Ներքին Արտաքին 3 շաբաթ առաջ - 22:44 30-07-2026

Եթե պայմանագիրը միակողմանի խզվի, ՌԴ–ն ՀՀ–ից հատուցում պահանջելու իրավունք կունենա. ռուս նախարարը՝ Փաշինյանի հայտարարության մասին

Եթե կոնցեսիոն պայմանագրով ստանձնած պարտավորությունները միակողմանիորեն վերանայվեն, ապա Ռուսաստանն իրավունք կունենա Հայաստանից փոխհատուցում պահանջելու։

Այս մասին հայտարարել է ՌԴ տնտեսական զարգացման նախարար Մաքսիմ Ռեշետնիկովը՝ մեկնաբանելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այսօրվա հայտարարությունը։

Այսօր լրագրողների հետ ճեպազրույցում Փաշինյանը հայտարարել էր, թե ՀԿԵ-ի վերաբերյալ կարող են դե յուրե որոշումներ ընդունվել, ընդհուպ մինչև արբիտրաժի վարույթ։ Նա նշել էր, թե կարող է լինել իրավիճակ, որ «30 տարի ոչինչ չենք խնդրել, իսկ հիմա տարեկան 2 մլրդ դոլար վարձ ենք խնդրելու»։

Հարցին, թե արդյոք ակնարկում է երկաթուղու կոնցեսիոն վճարների մասին, Փաշինյանը պատասխանել էր, որ ակնարկների կարիք չկա: Նա վստահեցրել էր, որ Հայաստանը ցանկանում է հարցը բարեկամաբար լուծել ռուսական կողմի հետ։

«Հարավկովկասյան երկթաուղին» ռուսական ընկերության անվճար ակտիվը չէ, այլ ձեռնարկություն, որտեղ ներդրվել է ավելի քան 30 մլրդ ռուբլի (շուրջ 130 մլրդ դրամ)։ Գնել ենք նոր շարժակազմ և զարգացնում ենք ենթակառուցվածքը պայմանագրային պարտավորությունների հիման վրա։ Եթե այդ պարտավորությունները միակողմանիորեն վերանայվեն, իսկ մեր ներդրողին վնաս հասցվի, մենք դրա փոխհատուցումը պահանջելու հիմքեր կունենանք։ Այն հարցադրումը, թե Ռուսաստանը նման իրավիճակում պետք է ինչ-որ բան վճարի Հայաստանին, անհիմն է»,- ընդգծել է նախարարը։

Ռեշետնիկովը հավելել է, որ ՀՀ վարչապետի հայտարարությունները «Հարավկովկասյան երկաթուղու» մասին առիթ են հիշեցնելու այն առավելությունների մասին, որոնք ստանում է ՀՀ տնտեսությունը ԵԱՏՄ-ին անդամակցության և մասնավորապես Ռուսաստանի Դաշնության հետ առևտրի շնորհիվ:

Նրա խոսքով՝ ԵԱՏՄ-ին մասնակցության ընթացքում հայկական արտահանումը միության երկրներ (2015 - 2025 թթ.) աճել է ավելի քան 13 անգամ՝ 240 մլն դոլարից հասնելով 3,2 մլրդ դոլարի։ Հայաստանից արտահանվող ապրանքների (պարենային, գյուղատնտեսական, ալկոհոլ) ավելի քան 80 տոկոսը մատակարարվում է ԵԱՏՄ երկրներ:

«Միությանն ինտեգրումը պաշտպանում է հայ արտադրողներին. որակի և լոգիստիկայի նկատմամբ միասնական պահանջների շնորհիվ այդ ապրանքները պահանջված են մնում միության ներսում։ Մինչդեռ այլընտրանքային շուկաներ դուրս գալը պահանջում է արտադրական շղթաների երկար վերակառուցում և առևտրային մեծ ռիսկեր ունի»,- նշել է նախարարը։