարարության ձև, որում հստակ նշվում են տնօրենի պաշտոնի թափուր տեղը զբաղեցնելու համար պարտադիր պահանջները և անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը, որոնք հավակնորդը պետք է ներկայացնի լիազոր մարմին:

Առաջարկվող հիմնական փոփոխությամբ հավակնորդը փաստաթղթերը կարող է ներկայացնել նաև էլեկտրոնային եղանակով, ինչպես նաև հնարավորություն է ընձեռված պակաս փաստաթղթերը համալրել մինչև հայտարարությամբ նախանշված ընդունման վերջին օրը: Մրցույթն անցկացվում է փաստաթղթերի ընդունման ավարտից հետո` յոթերորդ աշխատանքային օրը:

Նոր նախագծով սահմանվել է զանգվածային լրատվության միջոցների և հասարակական կազմակերպությունների մասնակցությունը։ Գրանցված դիտորդները պարտավոր են մրցույթն սկսվելուց առնվազն 20 րոպե առաջ ներկայանալ մրցույթի անցկացման վայր՝ խորհրդի նախագահին ներկայացնելով անձը հաստատող փաստաթուղթ և լիազոր մարմնի թույլտվությունը:

Նախագծով սահմանվել է, որ տնօրենի մրցույթի հայտարարումից հետո խորհրդի անդամների փոփոխություն չի կատարվելու: Գործող կարգով այս սահմանափակումը չկա:

Հիշեցնենք, որ նախագծի վերաբերյալ շահագրգիռ անձինք և կազմակերպություններն իրենց դիտողություններն ու առաջարկները կարող են ներկայացնել մինչև 2021 թվականի մայիսի 21-ը:

Ամենից շատ դիտված

13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
08:01 Թրամփը բացատրել է ՌԴ-ի դեմ «դժոխային պատժամիջոցներից» հրաժարվելու պատճառը
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան

Ձեզ գուցե հետաքրքրի