Հայաստանում Նիդերլանդների դեսպան Մարիկե Մոնրոյ-Վինթերը և ԵՄ անդամ մի շարք երկրների դեսպաններ Սյունիքի մարզպետարանում ամփոփել են «Դիմակայուն Սյունիք Թիմ Եվրոպա» նախաձեռնության շրջանակում կատարված աշխատանքներն ու քննարկել հետագա առաջնահերթությունները։
«Այս հանդիպումները կարևոր հարթակ են ոչ միայն արդյունքները ամփոփելու, այլև մեր գործընկերության հետագա ուղղությունները միասին նախանշելու համար։ Հատկապես արժեքավոր էր լսել մարզպետարանի տեսլականը այս հարցի շուրջ», –ըստ Հայաստանում Նիդեռլանդների դեսպանության՝ նշել է դեսպանը։
Օրվա երկրորդ կեսին դեսպանը, գործընկերների հետ միասին, տեղում ծանոթացավ թե ինչպես են համատեղ ներդրումներն աշխատում գործնականում՝ այցելելով Կապանի կաթնամթերք արտադրող ընկերություն, ծանոթանալով Լեհվազում խմելու ջրի հասանելիության բարելավման աշխատանքներին և «Մեղրի Ֆրութս» ընկերություն, որտեղ Թիմ Եվրոպայի աջակցությունն օգնել է ընդլայնել արտադրությունը, ստեղծել նոր աշխատատեղեր և մուտք գործել արտահանման նոր շուկաներ։