Ուղիղ եթեր
Ավելին 26 րոպե առաջ - 15:21 16-10-2026

Վան Գոգի կտավը կարող է աճուրդում վաճառվել ռեկորդային՝ 180 միլիոն դոլարով

Հոլանդացի աշխարհահռչակ նկարիչ Վինսենթ վան Գոգի «Ծաղկած շագանակենիներ» կտավը ցուցադրվել է Հոնկոնգում՝ նոյեմբերի 18-ին Նյու Յորքում կայանալիք աճուրդից առաջ։ Sotheby’s աճուրդի տան գնահատմամբ՝ ստեղծագործությունը կարող է վաճառվել շուրջ 180 միլիոն դոլարով։

Կտավը արգենտինացի հանգուցյալ կոլեկցիոներներ Նելլի Արրիետա դե Բլակիերիի և Կառլոս Պեդրո Բլակիերիի հավաքածուի 12 ստեղծագործություններից մեկն է։ Աճուրդում վաճառքի կհանվեն նաև Կլոդ Մոնեի, Կամիլ Պիսարոյի և Պոլ Սեզանի աշխատանքները։

Sotheby’s-ի տվյալներով՝ Վան Գոգի այս կտավը ավելի քան 60 տարի հանրությանը չի ցուցադրվել։ 1890 թվականին ավարտված ստեղծագործությունը նկարչի կյանքի վերջին երկու ամիսների աշխատանքներից է։

Սեն Ռեմիի հոգեբուժարանից դուրս գրվելուց հետո Վան Գոգը ստեղծել է շուրջ 70 աշխատանք, այդ թվում՝ իր հայտնի «Աստղազարդ գիշերը»։ Կյանքի վերջին շրջանում նկարիչն աշխատել է չափազանց արագ տեմպով՝ միջինում օրական մեկ ստեղծագործություն։

Վան Գոգը մահացել է 37 տարեկանում՝ կրծքավանդակի շրջանում ինքն իրեն հրազենային վնասվածք հասցնելուց երկու օր անց։ Նրա կյանքը երկար տարիներ ուղեկցվել է հոգեկան առողջության հետ կապված խնդիրներով։

Նկարչի աշխատանքների վաճառքի ներկայիս ռեկորդը պատկանում է «Նոճիներով պարտեզ» կտավին, որը 2022 թվականին աճուրդում վաճառվել է 117,2 միլիոն դոլարով։ Եթե «Ծաղկած շագանակենիները» վաճառվի սպասվող գնով, այն կարող է գերազանցել այդ ցուցանիշը։