ՆԱՍԱ-ի նախկին տիեզերագնաց, «Ապոլոն 16» լուսնային առաքելության մասնակից Չարլզ Դյուկը կարծում է, որ անհայտ թռչող օբյեկտները կարող են դիվային բնույթ ունենալ և քողարկվել որպես «լույսի հրեշտակներ»։ Իր տեսակետը 91-ամյա Դյուկը հիմնավորել է Աստվածաշնչի մեջբերումներով՝ Christian Broadcasting Network-ի եթերում։
«Աստվածաշունչն ասում է, որ դևը կարող է հայտնվել որպես լույսի հրեշտակ։ Կարող եք ծիծաղել ինձ վրա, եթե ուզում եք, բայց սա այն է, ինչ Աստված ինձ հայտնեց, և ես չեմ պատրաստվում հրաժարվել իմ համոզմունքներից», — հայտարարել է նա։
Դյուկի խոսքով՝ ինքը տարիներ շարունակ կասկածել է, որ ԱԹՕ-ների հետևում կարող են չար ուժեր լինել, սակայն այդ մասին խոսելիս հաճախ ծաղրի է արժանացել։ Նա պատմել է, որ մի անգամ աղոթել է՝ իր կասկածների հաստատման նշան ստանալու համար։ Տիեզերագնացի խոսքով՝ նա որոշել է, որ եթե հաջորդ առավոտյան իր մտերիմ ընկերը՝ գործարարը, ինքնուրույն խոսի ԱԹՕ-ների մասին, դա կընդունի որպես նշան։ Հաջորդ օրը, նրա պնդմամբ, ընկերը հենց այդ թեմայով զրույց է սկսել։
Դյուկը նաև մեջբերել է Աստվածաշնչի՝ Կորնթացիներին ուղղված երկրորդ նամակի 11։14 հատվածը․ «Եվ զարմանալի չէ, որովհետև Սատանան ինքն է քողարկվում որպես լույսի հրեշտակ»։
Աստվածաշնչյան այս հատվածը վերաբերում է կեղծ առաքյալներին, որոնք ներկայանում են որպես Քրիստոսի հետևորդներ։
Չարլզ Դյուկը 1972 թվականին՝ 36 տարեկանում, մասնակցել է «Ապոլոն 16» առաքելությանը և դարձել Լուսնի վրա քայլած ամենաերիտասարդ մարդը։
Միաժամանակ նախկին տիեզերագնացը խոստովանել է, որ իր լուսնային առաքելության ընթացքում անձամբ չի հանդիպել անհայտ թռչող օբյեկտների կամ ենթադրյալ այլմոլորակայինների։
Նրա՝ ԱԹՕ-ների դիվային բնույթի վերաբերյալ պնդումները անձնական կրոնական համոզմունք են և գիտականորեն հաստատված չեն։