Ներքին 1 ժամ առաջ - 21:58 26-09-2026

Իտալիայի պատվո հյուպատոսի հետ միջադեպից հետո Գյումրիի ամենահայտնի հյուրատներից մեկը գրեթե չի աշխատում

Գյումրիի ամենահայտնի հյուրատներից մեկը՝ Իտալիայի պատվո հյուպատոս Անտոնիո Մոնտալդոյին պատկանող «Վիլա Կարսը», հայտնվել է դժգոհության ալիքի կենտրոնում։ Ֆեյսբուքյան օգտատերերից մեկը սոցցանցի իր էջում հրապարակած գրառմամբ դժգոհել է հյուրատան մատուցած ծառայությունից՝ նշելով, որ իր փորձը դրական չի եղել և հորդորելով մյուսներին չհայտնվել նույն իրավիճակում։ «Եկել եմ կիսվեմ ոչ դրական փորձով, որպեսզի դուք էլ չընկնեք նույն խնդրի մեջ»,- գրել է օգտատերը։

Oragir.News-ը այցելել է «Վիլա Կարս» և տեղում արձանագրել, որ հյուրատունն ամբողջությամբ փակ չէ, սակայն ամբողջ ծավալով չի գործում և կիսով չափ է աշխատում։

Թե ինչով է պայմանավորված հյուրատան աշխատանքի այս վիճակը, Oragir.News-ը պաշտոնական մեկնաբանություն է խնդրել Անտոնիո Մոնտալդոյից։ Նրա պատասխանը ստանալուն պես կներկայացնենք։

Հիշեցնենք, որ նախորդ տարի Գյումրիում միջադեպ էր տեղի ունեցել Իտալիայի պատվո հյուպատոսի մասնակցությամբ։
Գյումրիի պարեկապահակային ծառայության պահակատան հարևանությամբ Mercedes Vito մակնիշի մեքենան հարվածել էր Անտոնիո Մոնտալդոյին, ինչի հետևանքով նա գետնին էր տապալվել։ Ըստ տեղեկությունների՝ մեքենան պատկանել է պարեկ Արտյոմ Ղազարյանին։

Մոնտալդոն վնասվածքներ էր ստացել, իսկ միջադեպից հետո նրան, ըստ հրապարակված տեղեկությունների, պատշաճ օգնություն չի ցուցաբերվել։ Դեպքի առնչությամբ նախաձեռնվել էր քրեական վարույթ, սակայն մինչ օրս հանրությանը հայտնի չէ, թե ինչ ընթացք է ստացել այն։

Ամենից շատ դիտված