«Մարդը տարիներ շարունակ քաղաքացիներին խաբում է, գումարները վերցնում, ավտոմեքենաները չի տրամադրում, իսկ իրավապահ համակարգը որևէ գործուն քայլ չի ձեռնարկում»։ Այս մասին
Oragir.News-ի հետ զրույցում ասել է բլոգեր Դավիթ Մարտիրոսյանը՝ բարձրաձայնելով ավտոներկրման ոլորտում խաբեության և տուժածների իրավունքների պաշտպանության խնդիրը։
Նրա խոսքով՝ մի շարք ավտոներկրող կազմակերպություններ հաճախորդներից գումարներ են վերցնում, սակայն խոստացված ավտոմեքենաները չեն տրամադրում, իսկ տուժած քաղաքացիների դիմումներն ու հարուցված քրեական գործերը տարիներ շարունակ պատշաճ ընթացք չեն ստանում։ Մարտիրոսյանը, մասնավորապես, նշել է ABC Group, Electromobile և ImportAuto կազմակերպությունների անունները՝ պնդելով, որ դրանց գործունեության հետևանքով քաղաքացիներ են տուժել։
Բլոգերի խոսքով՝ հատկապես մտահոգիչ է նաև այն հանգամանքը, որ որոշ տուժածներ դատական կարգով հասել են իրենց պահանջների բավարարմանը, սակայն մինչ օրս չեն ստացել իրենց գումարները։
Մարտիրոսյանի պնդմամբ՝ խնդիրը միայն նախկին դեպքերով չի սահմանափակվում․ քաղաքացիների բողոքներ են եղել նաև 2026 թվականին։ Նա ներկայացրել է նաև ImportAuto-ի հետ կապված մի դեպք, երբ քաղաքացին ավտոմեքենա ձեռք բերելու նպատակով բանկի միջոցով լիզինգային գործարք է իրականացրել, սակայն մեքենան չի ստացել, իսկ գումարը վերադարձված չէ։ Արդյունքում, նրա խոսքով, քաղաքացին ստիպված է բանկի առաջ կրել ֆինանսական պարտավորությունը՝ չունենալով անգամ ձեռք բերած մեքենան։
«Ինչպե՞ս է հնարավոր, որ քրեական գործեր հարուցված լինեն, դատական վճիռներ լինեն, բայց այդ մարդիկ շարունակեն նույն գործունեությունը»,– հարց է բարձրացնում Մարտիրոսյանը՝ հավելելով, որ տուժածները տարիներ շարունակ սպասում են իրենց գումարների վերադարձին և արդարության վերականգնմանը։
Նա իրավապահ մարմիններից պահանջում է պարզաբանել, թե ինչու դատական վճիռներից և քրեական գործերի հարուցումից հետո էլ խնդրահարույց գործունեությունը չի կանխվում, իսկ տուժած քաղաքացիները շարունակում են մնալ առանց փոխհատուցման։