Ուղիղ եթեր
Ներքին 1 ամիս առաջ - 15:11 07-09-2026

Անդրեասյանն ընդունել է Հայաստանը ներկայացնող թենիսիստներ Էլինա Ավանեսյանին և Ալինա Չարաևային

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է Հայաստանը միջազգային հարթակներում ներկայացնող թենիսիստներ Էլինա Ավանեսյանին ու Ալինա Չարաևային։ Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից:

Հանդիպմանը ներկա են եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Քրիստինա Թաթարյանը, Հայաստանի թենիսի ֆեդերացիայի նախագահ Վարդան Զաքարյանը և «Կերոն» զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Վանանե Արարքցյանը։

Ողջունելով հյուրերին՝ Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է թենիսիստուհիներին և կարևորել նրանց դերը միջազգային մարզական հարթակներում Հայաստանի ճանաչելիության բարձրացման գործում։ Նա շնորհակալություն է հայտնել նաև «Կերոն» զարգացման հիմնադրամին և Հայաստանի թենիսի ֆեդերացիային՝ Հայաստանում սպորտի, մասնավորապես՝ թենիսի զարգացմանն ուղղված աշխատանքի համար։

Ժաննա Անդրեասյանն անդրադարձել է Հայաստանի թենիսի տղամարդկանց և կանանց հավաքականների հաջող մրցելույթներին՝ ընդգծելով, որ արդյունքները վկայում են մարզաձևի զարգացման ներուժի մասին։ Ամռանը Ծաղկաձորում անցկացված Դևիսի գավաթի եվրոպական գոտու 4-րդ ենթախմբում Հայաստանի տղամարդկանց հավաքականը 4 հաղթանակով զբաղեցրել է երկրորդ տեղը և նվաճել 3-րդ ենթախմբի ուղեգիր, իսկ կանանց հավաքականը դուրս է եկել Բիլի Ջին Քինգի գավաթի 2-րդ ենթախումբ։

«Մեզ համար կարևոր է ստեղծել անհրաժեշտ ենթակառուցվածքներ և հնարավորություններ, որպեսզի ավելի շատ երեխաներ կարողանան զբաղվել թենիսով։ Հուսով եմ՝ ձեր օրինակը, ինչպես նաև նախարարության, հիմնադրամի և ֆեդերացիայի համատեղ աշխատանքը կնպաստեն նոր հաջողությունների և երեխաների՝ սպորտում ավելի ակտիվ ներգրավմանը»,- ասել է Ժաննա Անդրեասյանը՝ կարևորելով փորձառու մարզիկների անմիջական շփումը երեխաների և պատանի մարզիկների հետ։

Էլինա Ավանեսյանը, որը Հայաստանի դրոշի ներքո միջազգային մրցաշարերում հանդես է գալիս 2024 թվականի օգոստոսից, շնորհակալություն է հայտնել ընդունելության համար՝ ընդգծելով, որ հպարտ է Հայաստանը միջազգային հարթակներում ներկայացնելու հնարավորությամբ։ Նրա խոսքով՝ Հայաստանում անցկացվող հանդիպումներին և վարպետության դասերին տարեցտարի ավելի շատ երեխաներ են ներգրավվում, որոնց հետաքրքրությունն ու ոգևորությունն իրեն ևս մոտիվացնում են։

Ալինա Չարաևան ստացել է ՀՀ քաղաքացիություն և առաջիկայում միջազգային մրցաշարերում հանդես կգա Հայաստանի դրոշի ներքո։ 24-ամյա մարզուհին WTA վարկանիշային աղյուսակում զբաղեցնում է 118-րդ հորիզոնականը, իսկ ITF Junior վարկանիշում հասել է 12-րդ տեղին։

Մարզուհին առաջին անգամ է եկել Հայաստան․ նա ընդգծել է ջերմ ընդունելությունն ու երեխաների հետ հանդիպումներից ստացած տպավորությունները. «Այստեղ մարդկանց ջերմությունը պարզապես անհնար է բառերով նկարագրել։ Ինձ համար մեծ պատիվ է ներկայացնել Հայաստանը»։
«Կերոն» զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Վանանե Արարքցյանը շնորհակալություն է հայտնել ԿԳՄՍ նախարարության հետ համագործակցության համար՝ նշելով, որ սպորտը հիմնադրամի ռազմավարական ուղղություններից է։ Ներկայացվել է նաև «Տաղանդների ֆոնդ» ծրագիրը, որի նպատակն է տարբեր ոլորտների բարձրակարգ մասնագետների ներգրավումը։

Հայաստանի թենիսի ֆեդերացիայի նախագահ Վարդան Զաքարյանը ներկայացրել է Երևանում թենիսի ենթակառուցվածքների զարգացման նոր նախագծի մշակման աշխատանքները։ ԿԳՄՍ նախարարը պատրաստակամություն է հայտնել ծանոթանալու նախագծին և քննարկելու դրա իրականացման հնարավորությունները։
Կողմերը քննարկել են նաև Հայաստանում թենիսի մասսայականացման, միջազգային մարզական հարթակներում Հայաստանի ներկայության ընդլայնման, ինչպես նաև ճանաչված թենիսիստների մասնակցությամբ ցուցադրական հանդիպումների և այլ միջոցառումների կազմակերպման հնարավորությունները։

Հանդիպման ավարտին մարզուհիները ներկայացրել են առաջիկա ծրագրերը՝ տեղեկացնելով, որ Հայաստանից մեկնելու են Բրազիլիա, ապա մասնակցելու են Ասիայում, այդ թվում՝ Չինաստանում և Կորեայում կայանալիք մրցաշարերին։ Հետագայում նախատեսվում է նաև մասնակցություն Ավստրալիայի բաց առաջնությանը։
Ժաննա Անդրեասյանը հաջողություն է մաղթել մարզուհիներին՝ հույս հայտնելով, որ Հայաստանից ստացած դրական էներգիան և ջերմությունը կուղեկցեն նրանց միջազգային մրցելույթներում:

Ամենից շատ դիտված

19:30 Մարմարիկում մերժել են ԿԳՄՍՆ-ի 2000-ական դրամները, վարչական ղեկավարը հայտարարում է՝ դպրոցի փակում թույլ չենք տա
19:27 Գեղարքունիքում «BMW»-ի վթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված 26-ամյա կինը մահացել է
12:40 Մաղթում եմ, որ բոլոր ծնողները զգան այս երանությունը. Վահան Քերոբյան
18:36 Հայկավանի 20-ամյա բնակչուհու տնից հափշտակել են 16 հազար ԱՄՆ դոլար, ոսկյա զարդեր և բջջային հեռախոս
13:52 Որտե՞ղ ա գրած, որ Ադրբեջանը սահման ա բացելու. ընդամենը ՀՀ տարածք եք հանձնում Ադրբեջանին. սա ճակատագրական հարց ա. Էդգար Ղազարյան
13:10 Երևանի Բուդաղյան փողոցի բնակիչները դիմում են ՀԷՑ ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանին
13:20 Փաշինյանն ընդունել է Եվրոպական հանձնաժողովի շրջակա միջավայրի հարցերով հանձնակատարին
15:10 Սրիկայություն է ասելը, թե Հոկտեմբերի 27-ը ձեռնտու էր Ռոբերտ Քոչարյանին. այդ օրն անձնական ողբերգություն էր. Լևոն Քոչարյան
18:00 Հոկտեմբերի 27-ը կբացահայտվի, երբ ճշմարտությունը քննիչի Աստվածը դառնա
12:10 Մենք մտադրություն չունեինք մնալ օկուպացված երկիր․ Ալիև