Ներքին 2 ժամ առաջ - 17:12 29-09-2026

«Տվե՛ք կայսրինը՝ կայսրին, և Աստծունը՝ Աստծուն» (Մատթեոս 22:21)։ Այս խոսքը պետության դեմ ուղղված կոչ չէ. Ռումինիայի հայոց թեմ

Ռումինիայի հայոց թեմի դատապարտող արձագանքը ՀՀ կառավարության հրապարակած զեկույցի առթով 2026 թվականի սեպտեմբերի 24-ին Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնի կողմից հրապարակվեց զեկույց։ Ռումինիայի հայոց թեմը, որպես Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու նվիրապետության անբաժանելի մաս, անհրաժեշտ է համարում իր դատապարտող դիրքորոշումն արտահայտել հրապարակված զեկույցի առնչությամբ և վերահաստատել մի քանի հիմնարար սկզբունքներ, որոնք վերաբերում են Եկեղեցու ինքնությանը, ինքնակառավարմանը և առհասարակ աշխարհում պետություն-եկեղեցի հարաբերությունների սահմաններին։

ա) Մեղադրանքը կամ զրպարտությունը չի կարող փոխարինել իրավական ապացույցին։ Հրապարակված զեկույցի առանձին բաժիններում ներկայացվում են ծանր անձնական, բարոյական, ֆինանսական և կանոնական բնույթի բազմաթիվ անհիմն մեղադրանքներ։ Ռումինիայի հայոց թեմը նպատակահարմար չի համարում կրկնել կամ տարածել այդ մեղադրանքները, քանի դեռ դրանցից յուրաքանչյուրը չի հաստատվել իրավասու մարմնի կողմից՝ համապատասխան ընթացակարգի արդյունքում։

Ժամանակակից իրավական պետության հիմնարար սկզբունքներից է, որ որևէ անձի նկատմամբ մեղադրանքը ինքնին դեռևս ապացուցված փաստ չէ։

Մամուլի հրապարակումը, բաց աղբյուրում հայտնված հայտարարությունը կամ որևէ անձի վկայությունը կարող են հիմք հանդիսանալ ուսումնասիրության համար, սակայն դրանք ինքնին չեն կարող նույնացվել վերջնական իրավական հաստատման հետ։ Սա շատ կարևոր է, քանզի խոսքը վերաբերում է նաև հոգևորականների պատիվը, արժանապատվությունը և հեղինակությունը շոշափող հարցերին։

բ)Եկեղեցու կանոնական հարցերը պետք է լուծվեն եկեղեցական կանոնական ճանապարհով։ Եկեղեցական կարգապահության, հոգևորականների ծառայության, ձեռնադրության, կարգալուծության և այլ կանոնական հարցերի վերաբերյալ պետական մարմնի կողմից վերջնական գնահատական տալը կարող է ստեղծել իրավասությունների վտանգավոր խառնաշփոթ, որը եկեղեցին կարող է տանել կործանման: Եթե որևէ հոգևորականի նկատմամբ կան նաև քաղաքացիական կամ քրեական իրավախախտման հիմնավորված կասկածներ, դրանց վերաբերյալ իրավասությունը պատկանում է պետական իրավապահ և դատական համակարգին։

Սակայն այն հարցը, թե տվյալ հոգևորականի գործողությունը որքանով է համապատասխանում Եկեղեցու կանոնական կարգին, պետք է գնահատվի Եկեղեցու համապատասխան իրավասու մարմինների կողմից։ Պետական և եկեղեցական իրավասությունները չպետք է փոխարինեն միմյանց։

գ)Ազգային-Եկեղեցական ժողովի և Եկեղեցու կանոնադրության հարցերը։ Զեկույցում առանձնահատուկ տեղ է հատկացվում Ազգային-Եկեղեցական ժողովի գումարման և Եկեղեցու միասնական կանոնադրության բացակայության հարցերին։ Նույնիսկ այն դեպքում, երբ անհրաժեշտ է եկեղեցական բարեփոխում, դրա անհրաժեշտության փաստը ինքնին չի ստեղծում պետական իշխանության իրավասություն՝ որոշելու այդ բարեփոխման բովանդակությունը, ժամանակացույցը կամ արդյունքը։

Եթե Եկեղեցին ունի կանոնական կամ կազմակերպչական խնդիրներ, դրանց լուծման ճանապարհը պետք է գտնվի Եկեղեցու համապատասխան ժողովական և կանոնական մարմինների միջոցով։ Աշխարհի որևէ Եկեղեցում՝ որը մաս է կազմում ընդհանրական Եկեղեցու, բարեփոխումը կարող է լինել Եկեղեցու ներքին անհրաժեշտություն, սակայն այն չի կարող դառնալ պետական կառավարման ծրագիր։

դ)Սփյուռքի թեմերի վերաբերյալ գնահատականների մասին։ Մեզ համար հատկապես դատապարտելի զեկույցում Սփյուռքի տարբեր թեմերի վերաբերյալ ներկայացված ընդհանրացումները։ Ռումինիայի հայոց թեմը չի կարող ընդունել որևէ արտաքին գնահատական որպես իր թեմական կյանքի վերաբերյալ վերջնական և ամբողջական նկարագրություն, եթե այդ գնահատականը չի հիմնված տվյալ թեմի իրավասու մարմինների դիրքորոշման, փաստական ուսումնասիրության և իրական համայնքային կյանքի վրա։

Ռումինիայի հայոց թեմի կյանքը, նրա հոգևոր, համայնքային, մշակութային և կրթական գործունեությունը չի կարող գնահատվել միայն երրորդ անձանց հայտարարությունների կամ արտաքին հրապարակումների հիման վրա։ Նախ Յուրաքանչյուր թեմ ունի իր առանձնահատուկ պատմությունը, պայմանները և համայնքային իրականությունը, և այդ իրականությունը պետք է ներկայացվի ճշգրիտ ու պատասխանատու կերպով:

Երկրորդ, այս կերպով ՀՀ կառավարությունը, չարաշահելով իր լիազորությունների սահմանները, փաստացի միջամտում է մի հոգևոր կառույցի ներքին կյանքին, ում հարաբերությունները կարգավորվում են ի հոգևորս Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հետ, իսկ իրավական առումով Ռումին պետության հետ: Սա կարող է դիտվել նաև որպես միջամտություն Ռումինիայի ներքին գործերին, ինչը նաև կարող է անգամ պատճառ հանդիսանալ, որ թեմը վերջնականապես կտրվի Մայր Աթոռից: Եզրակացություն։

Ռումինիայի հայոց թեմը արձանագրում է, որ հրապարակված զեկույցը, իր փաստագրական և վերլուծական մասից բացի, անցնում է Եկեղեցու ներքին կառավարման վերաբերյալ կոնկրետ առաջարկությունների, այդ թվում՝ Հայրապետական իշխանության և ապագա ընտրական գործընթացի վերաբերյալ մտածացին առաջարկությունների։ Այդ հանգամանքը առաջ է բերում պետություն–Եկեղեցի հարաբերությունների սահմանների վերաբերյալ լուրջ իրավական և սահմանադրական հարցեր։

Մենք համոզված ենք, որ Հայ Եկեղեցու առջև ծառացած ցանկացած իրական խնդիր պետք է լուծվի ճշմարտության, փոխադարձ հարգանքի, երկխոսության, իրավականության և, առաջին հերթին, Եկեղեցու կանոնական կարգի պահպանման միջոցով։ Ռումինիայի հայոց թեմը վերահաստատում է իր հավատարմությունը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին, Ամենայն Հայոց Հայրապետին, Եկեղեցու դարավոր նվիրապետական և կանոնական կարգին և մեր Սուրբ Եկեղեցու միասնականությանը։ Մենք չենք պնդում, որ Եկեղեցու կյանքում չկան խնդիրներ կամ որ եկեղեցական կառույցները չեն կարող բարեփոխվել։

Ընդհակառակը՝ յուրաքանչյուր հաստատություն, այդ թվում՝ Եկեղեցին, կարող է և պետք է մշտապես քննի իր գործունեությունը, շտկի թերությունները և կատարելագործի իր ծառայությունը։ Սակայն այդ գործընթացը պետք է իրականացվի Եկեղեցու ներսում, Եկեղեցու կողմից և Եկեղեցու կանոնական ու ժողովական կարգի համաձայն։ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին, ինչպես և յուրաքանչյուր իրավական միավոր, պարտավոր է հարգել օրենքը։ Սակայն նույն սկզբունքը գործում է նաև պետական իշխանության նկատմամբ։ Պետությունը ևս պարտավոր է գործել Սահմանադրությամբ և օրենքներով իրեն վերապահված իրավասությունների սահմաններում:

Այս սկզբունքը միայն Հայ Եկեղեցու կամ Հայաստանի ներպետական իրավունքի առանձնահատկությունը չէ։ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 9-րդ հոդվածը պաշտպանում է մտքի, խղճի և կրոնի ազատությունը։ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքը բազմիցս ընդգծել է, որ կրոնական համայնքի կյանքին մասնակցությունը ներառում է նաև համայնքի ներքին կազմակերպումը, իսկ կրոնական կազմակերպությունների նկատմամբ իր կարգավորիչ լիազորություններն իրականացնելիս պետությունը պարտավոր է պահպանել չեզոքություն և անաչառություն։

Սա նշանակում է, որ պետության և Եկեղեցու հարաբերություններում պետության դերը չի կարող վերածվել որևէ կրոնական համայնքի ներքին ղեկավարության ընտրության կամ պարտադրման գործիքի։ Պետության առաքելությունն է ապահովել օրենքի գերակայությունը, արդարադատությունը և քաղաքացիների իրավունքների պաշտպանությունը։ Եկեղեցու առաքելությունն է Ավետարանի քարոզությունը, հավատքի պահպանումը, հոգևոր ծառայությունը և իր նվիրապետական ու կանոնական կարգի համաձայն հավատացյալների առաջնորդությունը։

Ռումինիայի հայոց թեմը կարևորում է, որ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու ներքին խնդիրների լուծման գործընթացը մնա Եկեղեցու կանոնական և ժողովական իրավասության շրջանակում, իսկ պետական իշխանությունները լիարժեքորեն հարգեն ՀՀ Սահմանադրությամբ և օրենքներով ճանաչված Եկեղեցու ինքնակառավարման իրավունքը։

Մեր Տիրոջ խոսքերը, որոնք դարեր շարունակ առաջնորդել են Քրիստոսի Եկեղեցուն, այսօր ևս պահպանում են իրենց ամբողջական իմաստը. «Տվե՛ք կայսրինը՝ կայսրին, և Աստծունը՝ Աստծուն» (Մատթեոս 22:21)։ Այս խոսքը պետության դեմ ուղղված կոչ չէ։

Այն հիշեցում է այն պարզ և հիմնարար ճշմարտության մասին, որ յուրաքանչյուր իշխանություն ունի իր սահմանները, յուրաքանչյուր կառույց՝ իր իրավասությունը, իսկ Եկեղեցու կյանքը պետք է առաջնորդվի իր հավատքով, կանոններով և դարավոր նվիրապետական կարգով։

Ռումինիայի հայոց թեմ



Ամենից շատ դիտված

19:30 Ողբերգական պատահար Ռուբեն Գևորգյանին պատկանող Reebok մարզահամալիրում․ ՔԿ-ն քրեական վարույթ է նախաձեռնել
23:49 Հիմա ամենաշատը պապայիս գրկի կարիքն եմ զգում. Գագիկ Ծառուկյանի դստեր գրառումը
20:32 Ցեմենտն աննախադեպ թանկացել է. քաոս կամ թանկացումներ. ինչ է սպասվում
23:22 Հերոս Ալբերտ Հովհաննիսյանի նկարով ֆլեշմոբ է մեկնարկում
22:18 Ռուսաստանի նման երկրին հաղթել հնարավոր չէ, ուստի հաղթանակն անպայման մերն է լինելու. Պուտին
09:00 ՔՊ֊ական պատգամավորին 150.2 միլիոն դրամ «գցել են», բայց այդ փողը հայտարարագրում չի երևում
10:17 Արայիկի հարցին հարցով պատասխանենք. «Ո՞նց կարող է Փաշինյանը մնալ Հայաստանի վարչապետ...». Կարեն Հեքիմյան
20:40 Ընդդիմությունը ԵԽԽՎ զեկույցից գոհ լինելու կամ այն իշխանությունների դեմ օգտագործելու շատ հիմնավոր պատճառներ չունի․ Արփինե Հովհաննիսյան
17:00 Չենք հավատում, որ խաղաղություն է լինելու, պատրաստ չենք
13:30 Ո՛չ լուսավորություն կա, ո՛չ սեղան-աթոռ․ ինչ պայմաններում է պահվում Ռոբերտ Քոչարյանը