Ներքին 1 ամիս առաջ - 20:00 11-08-2026

Ռիսկեր կան, բայց կանխակալ հետևություններ անել չեմ կարող. Ռուբեն Մելիքյանը՝ 29-ամյա դատավորի մասին

Հասմիկ Մովսիսյան

Լրագրող

Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Էջմիածնի նստավայրի 29-ամյա դատավոր Սերժ Արտյոմի Ռուշանյանին է մակագրվել Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի և վեց եպիսկոպոսների վերաբերյալ աղմկահարույց քրեական գործը։

Oragir.News-ի հետ զրույցում իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը՝ անդրադառնալով դատավորի տարիքին և մասնագիտական փորձին, նշել է, որ անձամբ չի ճանաչում Ռուշանյանին, իսկ նրա վերաբերյալ հրապարակային տեղեկատվությունը բավարար չէ դատավորի մասնագիտական կարողությունների վերաբերյալ միանշանակ հետևություններ անելու համար։

«Ես ծանոթ չեմ դատավորին։ Այս առումով ոչինչ ասել չեմ կարող․ այն հրապարակային տեղեկատվությունը, որ առկա է, միանշանակ որևէ հետևություն անելու հիմք չի տալիս։ Միակ հանգամանքը, որը որոշակի առումով անհանգստացնում է, այն է, որ փորձառությունը շատ մեծ չէ»,- ասաց Մելիքյանը։

Նրա խոսքով՝ դատավորի մասնագիտական փորձի հարցը հատկապես կարևոր է քրեական գործերի դեպքում։ Մելիքյանը կարծում է, որ դատավոր դառնալու համար պետք է ավելի բարձր տարիքային շեմ սահմանել։

«Ես առհասարակ այն կարծիքին եմ, որ 30 տարեկանը պետք է լինի դատավոր դառնալու նվազագույն տարիքը, հատկապես՝ քրեական գործերով։ Բայց սա կոնկրետ դատավորի խնդիրը չէ, այլ համակարգի խնդիրը»,- ընդգծեց իրավապաշտպանը։

Հարցին, թե արդյոք դատավոր Ռուշանյանի՝ նախկինում արդարադատության նախարարի խորհրդական կամ օգնական աշխատելու հանգամանքը չի՞ կարող շահերի բախման կամ գործադիր իշխանությունից հնարավոր կախվածության ռիսկեր առաջացնել, հատկապես այն պարագայում, երբ գործը որակվում է որպես քաղաքական հետապնդում, Մելիքյանը նշել է, որ որոշակի ռիսկեր տեսնում է։

«Որոշակի ռիսկեր, կարծում եմ, կան, բայց արդյոք այդ ռիսկերը այն աստիճան բարձր են, որ խնդրահարույց լինեն, չեմ կարող ասել»,-նշեց նա։

Մելիքյանը միաժամանակ շեշտել է, որ դատավորի նախկին աշխատանքը գործադիր կամ իրավապահ համակարգում ինքնին դեռ չի նշանակում, որ տվյալ անձը չի կարող լինել անկախ և պատշաճ դատավոր։

«Ես տեսել եմ նաև դատավորներ, որոնք նախկինում, օրինակ, ունեցել են դատախազի, քննիչի աշխատանքի փորձ, գործադիրում աշխատանքի փորձ, բայց, այնուհանդերձ, եղել են լավ դատավորներ։ Այդպիսի դեպքեր տեսել եմ»,- ասաց Ռուբեն Մելիքյանը։ Հասմիկ Մովսիսյան

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
21:56 7 մլն դրամանոց մեքենա, 13.1 մլն դրամի ծախս և 720 հազար դրամ՝ ՔՊ-ին․ ինչ է հայտարարագրել Ախուրյանի համայնքապետը
22:20 ՌԴ-ն պատրաստ է օգնել Իրանին Մերձավոր Արևելքում իրավիճակի կարգավորման հարցում. Պուտին
21:30 2050 թվականին աշխարհը նվաճելու ծրագիրը հետաձգվու՞մ է
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
21:19 Ջաբրայիլում ականների պայթյուններից հայր և որդի են վիրավորվել
22:09 Ջրաշենում 52-ամյա վարորդը Opel-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել․ կա վիրավոր
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
22:25 Հրդեհ է բռնկվել Արջուտ բնակավայրի տներից մեկին կից անասնագոմի տանիքում․ այրվել է անասնակեր