Լուիզիանա նահանգ Լաֆայետ քաղաքում մարդատար գնացքը բախվել է բեռնատարի, ինչի հետևանքով ռելսերից դուրս է եկել երկու վագոն։ Այս մասին հայտնել է տարածաշրջանային KLFY հեռուստաընկերությունը՝ հղում անելով ոստիկանությանը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Միջադեպը տեղի է ունեցել կիրակի օրը՝ տեղական ժամանակով ժամը 18:05-ին (երկուշաբթի՝ Երևանի ժամանակով 04:05-ին)։ Բուլդոզեր տեղափոխող բեռնատարը շարժիչի խափանման պատճառով կանգ է առել երկաթուղային անցումի վրա։ Մեքենավարը գործարկել է արտակարգ արգելակման համակարգը, սակայն բախումից խուսափել չի հաջողվել։
Գնացքում գտնվել է գրեթե 100 ուղևոր։ Ռելսերից դուրս են եկել առաջին երկու վագոնները։
Հեռուստաալիքը չի հստակեցնում, թե արդյոք խոսքը միայն լոկոմոտիվի, թե նաև մարդատար վագոնների մասին է։ Միջադեպի հետևանքով տուժել է չորս մարդ, նրանց կյանքին վտանգ չի սպառնում։