Մամուլ 1 ժամ առաջ - 08:39 05-09-2026

Փոփոխություններ են սպասվում վտանգավոր բեռների փոխադրման գործընթացում․ «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունն առաջարկում է փոփոխություններ և լրացումներ կատարել «Ավտոմոբիլային տրանսպորտով վտանգավոր բեռներ և չվնասազերծված տարաներ փոխադրելու մասին», «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին», «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» օրենքներում և Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում։

Վտանգավոր բեռների փոխադրումը բարձր ռիսկայնություն ունեցող գործունեություն է, որի ընթացքում սահմանված պահանջների խախտումը կարող է անմիջական վտանգ ստեղծել մարդկանց կյանքի և առողջության, շրջակա միջավայրի, գույքի, ինչպես նաև ճանապարհային երթևեկության անվտանգության համար։ Այդ նպատակով օրենքների նախագծերի փաթեթով առաջարկվում է սահմանել արդյունավետ, կանխատեսելի և իրավական որոշակիության սկզբունքին համապատասխան վերահսկողության համակարգ։

Փաթեթի ընդունման նպատակն է ստեղծել ավտոմոբիլային տրանսպորտով վտանգավոր բեռների փոխադրումների նկատմամբ վերահսկողության հստակ և ամբողջական համակարգ՝ ապահովելով ՀՀ օրենսդրության աստիճանական մոտարկումը ԵՄ իրավական ակտերին։

Մասնավորապես՝ տարանջատվում են վտանգավոր բեռներ փոխադրելու բնագավառում վերահսկողության երկու ձևերը՝ ճանապարհին իրականացվող վերահսկողությունը և վտանգավոր բեռներ փոխադրող սուբյեկտների մոտ իրականացվող ստուգումը, սահմանվում են ճանապարհին իրականացվող վերահսկողության հիմնական պահանջները, իրականացված վերահսկողությունների հաշվառման և միջպետական համագործակցության մեխանիզմները, խախտումների ռիսկայնության խմբերը և առաջին ու երկրորդ ռիսկայնության խմբերի խախտումների դեպքում ձեռնարկվող գործողությունները։

Կառավարությանը վերապահվում են ճանապարհին իրականացվող վերահսկողության կարգի, վտանգավոր բեռների փոխադրման բնագավառում խախտումների ցանկի և վերահսկողության ստուգաթերթի ձևի հաստատման լիազորությունները, միևնույն ժամանակ՝ սահմանվում են ճանապարհին իրականացվող վերահսկողության նպատակով վտանգավոր բեռ փոխադրող ավտոտրանսպորտային միջոցները կանգնեցնելու և, անհրաժեշտության դեպքում, արգելանքի տակ դնելու իրավական հիմքերը, ըստ ռիսկայնության խմբերի վարչական պատասխանատվություն և այլն»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։