Քնար Մանուկյանի տեղեկություններով՝ իրավապահները մտել են գործարար Նարեկ Նալբանդյանի տուն և խուզարկություն իրականացրել
Ըստ նախնական տեղեկությունների՝ խուզարկությունն իրականացվել է «Բոնուս» սուպերմարկետների սեփականատիրոջ ինքնասպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում։
Ավելին, իրավապահ համակարգի իմ աղբյուրները հայտնեցին,որ խուզարկությունն իրականացվել է օրեր առաջ։
Նկատենք, որ ինքնասպան եղած «Բոնուս» սուպերմարկետների ցանցի հիմնադիր տնօրեն Անդրանիկ Մուրադյանի աներձագը՝ Արշավիր Հարությունյանը, ավելի վաղ մանրամասներ էր պատմել իրենց բիզնեսի շուրջ ստեղծված իրավիճակի մասին։ Վերջինս կոնկրետ անուններ էր հնչեցրել՝ նշելով, թե որոշ անձինք ինչ իրավիճակի են հասցրել իրենց։
Մասնավորապես, «Բոնուս» սուպերմարկետների ցանցի հիմնադիրներից Արշավիր Հարությունյանը նշել էր «Սպայկա» ընկերության հիմնադիր Դավիթ Ղազարյանի և գործարար Նարեկ Նալբանդյանի անունները։ Իսկ վերջիններս հերքել էին ինքնասպան եղած գործարարի հարազատների հայտարարությունները։
Այս դեպքերից ամիսներ անց, քրեական վարույթի շրջանակում, դատախազը քրեական հետապնդում էր հարուցել երկու խոշոր գործարարների՝ Նարեկ Նալբանդյանի և Դավիթ Ղազարյանի նկատմամբ։
Գլխավոր դատախազությունից հայտնել էին, որ Նարեկ Նալբանդյանի նկատմամբ քրեական հետապնդումը հարուցվել է առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս պատճառելու նպատակով հակամրցակցային գործունեության, իսկ Դավիթ Ղազարյանի նկատմամբ՝ առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս պատճառելու նպատակով հակամրցակցային գործունեության և առանձնապես խոշոր չափերով շորթման համար։
Թե կոնկրետ որ ոլորտում և ինչ հակամրցակցային գործունեություն են ծավալել գործարարները, դատախազությունը չէր բացահայտել։
Նշենք, որ հակամրցակցային գործունեության հոդվածով նախատեսված է 3-6 տարվա ազատազրկում, իսկ խոշոր չափերով շորթման համար՝ 6-12 տարվա ազատազրկում։
Հավելենք, որ Նարեկ Նալբանդյանին է պատկանում «88» սուպերմարկետների ցանցը, ինչպես նաև բազմաթիվ այլ բիզնեսներ։