Սեպտեմբերի 21-ին ՀՀ Անկախության տոնին նվիրված միջոցառումները, տոնական տրամադրությունից զատ, ուղեկցվեցին հանրային մեծ արձագանք ստացած մշակութային սկանդալով: Օրվա գլխավոր խոսակցության թեման դարձավ սիրված երգչուհի Սոֆի Մխեյանի ելույթի անսպասելի չեղարկումը Վարդենիսում նախատեսված տոնական ծրագրից:
Այս միջադեպը հանրության շրջանում տարաբնույթ քննարկումների և մտահոգությունների տեղիք տվեց՝ առաջացնելով հարցեր մշակութային ոլորտում հնարավոր թաքնված գրաքննության կամ կազմակերպչական կամայականությունների վերաբերյալ:
Այս ընթացքոււմ համացանցում և սոցիալական ցանցերում լուրեր տարածվեցին նաև այն մասին, թե Չուխաջյանի անվան երգչախմբի «Սարդարապատ» կատարումը նույնպես վերջին պահին հանվել է տոնական ծրագրից:
Օգտատերերը զուգահեռներ էին անցկացնում այս երկու իրադարձությունների միջև՝ փորձելով հասկանալ, թե արդյոք առկա է ընդհանուր միտում և ինչ միջամտություններ են տեղի ունենում տոնական սցենարներում:
Հանրային մեծ աղմուկից հետո երգչուհին ստիպված եղավ հանդես գալ հրապարակային պարզաբանմամբ։ Իր պաշտոնական էջերում արված սոցցանցային գրառման մեջ Սոֆի Մխեյանը դիմել էր հանդիսատեսին և բացահայտել տեղի ունեցածի կազմակերպչական կողմը։
«Տեղեկացնում եմ, որ անսպասելիորեն իմ ելույթը համերգային ծրագրից հանվել է՝ ոչ իմ նախաձեռնությամբ և ոչ էլ որևէ հստակ պատճառաբանությամբ։ Անկախության տոնը, ի վերջո, մեզանից յուրաքանչյուրին նաև հիշեցնում է մի շատ պարզ արժեքի մասին՝ լինել ազատ և անկախ՝ սեփական որոշումների, խոսքի ու ընտրության մեջ»,- գրել էր Մխեյանը։
Oragir.News-ը կապ հաստատեց Սոֆի Մխեյանի հետ՝ ստեղծված իրավիճակի շուրջ հավելյալ մանրամասներ պարզելու նպատակով:
Սակայն երգչուհին չցանկացավ անդրադառնալ թեմային՝ նշելով, որ իր հրապարակած տեքստով արդեն իսկ ամեն ինչ ասված է:
«Ես իմ գրառման մեջ ասել եմ այն, ինչ որ պետք էր: Խնդիրը երգը չէր, դրա հետ կապված չէր, ուղղակի ծրագրից իմ ելույթը հանվել էր, մնացածն արդեն հասկանալի է... Անկախության օրվան նվիրված համերգ էր, որը հաստատված էր, 10 օր առաջ ամեն ինչ կազմակերպված էր, իսկ 3-4 օր առաջ ինձ տեղեկացրեցին, որ ես ծրագրում չկամ», - մեզ հետ զրույցում պարզաբանեց երգչուհին:
Հասմիկ Մովսիսյան