Ուղիղ եթեր
Ներքին 48 րոպե առաջ - 18:09 05-11-2026

«Միասնության թևերը» միանում է ընդդիմադիր ուժերի նոյեմբերի 4-ի հայտարարությանը

«Միասնության թևեր» կուսակցությունը հայտարարություն է տարածել.

«Միասնության թևեր» կուսակցությունը բազմիցս հրապարակայնորեն հանդես է եկել համազգային նշանակության հարցերի շուրջ համախմբվելու առաջարկով։

Այսօր վերահաստատում ենք մեր պատրաստակամությունը՝ ընդդիմադիր քաղաքական և հասարակական ուժերի հետ համատեղ ձևավորելու Հայաստանի ինքնիշխանության, պետական անվտանգության, սահմանադրական կարգի և ազգային ինքնության պաշտպանության օրակարգը և համաձայնեցնելու դրա իրականացման քայլերը։

Քաղաքական տարաձայնությունների առկայությունը, նախկինում ունեցած բազմաթիվ հարցերի շուրջ անհամաձայնությունները չեն կարող որոշիչ լինել հայրենիքի համար ճգնաժամային վիճակում միավորվելու համար։Այս համախմբման անհրաժեշտությունը պայմանավորված է արտաքին պարտադրանքի և ներքին քաղաքական ճնշումների փոխկապակցված վտանգներով։

Մեր գնահատմամբ՝ իշխանությունը, սեփական քաղաքական պատասխանատվությունն ընդունելու փոխարեն, բացառապես արտաքին ուժերի հերթական պահանջի կատարումը ներկայացնում է որպես խաղաղության պահպանման անխուսափելի պայման, իսկ այդ քաղաքականությանը դիմադրող ուժերին՝ որպես խաղաղությանը խոչընդոտողներ՝ սահմանափակելով պետական նշանակության որոշումների շուրջ ազատ քննարկման և քաղաքական հակազդեցության հնարավորությունը։

Հայ հասարակությունում չկա և չի կարող լինել անկախության հռչակագրից հրաժարվելու պահանջ։ Հետևաբար այդպիսի օրակարգը մեր արտաքին թշնամիների օրակարգն է, որը սպասարկում է գործող իշխանությունը, իսկ ցանկացած նման զիջում բերելու է նոր պահանջների եւ զիջումների։

Այս համատեքստում ենք գնահատում նաև նոյեմբերի 4-ին Սամվել Կարապետյանի և նրա հետ առնչվող անձանց նկատմամբ իրականացված քննչական գործողությունները։ Առանց գործի քրեաիրավական հանգամանքների վերաբերյալ դիրքորոշում հայտնելու՝ դրանց ծավալն ու քաղաքական միջավայրը հիմք են տալիս գնահատելու, որ հետապնդվում է նաև ընդդիմության դիմադրությունը թուլացնելու և սահմանադրական փոփոխությունների համար նպաստավոր ներքաղաքական պայմաններ ստեղծելու նպատակ։

Ընդդիմության նկատմամբ «հանրային ճնշում» գործադրելու և այն կառավարող մեծամասնության կողմից առաջնորդելու մասին հնչող ելույթները խորացնում են այդ մտահոգությունը։ Մենք խստորեն դատապարտում ենք պետական լծակներն ընդդիմախոսներին ճնշելու, քաղաքական այլախոհությունը սահմանափակելու և հանրային քննարկումը վախի մթնոլորտով փոխարինելու ցանկացած գործելակերպ։

Հավատարիմ մեր հրապարակային դիրքորոշմանը և արձանագրելով, որ նոյեմբերի 4-ին ընդդիմադիր ուժերի համատեղ հայտարարության մասին «Միասնության թևեր» կուսակցությունը տեղեկացել է մամուլից՝ պատրաստ ենք մասնակցելու այս սկզբունքների վրա հիմնված համախմբման նախաձեռնություններին։

Այդ համագործակցությունը պետք է կառուցվի՝
հստակ ընդհանուր օրակարգի,
մասնակիցների իրավահավասարության,
փոխադարձ հարգանքի և հանրության առջև պատասխանատվության վրա՝ բաց լինելով նաև քաղաքացիների մասնակցության համար։

Մեր նպատակը համատեղ քաղաքական աշխատանքն ու համաձայնեցված գործողություններն են՝ պաշտպանելու Հայաստանի ինքնիշխանությունն ու սահմանադրական կարգը, ամրապնդելու ազգային համերաշխությունը և հասնելու արժանապատիվ ու կայուն խաղաղության՝ առանց արտաքին պարտադրանքի և ազգային ու պետական շահերի հաշվին զիջումների։

Ամենից շատ դիտված

20:12 11-ամյա տղան անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց․ նրան այգում կոնֆետ են հյուրասիրել
11:24 Ողբերգական դեպք՝ Երևանում․ 5-ամյա տղան ընկել է 3-րդ հարկի պատուհանից ու մահացել
19:30 Փաշինյանն անհարմար իրավիճակում է հայտնվել Բրյուսելում
21:30 Ռիսկի գնալու արվեստը․ ինչպես նկարչուհի Մարիամ Մանուկյանը հայտնվեց Միլանի ու Փարիզի ցուցահանդեսներում
22:17 «Գյումրի նաշ գորոդ». 102-րդ ռազմաբազայի զինծառայողների մասնակցությամբ բռնության դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել
21:18 Իրանը հայտնել է Քեշմ կղզու մոտակայքում ամերիկյան ԱԹՍ-ի խոցման մասին
23:35 Հայաստանյան ընդդիմադիր ուժերը հավաքվել են մեկ սեղանի շուրջ․ հանրությանը կներկայացնեն ընդհանուր դիրքորոշում
13:26 9 մարդու կյանք խլած վթարի վայրում ճանապարհը գծանշված է եղել․ Խուդաթյանը պարզաբանում է ներկայացրել
23:13 Անչափահասի ինքնազգացողությունը վատացել է այգում կոնֆետ ուտելուց և սրճեփից կաթ խմելուց հետո․ ՆԳՆ
23:42 Ընդդիմադիր ուժերը հայտարարել են համազգային համախմբման ձևավորման մասին