«Ինտերի» ավագ Նիկոլո Բարելան ամփոփել է ՉԼ 3-րդ տուրում Դոնեցկի «Շախտյորի» նկատմամբ տոնած հաղթանակը (1-0)՝ հատուկ գովեստի խոսքեր ուղղելով Հենրիխ Մխիթարյանի հասցեին։
Հարցին, թե կա՞ արդյոք համապատասխան բառ հայ կիսապաշտպանին նկարագրելու համար, Բարելան այսպիսի պատասխան է տվել։
«Նա գինու նման է, որքան հնանում է, այնքան ավելի լավն է դառնում։ Ես կարող եմ միայն շնորհակալություն հայտնել նրան։ Նա սովոր էր մեկնարկային կազմում խաղալ, իսկ հիմա այլևս միշտ չէ, որ այդպես է, սակայն նա մշտապես ամբողջ ուժով է հանդես գալիս, երբ դուրս է գալիս խաղադաշտ»,- իտալացի կիսապաշտպանի խոսքերն է մեջբերում Tuttomercatoweb-ը։
Հիշեցնենք, որ «Շախտյորի» դեմ հանդիպման երկրորդ խաղակեսում 10 հոգով մնացած «Ինտերը» հաղթանակ էր տարել փոխարինման մտած Հենրիխ Մխիթարյանի գեղեցիկ գոլային փոխանցման շնորհիվ։