Ավելին 42 րոպե առաջ - 22:10 24-10-2026

Թոմ Քրուզն ու Ջեք Նիկոլսոնը չեն կարողացել լուրջ մնալ «Մի քանի լավ մարդիկ» ֆիլմի նկարահանումների ժամանակ

Թոմ Քրուզն ու Ջեք Նիկոլսոնը չեն կարողացել զսպել ծիծաղը «Մի քանի լավ մարդիկ» ֆիլմի նկարահանումների ժամանակ։

Հոլիվուդյան դերասան Քևին Փոլակը պատմել է «Մի քանի լավ մարդիկ» (1992) ֆիլմի նկարահանումների ժամանակ տեղի ունեցած զվարճալի միջադեպի մասին։ Նրա խոսքով՝ Թոմ Քրուզի և Ջեք Նիկոլսոնի լարված տեսարանն անսպասելիորեն ավարտվել է ծիծաղով։

«Still Here Hollywood» փոդքասթում Փոլակը հիշել է ֆիլմի ամենահայտնի դրվագներից մեկը, որտեղ Քրուզի մարմնավորած փաստաբան Դանիել Քաֆին առերեսվում է Նիկոլսոնի կերպարի՝ գնդապետ Նաթան Ջեսափի հետ։

Հենց այս տեսարանում է հնչում հանրահայտ արտահայտությունը՝ «Դու չես կարողանում հաղթահարել ճշմարտությունը»։

Փոլակի պատմելով՝ տեսարանի ընթացքում Քրուզը պահանջել է ճշմարտությունը, իսկ տեսախցիկը կենտրոնացած է եղել Նիկոլսոնի դեմքին։ Սակայն վերջինս հանկարծ այնպիսի զվարճալի ծամածռություն է արել, որ իրավիճակը դարձել է անկանխատեսելի։

Չնայած դրան՝ Քրուզը շարունակել է խաղալ՝ պահպանելով կերպարի լրջությունը, և տեսարանն ավարտելուց հետո հարվածել է Նիկոլսոնի ուսին։ Դրանից հետո երկու դերասաններն էլ պայթել են ծիծաղից։

Ռոբ Ռեյների նկարահանած «Մի քանի լավ մարդիկ» ֆիլմը պատմում է երկու ծովային հետևակի զինծառայողների դատավարության մասին։ Նրանք մեղադրվում են ծառայակցի սպանության մեջ, իսկ փաստաբան Քաֆին փորձում է պարզել՝ արդյոք զինվորները գործել են վերադասների հրամանով։

Ֆիլմում նկարահանվել են նաև Դեմի Մուրը, Քևին Բեյքոնը, Քիֆեր Սազերլենդը և Ջ. Թ. Ուոլշը։ Այն ստացել է «Օսկարի» չորս անվանակարգ, այդ թվում՝ լավագույն ֆիլմի և Ջեք Նիկոլսոնի՝ երկրորդ պլանի լավագույն դերասանի անվանակարգերում։