Սյունիքի մարզի Ծավ գյուղում խմելու ջրի աղտոտման շուրջ բարձրացած աղմուկն այսօր ստացավ իրավական հստակ պատասխան։ ՀՀ Քննչական կոմիտեն տարածել է պաշտոնական
հաղորդագրություն, որով վերջ է տրվում բնակչության շրջանում տարածված տագնապալի վարկածներին։ ,
Ինչպես է սնդիկը հայտնվել մարդկանց ծորակներում, ինչպիսին է իրական պատկերը տեղում, և ինչ պետք է անի համայնքը նմանատիպ ճգնաժամերի ժամանակ։ Այս թեմաների շուրջ
Oragir.News-ը զրուցել է բնապահպան Շավարշ Մարգարյանի հետ։
Երկար ժամանակ Ծավի բնակիչների շրջանում պտտվում էին ամենատարբեր, երբեմն նաև խուճապային վարկածներ։ Սահմանամերձ գոտուց ոչ հեռու գտնվող գյուղում մարդիկ մտածում էին անգամ հակառակորդի կողմից ջրի դիտավորյալ թունավորման մասին։
Սակայն Քննչական կոմիտեի և ԱԱԾ-ի համատեղ գործողությունների արդյունքում պարզվեց, որ իրականությունը ներքին հանցագործության հետևանք է։
Վարդենիս քաղաքի 3 բնակիչներ Ծավ գյուղի խմելու ջրի ավազանի անմիջապես մոտակայքում, չշահագործվող հանքախորշերում ապօրինի լեռնահետախուզական աշխատանքներ են իրականացրել՝ փորձելով ոսկի կորզել։ Դեպքի վայրում հայտնաբերվել են պայթուցիկ նյութեր և հանքաքարերով լեցուն պարկեր։
Ապօրինի փորումների և պայթեցումների հետևանքով էլ սնդիկը հենց ջրի սկզբնաղբյուրի մոտից ներթափանցել է գյուղի ջրատար համակարգ։ Մեղադրյալներից մեկն արդեն կալանավորված է։
«Իհարկե, սա հանգստանալու առիթ չէ, բայց չափազանց ուրախալի է, որ պատճառը պարզված է։ Երբ գիտես հստակ ախտորոշումը, դրա դեմ արդեն հնարավոր է պայքարել և հետևանքները վերացնել»,- նշում է Քաջարանի բնակիչ, բնապահպան Շավարշ Մարգարյանը։
Թեև պատկան մարմինները հորդորել են բնակիչներին կենցաղային և խմելու նպատակով չօգտագործել ծորակի ջուրը, գյուղացիները, քանի որ չունեն խմելու ջրի այլընտրանքային աղբյուր, շարունակել են օգտագործել ջուրը։
«Իմ հարցախույզների և բնակիչների հետ զրույցների ժամանակ հասկացա, որ մարդիկ, միևնույն է, շարունակում են օգտվել այդ ջրից, որովհետև ուրիշ ելք պարզապես չունեն։ Դա մեծ ռիսկ է։ Բախտի բերումով է միայն, որ այս օրերի ընթացքում դեռ ոչ մի թունավորման դեպք չի արձանագրվել»,- ասում է Մարգարյանը։
Մանրամասները՝ տեսանյութում:
Հասմիկ Մովսիսյան