Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը մորաքրոջ՝ անվանի բժիշկ, ԵՊԲՀ ամբիոնի դոցենտ, բ.գ.թ. Անահիտ Գրիգորիի Հասրաթյանի մահվան կապակցությամբ գրել է․
«Կան մարդիկ, որոնց մահվան լուրը միայն ընտանիքի կորստի մասին չէ։ Նրանց հետ մի տուն չի դատարկվում միայն։ էպոխա է հեռանում։ Մի աշխարհ, որը իրենց մեջ պահել էին այնքան երկար, որ թվում էր՝ քանի դեռ նրանք կան, այդ աշխարհն էլ ինչ-որ տեղ շարունակում է գոյություն ունենալ։
Մահացել է մորաքույրս՝ Անահիտ Հասրաթյանը։ Մամայիս ավագ քույրը։ Նա մեծ էր ու ավագ՝ բոլոր իմաստներով։ Տարիքով, ներկայությամբ, պատասխանատվությամբ։ Այն մարդկանցից էր, որոնց կողքին միշտ երեխայի պես մի քիչ ուղղվում ես, նույնիսկ երբ ինքդ վաղուց երեխա չես։ Որովհետև նրանք իրենց հետ բերում են մի բան, որն այսօր գնալով ավելի հազվադեպ է հանդիպում՝ չափանիշ։
Մորաքրոջս գնալով ինձ համար ավելի է նոսրանում մի ամբողջ սերունդ՝ սովետահայերի սերունդը։ Ես հիմա «սովետահայ» բառն ասում եմ ոչ որպես քաղաքական սահմանում։ Դա մարդկային տեսակ էր։
Մարդիկ, որոնք ոչ միայն ապրել էին իրենց երկրում, այլ ստեղծել էին այն։ Կառուցել էին քաղաքներ, հիվանդանոցներ, դպրոցներ, գործարաններ։ Ստեղծել էին գիտություն, երաժշտություն, ճարտարապետություն, կինո։ Փոքր Հայաստանում ձևավորել էին մի միջավայր, որտեղ աշխարհի հետ համեմատվելը ոչ թե մեծամտություն էր, այլ բնական ընթացք։
Նրանք Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ծնված հաղթողների զավակներն էին։ Մեծացել էին մարդկանց կողքին, որոնք հաղթել էին պատերազմը, կառուցել էին իրենց տունը, իրենց քաղաքը և համոզված էին, որ կառուցածը մնալու է իրենցից հետո։ Նրանց աշխարհը պարզ էր ոչ այն պատճառով, որ հեշտ էր, այլ որովհետև ուներ հենարաններ։
Եվ մի օր այդ աշխարհը փլվեց։ 1991 թվականին նրանք կորցրին այն երկիրը, որտեղ ծնվել էին, սովորել, աշխատել, սիրել։ Պատմությունն այդ իրադարձությունը կարող է կոչել ինչպես ուզում է։ Բայց մարդու կենսագրությունն ունի իր բառապաշարը։ Երբ մի օր արթնանում ես ու պարզվում է՝ երկիրը, որի քաղաքացի էիր ամբողջ կյանքում, այլևս գոյություն չունի, դա նաև անձնական կորուստ է։
Ու այդ սերունդը պիտի սովորեր ապրել այդ կորստից հետո։ Որպեսզի չխելագարվեն, որպեսզի շարունակեն ապրել, նրանք հավատացին նոր Հայաստանի ապագային։ Երբեմն՝ խենթանալու աստիճանի։ Համոզեցին իրենք իրենց, որ նախկին երկիրը երևի այնքան էլ լավը չէր։ Որ կորցրածը գուցե այդքան էլ արժեքավոր չէր։ Որ ամեն ինչ դեռ առջևում է։ Եվ սիրեցին անկախ Հայաստանը։ Ոչ թե խոսքերով։ Մնալով։ Սա երևի այդ սերնդի ամենամեծ հայրենասիրությունն էր։
Ոմանք գնացին Ռուսաստան, Ամերիկա, Եվրոպա։ Շատերը գնացին, որովհետև այլևս չէին կարող մնալ կամ որովհետև վռդվեցին։ Մյուսները մնացին մի երկրում, որտեղ մի քանի տարվա ընթացքում փոխվել էր գրեթե ամեն ինչ՝ փողը, կարգը, օրենքները, հասարակությունը, նույնիսկ մարդկանց լեզուն ու հարաբերությունները։
Մորաքույրս մնաց։ Ինչպես իմ մեծ ընտանիքից շատերը՝ մնաց հայրենիքում։ Մնաց ու շարունակեց անել այն, ինչ գիտեր անել. բուժել։ Գուցե դա ամենաճիշտ բառը լինի նրա ամբողջ կյանքի համար։ Բուժել մարդկանց, երբ երկրին էլ էր բուժում պետք։
Նրա համար բժշկությունը պարզապես մասնագիտություն չէր։ Այդ սերնդի մարդիկ ընդհանրապես հազվադեպ էին «աշխատանքի գնում» այն իմաստով, ինչպես մենք ենք հիմա ասում։ Նրանք մասնագիտություն ունեին։ Իսկ մասնագիտությունը նրանց ինքնության մի մասն էր։ Սպիտակ խալաթը պարզապես աշխատանքային հագուստ չէր։ Դա կարգ էր։ Պատասխանատվություն։ Կեցվածք։ Եվ երևի նաև այն աշխարհի մի փոքրիկ մնացորդը, որտեղ մարդուն գնահատում էին նրանով, թե ինչ է նա ստեղծում և որքան լավ է անում իր գործը։
Մորաքույրս սիրում էր Երևանը։ Բայց նրա համար Երևանը պարզապես քաղաք չէր։ Դա նաև ընտանիքի պատմությունն էր։ Երբ նա քայլում էր այդ քաղաքով, ինչ-որ իմաստով քայլում էր նաև իր հոր կենսագրության միջով։ Այն Երևանի, որի փողոցները, շենքերը, հրապարակներն ու մտածողությունը ձևավորել էր նաև իր հոր սերունդը։
Եվ ես վստահ եմ՝ մինչև կյանքի վերջ նա այդպես էլ չհասկացավ, թե ինչո՞վ էր վատ այդ քաղաքը։ Ինչո՞ւ պիտի ամաչեր այն Հայաստանից, որտեղ մեծացել էր, կրթություն ստացել, բժիշկ դարձել ու մարդկանց բուժել։ Ինչո՞ւ պիտի ամբողջությամբ մերժեր մի երկիր, որի ստեղծած ժառանգության մեջ մենք մինչև այսօր ապրում ենք, որի շենքերով հպարտանում ենք, որի գիտնականներին, արվեստագետներին ու ինժեներներին շարունակում ենք ներկայացնել աշխարհին։
Բայց ամենակարևորը՝ նա երբեք չդարձավ անցյալով ապրող մարդ։ Չնստեց կորցրած աշխարհի փլատակների վրա՝ դժգոհելով նորից։ Նա ընդունեց նոր Հայաստանը։ Սիրեց այն։ Ապրեց նրա հաղթանակներով, ցավերով, պատերազմներով, հիասթափություններով։ Նորից կառուցեց իր կյանքը։ Եվ նորից մնաց։
Հետո նրա սերնդին բաժին հասավ նաև տեսնել, թե ինչպես է այն Հայաստանը, որին իրենք այդքան դժվարությամբ սովորել էին ու սիրել, նորից փոխվում իրենց աչքի առաջ։ Ինչպես է մի ժամանակ միասնական թվացող հասարակությունը բաժանվում։ Ինչպես է կորցվում Արցախը։ Ինչպես է սկսվում երբեմն անհասկանալի, երբեմն անողոք մի կռիվ Հայաստանի ու հայի միջև։
Նրա սերունդը չափազանց շատ հայրենիքներ կորցրեց մեկ կյանքի համար։ Գուցե երեք։ Եվ ամեն անգամ նրանց ասում էին՝ սկսեք նորից։ Ու նրանք սկսում էին։
Ահա թե ինչու մորաքրոջս մահը ինձ համար միայն հարազատ մարդու կորուստ չէ։ Այդ մարդկանց գնալով ավարտվում է մի մարդկային տեսակ։ Մարդիկ, որոնց մեջ առանց հակասության կարող էին կողք կողքի ապրել Նարեկացին ու Լերմոնտովը։ Որոնք հավասար ազատությամբ խոսում էին երկու լեզվով և դրա մեջ ինքնության որևէ խնդիր չէին տեսնում։ Որոնք կարող էին աշխարհի քաղաքացիներ լինել, բայց Արցախի կորստի մասին ցավալ հայ կնոջ այն պարզ, անձնական ցավով, որի համար ոչ աշխարհաքաղաքական վերլուծություն է պետք, ոչ բացատրություն։
Մարդիկ, որոնք իրենց հայկականությունը չէին ցուցադրում։ Կրում էին։ Մորաքույրս այդպիսին էր։ Իր հոր ազգանվան հպարտ կրողը։ Իր ընտանիքի, քաղաքի, մասնագիտության ու ժամանակի արժանապատիվ ներկայացուցիչը։
Ո՛չ մայրս, ո՛չ հայրս, ո՛չ էլ ես չենք կարող մասնակցել նրա հրաժեշտին։ Չենք կարող վերջին անգամ կանգնել նրա կողքին։ Չենք կարող անել այն ամենապարզ բանը, որ մարդ անում է, երբ մահանում է իր հարազատը՝ մոտենալ, լռել ու հրաժեշտ տալ։
Երկար փորձում էի գոնե ինչ-որ մխիթարություն գտնել դրա մեջ։ Սկզբում թվում էր՝ չկա, հետո հասկացա՝ կա. մենք քեզ չենք տեսնի մահացած։ Չենք հիշի հրաժեշտի այդ վերջին պատկերը։ Եվ դրա համար, գուցե, մեր հիշողությունն ավելի բարի գտնվի մեր նկատմամբ։
Մեր մեջ դու կմնաս այնտեղ, որտեղ քեզ տեսել ենք ամբողջ կյանքում, քո բժշկական կաբինետում, սպիտակ խալաթը հագիդ, ինչ-որ մեկին լսելիս, ինչ-որ մեկին բուժելիս, ինչ-որ բան բացատրելիս։ Ու երևի մարդու համար ավելի լավ հրաժեշտ դժվար է պատկերացնել։
Մենք քեզ չենք հիշելու այնպես, ինչպես գնացիր։
Մենք քեզ հիշելու ենք այնպես, ինչպես մնացիր։
Հանգչիր խաղաղությամբ, Անահիտ Գրիգորևնա»։