Արտաքին 44 րոպե առաջ - 21:04 30-09-2026

Ադրբեջանն ու Թուրքիան շուրջ 500 մլն դոլարի պայմանագրեր են կնքել. մանրամասներ

Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Թուրքիան և Ադրբեջանը մի շարք պայմանագրեր են կնքել ռազմական արտադրանքի մատակարարման վերաբերյալ և փոխըմբռնման հուշագիր են ստորագրել։

Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության նախարար Հալուք Գյորգյունի խոսքով՝ պայմանագրերի ընդհանուր արժեքը գերազանցում է 500 միլիոն դոլարը։

Նրա խոսքով՝ պայմանագրերը նախատեսում են Ադրբեջանին տարբեր ինքնաթիռների, անօդաչու թռչող սարքերի, ռադարների և հրթիռային համակարգերի մատակարարում։

Մասնավորապես, թուրքական TUSAŞ ընկերությունը պայմանագիր է կնքել HÜRKUŞ ինքնաթիռների մատակարարման վերաբերյալ։ ASELSAN-ի հետ փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել ALP-100 ռադարի մատակարարման վերաբերյալ։

Բացի այդ, BAYKAR-ը Ադրբեջանին կմատակարարի Mızrak զինամթերք և Antidot համակարգ։ ROKETSAN-ը պայմանագիր է կնքել Barbaros ափամերձ պաշտպանության համակարգի մատակարարման վերաբերյալ։

Գյորգյունը հայտարարել է, որ ստորագրված պայմանագրերը «կնպաստեն երկու երկրների պաշտպանական կարողությունների ամրապնդմանը»։