Ուղիղ եթեր
Ներքին Խոսք 56 րոպե առաջ - 18:30 05-10-2026

Երևանի էկոլոգիան անդունդի եզրին է․ վերամշակո՞ւմ, թե՞ աղբի թաքնված այրում Նուբարաշենում

Հասմիկ Մովսիսյան

Լրագրող

Հայաստանի թափոնների կառավարման երկարաժամկետ ռազմավարությունը, ընդունվող պաշտոնական որոշումներն ու դրանց իրականացման մեխանիզմները բազմաթիվ հարցեր են առաջացնում։ Բնապահպանները միանշանակ պնդում են՝ աղբավայրերի ներկայիս անկանոն վիճակը թողնելն անթույլատրելի է, սակայն առաջարկվող լուծումները պարունակում են լուրջ էկոլոգիական ռիսկեր։

Նուբարաշենի ծրագիրն ու տեխնոլոգիական «մութ կետերը»

Կառավարության կնքած պայմանագրերի համաձայն՝ չինական և արաբական կապիտալով ընկերություններ են ներգրավվել, որոնք նախատեսում են վերամշակման գործարան հիմնել Նուբարաշենում՝ տեղի հսկայական աղբավայրի թափոնները մշակելու համար, սակայն պաշտոնական փաստաթղթերում բացակայում է որևէ տեղեկատվություն, թե տեխնոլոգիական ինչպիսի մեթոդներով է իրականացվելու այդ վերամշակումը։

Բնապահպան Սիլվա Ադամյանը, անդրադառնալով ստեղծված իրավիճակին, նշում է․ «Ծանոթանալով խնդրին՝ տեղեկացանք, որ Չինաստանի և արաբական երկրների հետ կապված ընկերություններ են ներգրավվել, որոնք, ըստ կառավարության պայմանագրերի, պետք է վերամշակման գործարան կառուցեն Նուբարաշենում։ Սակայն, ցավոք, որևէ փաստաթղթում ես չգտա, թե ինչպես են իրենք պատկերացնում թափոնների վերամշակումը Հայաստանում»։

Աղբի այրման վտանգն ու Երևանի օդի կրիտիկական վիճակը

Հստակ նախագծի բացակայության պայմաններում փորձագետները հիմնավոր մտավախություն ունեն, որ «վերամշակում» անվան տակ իրականացվելու է աղբի ուղղակի այրում։ Սիլվա Ադամյանի խոսքով՝ զարգացած երկրներում աղբը պարզապես չեն կուտակում կամ այրում. այն վերամշակվում է՝ վերածվելով օգտակար արտադրանքի։

«Իմ գործընկերների հետ քննարկումներից հետո մեծ մտավախություն ունենք, որ այստեղ իրականացվելու է աղբի ուղղակի այրում, ինչը բացարձակ անթույլատրելի է։ Առանց այն էլ Երևանում օդի աղտոտվածության հետ կապված ունենք կրիտիկական իրավիճակ, որի մասին նույնիսկ պատկան մարմիններն են զգուշացնում։ Երևանի էկոլոգիական վիճակը չափազանց փխրուն է, մենք կանգնած ենք անդունդի եզրին, և չի կարելի նման որոշումներ կայացնել առանց անկախ մասնագետների հետ խորհրդակցելու»,-ընդգծում է Ադամյանը։

Թափանցիկության բացակայությունը, տենդերներն ու «գրպանային» փորձագետները

Բնապահպանը փաստում է, որ ծրագրի շուրջ որևէ հանրային լսում չի անցկացվել։ Հասարակայնությունն ու անկախ փորձագետները տեղեկացված չեն շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննությունից կամ տեղանքի պլանավորումից։

«Որևէ հանրային լսում հասարակական կազմակերպությունների մասնակցությամբ չի եղել։ Մենք ծանոթ չենք ոչ շրջակա միջավայրի փորձաքննությանը, ոչ էլ տեղանքի հատակագծմանը։ Չգիտեմ՝ որ մասնագետների հետ են խորհրդակցել, թե, ինչպես միշտ, իրենց «գրպանային» փորձագետներն են «դոբրո» տվել այդ գործարանը կառուցելու համար։ Եթե տենդեր է հայտարարվում, պետք է ընտրվեն այնպիսի որակյալ կազմակերպություններ, որոնք ունակ են աղբից իրական պրոդուկտ ստանալ»,- նշում է բնապահպանը։

Աղբի սորտավորումն ու հանրային պատասխանատվությունը Ծրագրի հաջողության հիմնական նախապայմանը թափոնների նախնական սորտավորումն է, որը Հայաստանում դեռևս պատշաճ մակարդակի վրա չէ։ Նուբարաշենի աղբավայրում բոլոր տեսակի թափոնները կուտակված են խառը վիճակում, իսկ պլաստիկի արգելքի կամ սորտավորման որոշումները պարբերաբար հետաձգվում են։

«Աղբի վերամշակման հարցում սորտավորումը վճռորոշ նշանակություն ունի․ եթե դա չի արվում, առաջանում են լուրջ խնդիրներ։ Սովետաշենի աղբավայրում ամեն ինչ թափված է մեկ տեղում, ինչն էլ մեծացնում է մտավախությունը, որ այդ աղբը պարզապես այրելու են։ Թեև աղբամանները տեղադրված են, բնակչության մոտ 80%-ը դեռ անպատասխանատու վարքագիծ է դրսևորում՝ տարբեր աղբը լցնելով չնախատեսված տարաների մեջ։ Քանի դեռ այս խնդիրները չեն լուծվել, մենք չենք կարող հասնել զարգացած երկրների ստանդարտներին»,- եզրափակում է Սիլվա Ադամյանը։

Ո՞վ է Նուբարաշենի ծրագրում ներգրավված չինական ընկերությունը China Western Power Industrial Co., Ltd. (CWPC) ընկերությունը հիմնադրվել է 1983 թվականին Չինաստանի Սիչուան նահանգում։ Այն մասնագիտացած է նորարարական էներգետիկայի, բնապահպանական ծրագրերի և էլեկտրակայանների նախագծման ու սարքավորումների մատակարարման ոլորտում (ցուցակված է Շենժենի բորսայում)։ Չնայած ասիական և աֆրիկյան շուկաներում ծավալուն գործունեությանը՝ ընկերությունն ունի նաև չիրականացված խոշոր նախագծեր։

Մասնավորապես, Մեծ Բրիտանիայի Փիթերբորո (Peterborough) քաղաքում մալայզիական ընկերության համար նախատեսված աղբի վերամշակման գործարանի շուրջ 450 մլն դոլարանոց (£346 մլն) նախագիծը տապալվել է և այդպես էլ չի հասել շինարարության փուլին։

Այս փաստերը լրացուցիչ մտահոգությունների տեղիք են տալիս բնապահպանական համայնքին՝ Նուբարաշենի ծրագրի իրատեսականության, տեխնոլոգիական հուսալիության և հնարավոր ռիսկերի տեսանկյունից։ Հասմիկ Մովսիսյան

Ամենից շատ դիտված

20:39 Մտքովս չէր անցել 2031-ին վարչապետի թեկնածու առաջադրվել. Աննա Հակոբյան
22:55 Ադրբեջանցու կրակոցից տուժած Անի Ավետիսյանը նոր վիրահատությունների կարիք ունի
11:09 Ծավ գյուղի խմելու ջրի ավազանի մոտակայքում 3 անձ ապօրինի իրականացրել է հանքարդյունաբերական աշխատանքներ. ՔԿ
20:02 Որոշ երկրներ փորձում են վատթարացնել ՌԴ-ի հարաբերությունները Հայաստանի հետ․ Մեդվեդև
20:20 Մերցը Կիևում հայտարարել է Ուկրաինային 1,35 մլրդ եվրոյի օգնության նոր փաթեթի մասին
21:17 ԱՄՆ-ը հայտարարել է Ռուսաստանի և Ուկրաինայի հետ երկխոսության շարունակության մասին
23:47 OpenAI-ի անվտանգության ղեկավարը հրաժարական է տվել` քննադատելով ընկերությանը
21:50 Թրամփի վարկանիշը լատինաամերիկացի ընտրողների շրջանում ընկել է մինչև 27%
22:22 Երևանում սոսիները ծանրագույն վիճակում են. Քրիստինա Վարդանյան
19:44 Հեգսեթը չի բացառել Եվրոպայից ԱՄՆ զորքերի մի մասի տեղափոխումը Արևմտյան կիսագունդ