Ներքին Միտք 2 ամիս առաջ - 21:14 26-07-2026

5 միլիարդ դրամ պարգևավճար. ո՞ւմ և ինչի համար. Սուրեն Սուրենյանց

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի տելեգրամյան գրառումը.

5 միլիարդ դրամ պարգևավճար. ո՞ւմ և ինչի համար

Ռուսաստանի կողմից հայկական արտահանման նկատմամբ կիրառված սահմանափակումները լուրջ խնդիրներ են ստեղծել Հայաստանի տնտեսության մի շարք ճյուղերում՝ հատկապես գյուղատնտեսության և վերամշակող արդյունաբերության համար։

Կառավարության փոխհատուցման ծրագրերը դեռևս չեն համապատասխանում խնդիրների մասշտաբին, և լոկալ մակարդակով արդեն նկատվում են սոցիալական դժգոհության աճի նշաններ։

Սակայն ստեղծված իրավիճակը միայն արտաքին գործոններով չի սահմանափակվում։ Ներքին քաղաքական որոշումները նույնպես զգալի ազդեցություն են թողնում սոցիալական միջավայրի վրա։

Գագիկ Ծառուկյանի նկատմամբ սանձազերծված քաղաքական հաշվեհարդարի և նրա հետ փոխկապակցված ձեռնարկությունների գործունեության դադարեցման կամ կնքման հետևանքով հազարավոր աշխատակիցներ հայտնվել են պարապուրդի կամ անորոշության մեջ։ Անկախ գործի իրավական հիմքերից՝ աշխատատեղերի զանգվածային կորուստը օբյեկտիվ սոցիալական հետևանք է, որն իշխանությունը չի կարող անտեսել։

Այս ֆոնին կառավարության վերջին որոշումներից մեկը դարձել է հանրային քննադատության առարկա։ 2026 թվականի առաջին կիսամյակի արդյունքներով պետական համակարգի պաշտոնյաներին և աշխատակիցներին հատկացվել է մոտ 5 միլիարդ դրամ պարգևավճար՝ մոտավորապես 13 միլիոն դոլարի չափով։ Սա այս տարվա երկրորդ նման լայնածավալ հատկացումն է։

Պաշտոնապես հայտարարվում է, որ գումարները տրամադրվում են կատարողականի գնահատման հիման վրա։ Սակայն այդ գնահատականները հանրության համար փակ են մնում, իսկ բարձրաստիճան պաշտոնյաների ստացած գումարների չափերը հասանելի կդառնան միայն հայտարարագրերի հրապարակումից հետո՝ ամիսներ անց։ Անցյալ տարիների փորձը ցույց է տալիս, որ առանձին պաշտոնյաների պարգևավճարները կարող են հասնել մի քանի միլիոն դրամի։

Կատարողականի վրա հիմնված խրախուսման համակարգն ինքնին վատ գաղափար չէ և լայնորեն կիրառվում է բազմաթիվ երկրներում։ Խնդիրը, սակայն, թափանցիկության բացակայությունն է։

Երբ հազարավոր քաղաքացիներ պայքարում են իրենց աշխատատեղերը պահպանելու համար, իսկ պետական միջոցների միլիարդավոր դրամները բաշխվում են առանց հանրային հաշվետվության, դա օբյեկտիվորեն սնում է սոցիալական անարդարության զգացում:

Նման պրակտիկան, եթե չի ուղեկցվում արժանահավատ չափանիշներով, կարող է հեշտությամբ վերածվել վարչական հավատարմության խրախուսման գործիքի՝ քաղաքական կոռուպցիայի էլեմենտներով:

Տնտեսական դժվարությունների պայմաններում սա ոչ միայն խորացնում է հասարակության անվստահությունը պետական ինստիտուտների նկատմամբ, այլև ավելի է ընդլայնում իշխանության և քաղաքացիների միջև արդեն իսկ գոյություն ունեցող անջրպետը։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը