Արտաքին 14 ժամ առաջ - 22:26 20-11-2026

Իսրայելի զինուժը հրետակոծել է Լիբանանի հարավում գտնվող 5 բնակավայր

Իսրայելի բանակի հրետանին օրվա երկրորդ կեսին կրակ է բացել Լիբանանի հարավում գտնվող հինգ բնակավայրերի ուղղությամբ, որոնք համարվում են «Հեզբոլլահ» շիական կազմակերպության հենակետերը։

Այս մասին հայտնում է Al-Markaziya գործակալությունը։

Գործակալության տեղեկություններով՝ հրետակոծության են ենթարկվել Նաբաթիե նահանգում՝ Լիտանի գետից հյուսիս գտնվող Բանի Հայան, Զաութար աշ Շարկիա, Մայֆադուն, Սարբին և Էլ Ղանդուրիա բնակավայրերը։

Հրետանային և գնդացրային կրակ է արձակվել նաև Ալի էթ Թահեր լեռնային շրջանի ուղղությամբ, որտեղ նկատվել է իսլամական դիմադրության մարտիկների տեղաշարժ։
Ավելի վաղ իսրայելական ռազմաօդային ուժերը երկու հարված էին հասցրել Քֆար Թիբնիտ քաղաքին։ Հարձակման հետևանքների և հնարավոր զոհերի մասին տեղեկություններ չեն հաղորդվում։

Գործակալության փոխանցմամբ՝ Իսրայելի ռազմական գործողությունները չեն սահմանափակվում Լիբանանի հարավային շրջաններով։ Նոյեմբերի 19-ին իսրայելական ինքնաթիռները հարվածներ էին հասցրել երկրի արևելքում՝ Սիրիայի սահմանի մոտ գտնվող Ջանտա, Նաբի Շիթ, Էշ Շաարա և Յահֆուֆա լեռնային շրջաններին։

Իսրայելի զինվորականների հայտարարության համաձայն՝ ոչնչացվել են ստորգետնյա օբյեկտներ, որոնք «Հեզբոլլահն» օգտագործել է հրթիռների արտադրության և պահպանման համար։