Մեծ Բրիտանիայի զինված ուժերի ղեկավար Ռիչարդ Նայթոնը Financial Times-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ երկիրը հետ է մնում եվրոպացի դաշնակիցներից՝ Ռուսաստանից բխող աճող սպառնալիքին դիմակայելու հարցում։
Ըստ նրա, Մոսկվան գնալով ավելի պատրաստակամ է ռիսկի դիմելու, իսկ Եվրոպայում Ռուսաստանի ենթադրյալ գործողությունների մասշտաբներն այլևս թույլ չեն տալիս սահմանափակվել «հիբրիդային գործունեություն» հասկացությամբ։
«Սա ամենավտանգավոր ժամանակաշրջանն է, որ հիշում եմ իմ չափահաս կյանքի ընթացքում»,- հայտարարել է Նայթոնը։
Նա նշել է, որ Ռուսաստանից և, ավելի լայն իմաստով, այլ պետություններից բխող սպառնալիքը շարունակում է աճել։
Նայթոնը նաև հայտարարել է, որ բրիտանական իշխանությունները պետք է բնակչությանը բացատրեն ռուսական սպառնալիքի բնույթը և հիմնավորեն պաշտպանական ծախսերն ավելացնելու անհրաժեշտությունը։