Shamshyan.com-ը գրում է․ Արդեն մի քանի օր է՝ Երևան քաղաքի Դավիթ Բեկի փողոցում ճանապարհի նստվածքի պատճառով նշված հատվածում երթևեկությունը վերածվում է «աջաբսանդալի», քանի որ առաջացած փոսի պատճառով ավտոմեքենաները փորձում են խույս տալ, որոշ դեպքերում էլ վարորդները դուրս են գալիս հանդիպակաց երթևեկելի գոտի՝ խոչընդոտ ստեղծելով մյուս տրանսպորտային միջոցների վարորդների համար, իսկ դրա համար մեծ թվով քաղաքացիներ սոցիալական ցանցերում քննադատում են «Վեոլիա ջրին», Երևանի քաղաքապետարանին ու Էրեբունի վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմին։
Այսօր՝ նոյեմբերի 20-ին, ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվում է, որ նշված կառույցներին այս դեպքում մեղադրելն արդարացի չէ։
Այդ փոսի «կնքահայրը» ինչ-որ անհատ է, ով տարիներ առաջ գաղտագողի նշված հատվածով ջրախողովակ է անցկացրել և աշխատանքները կատարել է փնթի՝ չպահպանելով անվտանգության ոչ մի կանոն, նույնիսկ չի ունեցել թույլտվություն։
Սակայն օգտվելով տարիներ առաջ տիրող խառը իրավիճակից, իր գործն առաջ է տարել, ու սա առաջին դեպքը չէ, որ նման իրավիճակներ են ստեղծվում մայրաքաղաքում։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ այս ամենից հետո Երևանի քաղաքապետարանն ու Էրեբունի վարչական շրջանի ղեկավար Հակոբ Բալայանի աշխատակազմը առաջիկա օրերին ճանապարհի այդ հատվածի փոսը վերացնելու են, պատելու են խճաքարով, իսկ հետո ասֆալտապատեն։
Մնում է այդ «վայ» քաղաքացին նորից ինքնագլուխ չփորձի գործողություններ կատարել, հակառակ դեպքում ճիշտ կլինի նրա ու նրա նմանների նկատմամբ վարչական վարույթ կազմվի, ու ինչպես ժողովուրդն է ասում՝ երբ քիթն առնի գետնին, կհասկանա, որ նման ձևով ճանապարհը չեն ավիրում, իսկ հետո մեղավորության սլաքներն ուղղում քաղաքապետարանի, թաղապետարանների կամ «Վեոլիա ջրի» ուղղությամբ։
Մանրամասները՝
shamshyan.com կայքում։