Ֆրանսիայում կյանքի թանկացման և իշխանությունների գործողությունների դեմ զանգվածային բողոքի ցույցերը մի շարք քաղաքներում ավարտվել են բախումներով։
Փարիզում ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել և մի քանի անգամ ուժով ցրել ցուցարարներին, Բորդոյում ակցիաների մասնակիցներն այրել են աղբամանները և դրանք օգտագործել որպես բարիկադներ, Լիոնում հարձակման է ենթարկվել BFMTV հեռուստաալիքի նկարահանող խումբը։
Ֆրանսիայի ՆԳՆ տվյալներով՝ տեղի ժամանակով ժամը 17։00-ի դրությամբ ամբողջ երկրում ձերբակալվել է 121 մարդ։
Փարիզում լարվածությունը սրվել է Ազգի հրապարակում, որտեղ ավարտվում էր երթը։
Le Figaro թերթի տվյալներով՝ որոշ մասնակիցներ տարբեր առարկաներ են նետել ոստիկանների ուղղությամբ, ինչից հետո իրավապահներն արցունքաբեր գազ են կիրառել և մի քանի անգամ հարձակողական գործողություններ իրականացրել։ Ծուխը խուճապ է առաջացրել ցուցարարների շրջանում։ Միաժամանակ, ոստիկանությունը հայտնել է, որ երթի մասնակիցների հիմնական մասը հրապարակ է հասել առանց լուրջ միջադեպերի։
Բորդոյում բախումներ են տեղի ունեցել, մասնավորապես, Հաղթանակի հրապարակում։ Ուժայիններն արցունքաբեր գազ են կիրառել, այրվող աղբամաններն օգտագործվել են որպես բարիկադներ։
Լիոնում մի խումբ ցուցարարներ հարձակվել են BFMTV-ի նկարահանող խմբի վրա, որի կազմում եղել են երկու լրագրող և անվտանգության երկու աշխատակից։
Ռոն դեպարտամենտի պրեֆեկտուրայի տվյալներով՝ ակցիայի մասնակիցները հարձակվել են նրանց վրա, ինչից հետո ոստիկանությունը միջամտել է՝ լրագրողներին պաշտպանելու համար։ Աշխատակիցներից մեկը մի քանի հարված է ստացել, տեսախցիկը կոտրել են, ապա՝ գողացել։
Նանտում ժամը 17։35-ի դրությամբ իրավապահները ձերբակալել են 52 մարդու, հայտնել է Լուար Ատլանտիկ դեպարտամենտի պրեֆեկտուրան։ Փարիզում, դատախազության տվյալներով, ձերբակալվել է արական սեռի 22 անձ, այդ թվում՝ երեք անչափահաս։ Ձերբակալությունների հիմքերի թվում նշվել են ապօրինի զենք կրելը, վիրավորանքները և ցույցերին մասնակցելու կամ որոշակի վայրեր այցելելու արգելքների խախտումը։
Ընդհանուր առմամբ, ՆԳՆ տվյալներով, ամբողջ երկրում բողոքի ցույցերին մասնակցել է 106 հազար մարդ, որոնցից 24 հազարը՝ Փարիզում։ Երիտասարդական միջարհմիութենական դաշինքը մասնակիցների թիվը զգալիորեն ավելի բարձր է գնահատել՝ 200 հազար ամբողջ երկրում և գրեթե 100 հազար՝ մայրաքաղաքում։
Շաբաթ օրը Ֆրանսիայում ավելի քան 60 երթ է անցկացվել։
Փարիզում միավորվել են բողոքի մի քանի շարժումներ՝ ընդդեմ կյանքի թանկության, ոստիկանության և ժանդարմերիայի կողմից զենքի կիրառման իրավաչափության կանխավարկածի մասին օրինագծի, ինչպես նաև երեխաների նկատմամբ բռնության դեմ երթի մասնակիցները։ Անվտանգությունն ապահովելու համար իշխանությունները ներգրավել են շուրջ 70 հազար ոստիկան և ժանդարմ։