Շինարարական բումի հետևից վազող Հայաստանում հերթական ողբերգությունն է գրանցվել, որը ևս մեկ անգամ ջրի երես է հանում ոլորտում տիրող աղետալի վիճակն ու անվտանգության բարձիթողի նորմերը:
Սեպտեմբերի 29-ին, Երևանի Տիչինայի փողոցում կառուցվող «Դեֆանս Հաուզինգ» խոշորագույն բնակելի թաղամասի շինհրապարակում աշտարակային կռունկի
փլուզման հետևանքով 3 անձ մահացել է: Զոհերից երկուսը Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացիներ էին, իսկ մեկը՝ կռունկավար, ՀՀ քաղաքացի՝ 37-ամյա Անդրանիկ Ա.-ն, ով, ըստ ականատեսների, վերջերս էր ամուսնացել:
Դեպքի առթիվ «Դեֆանս Հաուզինգ Ինվեստ» ընկերությունը հանդես եկավ
պարզաբանմամբ:
Դեպքի մանրամասները, մասնավորապես՝ փլուզված տեխնիկայի պատկանելիությունն ու դրա անվտանգային վիճակը պարզելու նպատակով,
Oragir.News-ը կապ հաստատեց «Դեֆանս Հաուզինգ Ինվեստ» ընկերության հետ: Մեր այն հարցին, թե կոնկրետ որ կազմակերպությանն է պատկանում վթարված կռունկը, և արդյոք կառուցապատողը պայմանագիր կնքելիս ստուգել է այդ տեխնիկայի անվտանգային ու տեխնիկական վիճակը:
«Պաշտոնական պարզաբանման մեջ բոլոր հարցերի պատասխանը կա: Մենք կառուցապատողն ենք, այդ կազմակերպությունը եկել մեզ համար շինարարություն է անում, պայմանագրի մեջ անվտանգության բոլոր նորմերը պահպանված են: Բնականաբար, եթե այդ ծավալի աշխատանք է գնում, պայմանագիր է կնքվել և զննվել է նաև տեխնիկական վիճակը: Այս պահին քննություն է գնում, ավել բան ասել չենք կարող»,- փոխանցեցին ընկերությունից։
Հիշեցնենք, որ ընկերության տարածած պաշտոնական հայտարարության մեջ նշվում էր նաև, որ երեք անձանց մահվան ելքով դժբախտ դեպքը տեղի է ունեցել իրենց աշխատանքներն ավարտած շինարարական ընկերություններից մեկի կողմից սեփական աշտարակային կռունկի ապամոնտաժման ժամանակ, և մահացածները չեն հանդիսացել «Դեֆանս Հաուզինգ Ինվեստ»-ի աշխատակիցներ:
Հարկ է նշել, որ շինարարական տեխնիկայի շահագործման և անվտանգության խնդիրները վերջին շրջանում հանրային հնչեղություն են ստանում:
Ընդամենը մեկ ամիս առաջ՝ օգոստոսի 18-ին, նմանատիպ ողբերգական պատահար էր
արձանագրվել նաև Կոտայքի մարզի Նոր Հաճըն քաղաքում: Այնտեղ, շինարարական աշխատանքների իրականացման ընթացքում, ավտոկռունկի պոկվելու և ընկնելու հետևանքով երկու մարդ էր մահացել, ևս մեկը՝ ստացել մարմնական վնասվածքներ:
Մեկ ամսվա տարբերությամբ տեղի ունեցած այս երկու դեպքերը, ըստ ոլորտի մասնագետների, ցույց են տալիս շինարարական կազմակերպությունների կողմից շահագործվող տեխնիկայի հնարավոր անսարքությունների և տեխնիկական անվտանգության կանոնների խիստ վերահսկողության անհրաժեշտությունը, ինչը պետք է դառնա պատկան տեսչական մարմինների ու իրավապահների քննության առարկան:
Հասմիկ Մովսիսյան