Մի պահ մոռացեք ադրբեջանացու ներկայության մասին։ Խնդիրը միայն նա չէ, խնդիրը մեր անվտանգության համակարգն է։ Ադրբեջանական կողմը նախօրոք Հայաստանին տեղեկացրել է, որ իրենց զինծառայողը լքել է զորամասը, և չի բացառվում, որ նա հատել է Հայաստանի սահմանը։
Այսինքն հնարավոր սպառնալիքի մասին հայկական կողմը տեղեկություն ուներ, բայց հոկտեմբերի 1-ին ադրբեջանացին հայտնվեց արդեն Շաքիում և կրակեց Հայաստանի քաղաքացու վրա։ Ու հիմա՝ ամենակարևոր հարցը․ Եթե մենք գիտեինք հնարավոր ներթափանցման մասին, ինչո՞ւ նրան չհայտնաբերեցինք մինչև Շաքի հասնելը։
Սա արդեն մեկ ադրբեջանցու պատմություն չէ, սա սահմանային վերահսկողության, հետախուզության, հայտնաբերման և տարբեր ծառայությունների փոխգործակցության բացակայության խնդիր է։ Պրոֆեսիոնալ անվտանգային համակարգում շղթան պարզ է՝ հայտնաբերել - նույնականացնել - հետևել - մեկուսացնել - ձերբակալել կամ չեզոքացնել։ Եթե այս շղթայի որևէ օղակ չի աշխատել, պետք է պարզել, թե որտե՞ղ է եղել բացը։
Ո՞վ պետք է հայտնաբերեր հնարավոր սահմանահատումը։ Ո՞վ պետք է կազմակերպեր որոնումը։ Ո՞վ պետք է ապահովեր, որ սպառնալիքը չհասնի բնակավայր։ Եվ ինչո՞ւ սահմանամերձ բնակչությունը վտանգի մասին ժամանակին և ամբողջական տեղեկություն չուներ։
Շաքիի դեպքը պետք է դառնա ոչ թե հերթական լուրը, այլ մեր անվտանգության համակարգի աուդիտը, որովհետև սահմանը պաշտպանված է ոչ թե այն ժամանակ, երբ ներթափանցած մարդուն վերջում բռնում են քաղաքացիական անձինք, այլ այն ժամանակ, երբ նրան թույլ չեն տալիս հասնել քաղաքացու տան դռանը։ Եվ հիմա պետությունը պետք է հստակ պատասխանի, թե որտե՞ղ է եղել բացը, և ո՞վ է դրա համար պատասխանատու։
Հասմիկ Մովսիսյան