Ներքին 3 շաբաթ առաջ - 18:08 29-07-2026

Ինչ անում եմ, վարչապետի համար է, որ թիրախում չհայտնվի. Թաթուլ Ասիլյանը՝ Կոնջորյանների սկանդալի մասին

Հասմիկ Մովսիսյան

Լրագրող

Հայաստանում օրենքի հավասարության մասին հայտարարությունները հերթական անգամ փլուզվում են, երբ ջրի երես են դուրս գալիս իշխանական վերնախավի մերձավորների արտոնյալ պատմությունները։ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար, ԱԺ փոխնախագահի թեկնածու Հայկ Կոնջորյանի և նրա եղբոր՝ Ավետ Կոնջորյանի շուրջ հասունացած աղմկահարույց պատմությունը լավագույնս ապացուցում է՝ իշխանության ներսում կան մարդիկ, ում համար օրենքը պարզապես գոյություն չունի, իսկ իրավապահ համակարգը երբեմն ծառայում է բացառապես նրանց անվտանգությունն ու անպատժելիությունն ապահովելու համար:

Հիշեցնենք, որ հուլիսի 24-ին Աբովյան քաղաքում՝ իր շքամուտքի մոտ, մի խումբ անձանց կողմից դաժան ծեծի է ենթարկվել Ավետ Կոնջորյանը: Մամուլի բազմաթիվ հրապարակումների համաձայն՝ այս սկանդալի հիմքում ընկած է երկու հիմնական գործոն՝ կարճ ժամանակահատվածում անհասկանալի ճանապարհներով հարստացումն ու անպատժելիության զգացումը։

Իրավիճակը հանրության մոտ արդարացի հարցեր է առաջացնում․ ինչպե՞ս են երեկվա համեստ կյանքով ապրող պաշտոնյաներն ու նրանց հարազատները հեղափոխությունից հետո կայծակնային արագությամբ ձեռք բերում շքեղ առանձնատներ, թանկարժեք մեքենաներ և ներգրավվում միլիոնավոր դոլարների հասնող կասկածելի շինարարական բիզնեսներում։

Ավետ Կոնջորյանի պարագայում խոսքը «Միլոն Ռիելթի» ընկերության շրջանակներում բնակարանների վաճառքի և ֆինանսական մութ մեքենայությունների մասին է։ Ըստ լրատվամիջոցների՝ նա, օգտագործելով եղբոր ազդեցությունը, տարբեր գործարքներում խաբել է քաղաքացիներին՝ յուրացնելով ավելի քան 100,000 ԱՄՆ դոլար։ Հենց այս ֆինանսական զեղծարարությունների ու պարտքերի շուրջ ծագած վեճն էլ դարձել է Աբովյան քաղաքում տեղի ունեցած դաժան ծեծի պատճառը: Սակայն իրավիճակի ողջ վրդովեցուցիչ կողմն այն է, որ նման կասկածելի գործունեություն ծավալող անձը Հայաստանում իրեն այնքան արտոնյալ է զգացել, որ ամիսներ շարունակ մեքենայով անցել է Աբովյանի ավագանու ՔՊ անդամ Նաիրի Հակոբյանի տան մոտով։

Ըստ տարածված տեղեկությունների՝ նա բացահայտ, նույնիսկ պարեկների ուղեկցությամբ, լկտի հայհոյանքներ ու սպանության սպառնալիքներ է տեղացել վերջինիս ընտանիքի հասցեին։ Այս ամբողջ ստվերային իրականությունը ֆեյսբուքյան ուղիղ եթերներով սկսեց հանրայնացնել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախկին անդամ Թաթուլ Ասիլյանը:

Ավետ Կոնջորյանի հետ տեղի ունեցած միջադեպից հետո Ասիլյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերներով սուր քննադատության է ենթարկում և բացահայտումներ անում Կոնջորյանների դեմ՝ հայտարարելով, թե 2022 թվականին Ավետն իրենից պարտքով գումար էր խնդրում, իսկ այսօր՝ հեղափոխությունից հետո, նրանք արդեն շքեղ տներ ու միլիոններ ունեն։

Նշենք, որ Հայկ Կոնջորյանը հայտարարել է, որ դատական հայցեր է ներկայացնելու բոլոր այն անձանց դեմ, ովքեր իր հասցեին ստահոդ լուրեր և զրպարտություն են տարածում։

Այս համատեքստում Oragir.News-ը Թաթուլ Ասիլյանից հետաքրքրվեց՝ արդյո՞ք պատգամավորի այդ հայտարարությունը վերաբերում է նաև իրեն՝ հաշվի առնելով համացանցում տարածված վերջին բացահայտումները։

«Եթե այդպիսի քայլեր անեն, ցույց կտամ, թե ես ինչ եմ պատրաստվում անել։ Ժամանակը ցույց կտա․․․»,- նշեց նա։ Հարցին, թե արդյո՞ք չի մտահոգվում, որ իր բացահայտումները կարող են հետևանքներ ունենալ, Ասիլյանն արձագանքեց․ «Իսկ երբ իր եղբայրը (Ավետ Կոնջորյանը-խմբ․) որոշ ժամանակ առաջ իմ մասին հրապարակումներ էր անում, այդ ժամանակ չէի՞ն մտածում հետևանքների մասին»։

Քանի որ մեր զրուցակիցն իր հրապարակային ուղիղ եթերներում հաճախ է խոսում արդարությունից՝ դժգոհելով, որ «մեկը պատժվում է, իսկ մյուսը՝ կյանքը վայելում», ինչպես նաև հարց է բարձրացնում, թե ո՞վ է նրանց «դուխ» տվել մարդկանց հայհոյելու, փորձեցինք պարզել, թե ինչի՞ հետևանք է այս երևույթը և ո՞վ է նման արտոնություններ շնորհել որոշ անձանց, հատկապես, որ այդ ամենը տեղի է ունեցել պարեկների ուղեկցությամբ։

Ասիլյանը, սակայն, դարձյալ խուսափեց ուղիղ պատասխանից՝ հորդորելով հետևել իր ֆեյսբուքյան էջին․ «Ես ամեն ինչ այնտեղ եմ ասում, այստեղ ոչ մի բան չեմ հայտնում»։ Այն դիտարկմանը, թե ինչո՞ւ չի ցանկանում խոսել լրագրողների հետ՝ իր ձայնն ավելի լսելի դարձնելու համար, Ասիլյանն արձագանքեց․ «Երբ ժամանակը գա, ես կդիմեմ լրատվականներին, Ձեզ կդիմեմ, եթե դրա կարիքը լինի»։

Ասիլյանից նաև հարցրեցինք՝ այն ամենը, ինչ ինքն այս օրերին հանրայնացնում է, արդյոք վարչապետի համար բացահայտո՞ւմ է, և միգուցե Նիկոլ Փաշինյանը տեղյա՞կ է Կոնջորյանի գործունեությունից։ «Ոչ, տեղյակ չի եղել, չգիտի․․․ եթե տեղյակ լիներ, հաստատ իր քաղաքական գնահատականը կտար։ Ես սա նաև ի օգուտ իրեն եմ անում, որպեսզի իր դիրքերը չթուլանան, որովհետև այս ամեն ինչը ժողովրդի մեջ նստվածք է տալիս, ժողովուրդը տեսնում է այն, ինչը չպետք է տեսնի։ Ես ինչ անում եմ՝ վարչապետի համար եմ անում, ինձ համար չեմ անում, ընդհակառակը՝ ինձ վնաս է սա, բայց անում եմ, որպեսզի վարչապետը չհայտնվի ժողովրդի թիրախում»,- պարզաբանեց նա։

Հաջորդ հարցին, թե ՔՊ-ում կա՞ն այլ անձինք, որոնք Կոնջորյանների օրինակով կարճ ժամկետում հարստացել են, Թաթուլ Ասիլյանը կտրականապես հրաժարվեց պատասխանել՝ նշելով, որ չի ցանկանում մեկնաբանել այդ հարցը։

Հիշեցնենք, որ Թաթուլ Ասիլյանը ՔՊ-ի նախկին ակտիվ ներկայացուցիչներից էր, ով երկար ժամանակ ֆեյսբուքյան եթերներով ակտիվորեն պաշտպանում էր իշխանությանը։ Սակայն հետագայում ներթիմային տարաձայնությունների ու կարգապահական խախտումների պատճառով նա հեռացվեց կուսակցությունից։ Ավելի ուշ Ասիլյանն ինքը հայտնվեց իրավապահների թիրախում. նրան մեղադրանք առաջադրվեց կաշառքի միջնորդության պատրվակով խոշոր գումարներ յուրացնելու մեջ։ Նրա նկատմամբ հայտարարվեց հետախուզում, ինչից հետո նա հայտնաբերվեց Մոսկվայում, արտահանձնվեց և Հակոռուպցիոն դատարանի վճռով դատապարտվեց 1 տարի 3 ամիս ազատազրկման՝ պետությանը վճարելով 25 միլիոն դրամ։ Ազատ արձակվելուց հետո Ասիլյանը համացանցային ուղիղ եթերներով սկսեց բացահայտումներ անել Հայկ Կոնջորյանի եղբոր՝ Ավետ Կոնջորյանի վարքագծի, ֆինանսական խարդախությունների և ենթադրյալ խուլիգանական գործողությունների մասին։

Ամփոփելով նշենք, որ Աբովյանում տեղի ունեցած միջադեպի առթիվ ՀՀ քննչական կոմիտեում քրեական վարույթ է նախաձեռնվել՝ մի խումբ անձանց կողմից ֆիզիկական ներգործության և խուլիգանության հատկանիշներով։ Իրավապահ մարմինների իրականացրած գործողությունների արդյունքում արդեն իսկ կան ձերբակալվածներ։

Հասմիկ Մովսիսյան

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
18:03 Նիկոլ Փաշինյանի որդին հաշվառվել է պրեմիում դասի շենքում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ