Ներքին Միտք 1 ժամ առաջ - 16:00 08-09-2026

Ինչու է Մոսկվան ուզում, որ ՀՀ-ն ԵՄ-ին միանա. գիշերը մութ է լինելու

Թաթուլ Մկրտչյան

Հեղինակ

Անկախության բացակայության ցուցիչն այն է, երբ ուրիշ երկրի մայրաքաղաքում են որոշում քո երկրի զարգացման ուղին, ապագան։

Հայաստանի իրավիճակն, այս առումով, ցավալի է։ ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը սեպտեմբերի 7-ին լրագրողների հետ զրույցում ասել է, թե Մոսկվայում առաջիկա բարձր մակարդակի ռուս-հայկական բանակցությունների հիմնական թեմաներն են լինելու Հայաստանի ապագա կողմնորոշումը և այս հարցի շուրջ հանրաքվեի անցկացումը։

Բնական է, որ Մոսկվային մտահոգում է Հայաստանի եվրոպական ընտրությունը, քանի որ Հայաստանը տարածաշրջանում վերջին երկիրն է, որտեղ դեռ ռուսական ռազմական ներկայություն կա։ Հայաստանի քաղաքակրթական ընտրության պարագայում մեր տարածաշրջանում կվերանա ռուսական ազդեցությունը, և Ռուսաստանն ավելի կփոքրանա աշխարհի քաղաքական քարտեզի վրա։

Հարցն այստեղ այլ է. ինչո՞ւ է Փաշինյանը Մոսկվայում քննարկում Հայաստանի՝ ԵՄ-ին միանալու հանրաքվեի անցկացման հարցը։

Հայաստանի ընտրության տնտեսական հետևանքների քննարկումը բնական է։ Բայց երբ քննարկման առարկա է դառնում քաղաքական ընտրությունը՝ ԵՄ, ԵԱՏՄ, հանրաքվե, արդեն հատվում է ինքնիշխանության սահմանը, ինչը վիրավորական է ազգային գիտակցություն, ազգային ինքնասիրություն ունեցողների համար։

Փաշինյանը վերջին 1-2 տարում հայտարարում է, թե վարում է հավասարակշռված և հավասարակշռման քաղաքականություն։ Այս դեպքում ինչպե՞ս է ստացվում, որ ՀՀ արտաքին քաղաքական հարցերը քննարկվում են այլ երկրի մայրաքաղաքում։ Բան է փոխվե՞լ, թե՞ Փաշինյանն արդեն չի որոշում։

Նորմալ կլիներ, եթե ՀՀ վարչապետը կարճ ասեր, որ ՀՀ արտաքին քաղաքական ընտրությունը Հայաստանի ներքին իրավասությունն է։ ՀՀ արտաքին քաղաքական կուրսը որոշվում է ՀՀ Սահմանադրությամբ, պետական մարմիններով և ՀՀ քաղաքացիների կամքով։ Ո՛չ Կրեմլը, ո՛չ Բրյուսելը, ո՛չ Վաշինգտոնը իրավասություն չունեն որոշելու, թե Հայաստանը ինտեգրացիոն ի՞նչ ուղղություն ընտրի։

Նշենք նաև, որ ՀՀ-ն ԵԱՏՄ-ին միացել է առանց հանրաքվեի։ Սակայն 2015-ի Սահմանադրության մեջ ավելացել է հոդված, որ վերպետական դաշինքներին միանալու հարցերը լուծվում են հանրաքվեով։ Կրեմլում, հավանաբար, մտավախություն ունեն, որ ՀՀ նոր Սահմանադրությունից այս հոդվածը կհանվի։ Եվ Հայաստանը կարող է դուրս գալ ԵԱՏՄ-ից ու մտնել ԵՄ՝ առանց հանրաքվեի։ Հավանաբար, վախենում են նաև, որ ՀՀ Սահմանադրության նախաբանում կգրվի ԵՄ-ին և ՆԱՏՕ-ին միանալու նպատակի մասին։ Այս դեպքում Մոսկվան կա՛մ կհաշտվի, որ ՀՀ-ն այլևս իր գոտին չէ, կա՛մ կփորձի զավթել ՀՀ որոշ տարածքներ, ինչպես փորձում է Ուկրաինայում։

Մեկ այլ վարկածով՝ ենթադրվում է, որ Մոսկվան է Հայաստանի՝ ԵՄ-ին միանալու ռազմավարության ճարտարապետը և կոնկրետ տնտեսական շահեր է հետապնդում այս գործընթացում։ Օրեր առաջ ԵՄ-ն Հայաստանից ԵՄ արտահանվող ապրանքների 80 տոկոսի համար արտոնություն սահմանեց։ Արաբական երկրները ևս բացում են իրենց շուկաները հայկական արտադրանքի համար։ Այս արտոնություններից կարո՞ղ է օգտվել Մոսկվան։ Ենթադրելի, որ հայ գործարարը կարող է ռուսական ծագում ունեցող ապրանքի վրա գրել՝ «Արտադրված է Հայաստանում», և դրանք արտահանել եվրոպական երկրներ։ Այսպես ռուսական ապրանքները հայկական պիտակի տակ թաքնված կշրջանցեն պատժամիջոցներն ու կհայտնվեն Եվրոպայում՝ ռեալ շահույթ բերելով Հայաստանի բախտակից երկրի դեմ պատերազմող Ռուսաստանին։ Եվ այս պլանը քողարկելու համար էլ Մոսկվան ձևացնում է, թե Հայաստանի հետ լավ չէ, մտահոգված է Հայաստանի ԵՄ-ին ինտեգրման քայլերով, առաջարկում է հանրաքվե անել ու դուրս գալ ԵԱՏՄ-ից և այլն։

Կարճ ասած՝ Մոսկվայում Փաշինյան-Պուտին հանդիպման գիշերը խորհրդավոր ու մութ է լինելու։ Հոռետեսական կասկած կա, թե ՀՀ-ին ստիպելու են նահանջել ինքնիշխանությունից և սպասարկել ռուսական շահերը ԵՄ ինտեգրացիոն գործընթացում։ Պեսկովի վերը բերված տեղեկատվությունն արդեն հարված էր ՀՀ ինքնիշխանությանն ու միջազգային հեղինակությանը։ Հետևապես, ինչքան էլ մեծ շահույթներ ակնկալեն գործարարները Փաշինյանի և Պուտինի եվրոպական խաղերի արդյունքում, Հայաստանն արդեն քաղաքական հեղինակության կորուստ է ունենում, քանի որ աշխարհում հիմք ունեն կասկածելու, որ Մոսկվայում են որոշում ՀՀ քաղաքական կուրսը, մասնավորապես՝ ԵՄ-ին միանալու-չմիանալու հարցը։

Թաթուլ Մկրտչյան

Ամենից շատ դիտված