Ներքին 57 րոպե առաջ - 23:08 05-11-2026

Անասունիս ոտքը ջարդվել էր, միսը պիտի բարեկամներիս բաժանեի, պարեկները խլեցին, տարան. ահազանգ Թավշուտից

Անահիտ Չալիկյան

Լրագրող

Շիրակի մարզի Աշոցք խոշորացված համայնքի Թավշուտ գյուղի բնակիչ Արմեն Հարությունյանը ահազանգել է Oragir.News-ին՝ դժգոհելով, որ իր խոշոր եղջերավոր անասունի միսը պարեկները վերցրել են՝ իրեն զրկելով մորթված անասունի միսը հարազատներին բաժանելու հնարավորությունից։

Արմեն Հարությունյանի խոսքով՝ իր անասունի ոտքը պատահաբար կոտրվել է, ինչի հետևանքով ստիպված է եղել մորթել կենդանուն։ Միսը վաճառելու նպատակ չի ունեցել. մտադիր է եղել այն բաժանել բարեկամներին, այդ թվում՝ քրոջ ընտանիքին։

«Անասունիս ոտքը ջարդվել էր, հո պտի չթափեի միսը։ Պահել, տանջվել եմ, վարկ եմ վերցրել։ Վաճառելու չէի տանում, այլ իմ անասունի միսը տանում էի, որ բարեկամներով իրար մեջ բաժանեինք։ Միսը վերցրել, տարել են, բայց չգիտեմ, թե դրանից հետո մենք էլ ինչերի պիտի սպասենք»,- պատմել է գյուղացին։

Նրա խոսքով՝ Թավշուտից Մուսայելյան գյուղ ուղևորվելիս ճանապարհին պարեկները կանգնեցրել են մեքենան և առգրավել միսը։ Այն նախ տեղափոխել են Աշոցքի ոստիկանության շենքի բակ, ապա հանձնել Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնին (ՍԱՏՄ)։ Արմեն Հարությունյանը պնդում է, որ պարեկները միսը վերցրել են՝ առանց ճշտելու դրա ծագումը և անասունի սեփականատիրոջը։

«Պարեկները չեն ճշտել, թե միսը ուր են տանում, առանց ստուգելու, որ անասունը պատկանում է ինձ, առգրավել են միսը, բայց ոտքերն ու գլուխը թողել են մեքենայի մեջ։ Թավուշտից պիտի հասնես Կոտայքի մարզ, որ մորթես անասունը։ Թող սպանդանոց սարքեն, մենք մեծ սիրով կմորթենք մեր անասունը։ Մենք չենք փախնում, չենք խուսափում»,- ասել է նա։

Գյուղացին նշում է, որ Թավշուտում և հարակից տարածքում սպանդանոց չկա, ինչի պատճառով գյուղացիները կանգնում են դժվար ընտրության առաջ։ Նրա խոսքով՝ իրենք դեմ չեն սպանդանոցային մորթին, սակայն համապատասխան պայմանների բացակայության պայմաններում ստիպված են լինում լուծումներ գտնել։

«Մենք շատ մեծ դժվարությունների միջով ենք անցնում, անասունին ուզում ենք մորթել, բայց սպանդանոց չկա։ Անասունիս ոտքը կոտրվել էր, մորթեցինք, բայց պարեկները ձեռքիցս տարան միսը։ Մինչև հասցնենք հարևան մարզ, միսը կփչանա։ Մենք կողմ ենք, որ սպանդանոցում մորթվի, բայց որ սպանդանոց չկա, ինչ անենք։ Մարդկանց վատ դրության մեջ են դնում, մարդիկ տանջվում ու տառապում են, աշխատում են, բայց վերջում պիտի ստիպված ջուրը լցնես»,- դժգոհել է Արմեն Հարությունյանը։

Թավշուտցի տղամարդու խոսքով՝ գյուղում անասնապահությամբ զբաղվելն օրեցօր ավելի դժվար է դառնում։ Նա նշում է, որ ոչ միայն իրենք, այլև գյուղի մյուս բնակիչներն են կրճատում անասունների քանակը՝ անասնապահության հետ կապված խնդիրների պատճառով։

«Ում է պետք մեր չարչարանքը, անասուն պահենք, որ ի՞նչ։ Առավոտ 6-ից գոմն ենք, մեջն ինչ կա»,- ասել է նա։

Գյուղացին ընդգծում է, որ անասնապահության պահպանման համար անհրաժեշտ է ոչ միայն գյուղացիների աշխատանքը, այլև համապատասխան պայմանների ապահովումը։ Նրա խոսքով՝ սպանդանոցների բացակայությունը գյուղացիներին կանգնեցնում է անլուծելի թվացող խնդիրների առաջ՝ վտանգելով նաև գյուղատնտեսությամբ զբաղվելու ցանկությունը։

Անահիտ Չալիկյան

Ամենից շատ դիտված

11:24 Ողբերգական դեպք՝ Երևանում․ 5-ամյա տղան ընկել է 3-րդ հարկի պատուհանից ու մահացել
17:26 Մայրը մահացած էր, տատիկ-պապիկի հետ էր ապրում. նոր մանրամասներ՝ 5-ամյա երեխայի ողբերգական դեպքից
13:26 9 մարդու կյանք խլած վթարի վայրում ճանապարհը գծանշված է եղել․ Խուդաթյանը պարզաբանում է ներկայացրել
13:19 Առաջիկա օրերին սպասվում է ձյուն, բուք, մերկասառույց. վարորդներին հորդորում ենք երթևեկել ձմեռային անվադողերով
12:30 Մարդուն «թոշակառու» պիտակ կպցնելով՝ նպաստում ենք նրա ապաակտիվացմանը. Փաշինյան
10:30 Նիկոլ Փաշինյանը չի շտապում նվերները հանձնել պետությանը
16:00 Ալիևի սահմանադրությունն արժի 64 մլրդ դրամ. վերջին ընդդիմադիրը
17:15 Ովքեր էին Ուշիի ոլորաններում ողբերգական ավտովթարի հետևանքով մահացածներն ու վիրավորները. նոր մանրամասներ
08:20 Ստուգել են անգամ Սամվել Կարապետյանի տան «լուկն ու պադվալը»․ «Ժողովուրդ»
08:48 Իշխանությունն անհանգիստ է ԹՐԻՓՓ-ի համար․ «Հրապարակ»