Երևանում տրանսպորտային քաոսը, խցանումներն ու պաշտոնյաների անհասկանալի որոշումները հասել են գագաթնակետին։
Անհատ վարորդների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող հասարակական գործիչ, փորձագետ Պողոս Օղլուկյանը
Oragir.News-ի հետ կոշտ հարցազրույցում վեր է հանել մայրաքաղաքի կառավարման ձախողումներն ու պաշտոնյաների բարձր աշխատավարձերի և անարդյունավետ աշխատանքի հակասությունը։
«Ամեն ժողովուրդ արժանի է իր թագավորին»,- ասում է Օղլուկյանը՝ ներկայացնելով վարորդների բողոքը։
Վերջինիս քննադատության հիմնական թիրախում բարձրաստիճան պաշտոնյաներն են, որոնց աշխատավարձերը պարբերաբար բարձրանում են, մինչդեռ ոլորտային խնդիրները մնում են անտեսված։
«Կառավարության այդ նախարարների 2-3 միլիոն դրամ աշխատավարձը, որ դարձնում եք 5 միլիոն, դրանք ինչո՞վ են զբաղված։ Ո՞վ պետք է հետևի նրանց աշխատանքին, պարեկների աշխատանքին, ապահովագրության աշխատանքին»,- հարց է հնչեցնում ՀԿ նախագահը։
«Երկու հատ անգլերեն գիրք են կարդացել, գալստուկը կապել՝ «օքեյ» են ասում... դրանով երկիր չե՜ն ղեկավարում»,- ասում է նա։
Որպես կառավարման ձախողման վառ օրինակ՝ Պողոս Օղլուկյանը մատնանշում է Երևանի կենտրոնական փողոցների փոփոխությունները, որոնք կաթվածահար են արել երթևեկությունը։
«Ես 50 տարի է՝ այս քաղաքում մեքենա եմ քշում, չեմ տեսել, որ Մաշտոցի պողոտան երբևէ այսպիսի խցանում լինի։ Ինչո՞ւ վերցրիք Ամիրյան - Խորենացի փողոցները փակեցիք, ո՞վ տվեց այդ խորհուրդը։ Մենք 1 միլիոն դրամ չունե՞նք, որ մի հատ նորմալ մասնագետ վարձենք, որը մեզ ճիշտ խորհուրդներ կտա»,- զարմանում է մեր զրուցակիցը։
Փորձագետը տարակուսած է քաղաքային իշխանությունների անտարբերությունից, որոնք հրաժարվում են լսել տասնամյակների փորձ ունեցող մարդկանց և ոլորտի մասնագետներին։
«10 անգամ քաղաքապետին գրել եմ, ասում եմ՝ եկեք ձեզ անվճար խորհուրդ տամ, բայց արձագանք չկա»,- իր խոսքն ամփոփում է Պողոս Օղլուկյանը՝ արձանագրելով, որ քաղաքացիների ու վարորդների ձայնը մնում է անլսելի, մինչդեռ մայրաքաղաքը օրեցօր խրվում է տրանսպորտային անլուծելի ճահճի մեջ։
Մանրամասները՝ տեսանյութում։
Հասմիկ Մովսիսյան