Ներքին Նրանց կարծիքով Տեսանյութ 48 րոպե առաջ - 20:30 16-10-2026

Երկաթգիծը ռուսների սեփականությունն է․ ինչպե՞ս պետք է համոզեն. հարցում

Ռուսաստանը կհամաձայնի՞ արդիականացնել երկաթուղին, և կհաջողվի՞ Նիկոլ Փաշինյանին համոզել ռուսական կողմին այս հարցում։

Oragir.News-ը Երևանի փողոցներում հարցում է անցկացրել՝ պարզելու, թե քաղաքացիներն ինչ կարծիք ունեն այս հարցի շուրջ և որքանով են իրատեսական համարում երկաթուղու արդիականացման հնարավորությունը։

Հարցվածներից մեկը կարծիք հայտնեց, որ Նիկոլ Փաշինյանին չի հաջողվի համոզել ռուսական կողմին․ «Դա իրենց սեփականությունն է, ինչպե՞ս պետք է համոզեն»։

Քաղաքացիներից մեկն էլ նշեց, որ անհասկանալի է՝ ինչո՞ւ Հայաստանը պետք է համոզի ռուսներին արդիականացնել իր երկաթուղին։ Նրա խոսքով՝ Նիկոլ Փաշինյանին գուցե հաջողվի ինչ-որ բան խոստանալով՝ համոզել ռուսական կողմին, սակայն հարց է առաջանում՝ այդ երկաթուղին մեզ պե՞տք է։

Հարցվածներից մեկ ուրիշն էլ կարծիք հայտնեց, որ Նիկոլ Փաշինյանին կհաջողվի համոզել նրանց։ Քաղաքացին ընդգծեց նաև, որ երկաթուղու արդիացումն անհրաժեշտ է Հայաստանին՝ աշխարհի հետ հաղորդակցություն ապահովելու համար։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 15-ին Փաշինյանն ընդունել է «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի գլխավոր տնօրեն, կառավարման խորհրդի նախագահ Օլեգ Բելոզյորովի գլխավորած պատվիրակությանը։ Անդրադարձ է կատարվել «Հարավկովկասյան երկաթուղիներ» ընկերության կոնցեսիոն կառավարման ընթացքում ենթակառուցվածքների զարգացման ուղղությամբ իրականացված աշխատանքներին, կառավարման արդյունավետությանը, առկա խնդիրներին և դրանց լուծման հնարավորություններին։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել ստեղծել համատեղ աշխատանքային խումբ՝ ձևակերպված խնդիրները սահմանված սեղմ ժամանակահատվածում քննարկելու, հնարավոր լուծումները գտնելու և հետագա քայլերը հստակեցնելու նպատակով։

Մանրամասները՝ տեսանյութում։