Ներքին Միտք 2 ամիս առաջ - 21:13 13-07-2026

Հայաստանում քաղցկեղի առաջնային հիվանդացությունը հասել է ռեկորդային մակարդակի. Քրիստինա Վարդանյան

Երևանի ավագանու անդամ Քրիստինա Վարդանյանի ֆեյսբուքյան գրառումը.

Երգն ու պարը լավ է, բայց եղեք տեղեկացված, որ Հայաստանում քաղցկեղի առաջնային հիվանդացությունը հասել է ռեկորդային մակարդակի՝ մեկ տարում 19,4% աճ, ավելի քան 4 անգամ գերազանցելով վերջին հինգ տարիների միջին տարեկան աճի տեմպը։

Հիմա ավելի մանրամասն.
2024 թվականին Հայաստանում առաջին անգամ ախտորոշվել է 10 174 չարորակ նորագոյացության դեպք, ինչը 22%-ով ավելի է, քան 2023 թվականին (8 327 դեպք)։ Միաժամանակ առաջնային հիվանդացության ցուցանիշը 100 000 բնակչի հաշվով աճել է 280,9-ից մինչև 335,4, այսինքն՝ 19,4%-ով՝ հասնելով 1990 թվականից ի վեր ամենաբարձր մակարդակին։

Ավելի քան երեք տասնամյակի ընթացքում առաջին անգամ հայտնաբերված դեպքերի թիվը գրեթե կրկնապատկվել է, իսկ 100 000 բնակչի հաշվով ցուցանիշն աճել է շուրջ 2,3 անգամ։
Համեմատության համար՝ 2019–2024 թթ. առաջնային հիվանդացության ցուցանիշի միջին տարեկան աճի տեմպը կազմել է շուրջ 4,7%։

2024 թվականի տվյալներով տղամարդկանց շրջանում չարորակ նորագոյացությունների կառուցվածքում առաջին տեղը զբաղեցնում են շնչափողի, բրոնխների և թոքի չարորակ նորագոյացությունները (ICD-10՝ C33–C34), իսկ կանանց շրջանում՝ կրծքագեղձի (ICD-10՝ C50)։
Միաժամանակ կարևոր եմ համարում նշել, որ վիճակագրության վրա կարող են ազդել բնակչության ծերացումը, ախտորոշման մեթոդների կատարելագործումը, դեպքերի հաշվառման բարելավումը և հաշվառման մեթոդաբանության փոփոխությունները։

Սակայն բնակչության ծերացումը աստիճանական գործընթաց է և չի կարող բացատրել մեկ տարվա ընթացքում արձանագրված 22% աճը։

Այնուամենայնիվ, 2024 թվականի ռեկորդային ցուցանիշը փաստ է, որը չի կարելի անտեսել։ Այն ուշադրություն է պահանջում ինչպես առողջապահական համակարգի, այնպես էլ հասարակության կողմից։

Կանոնավոր կանխարգելիչ հետազոտությունները, վաղ ախտորոշումը և ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ բարելավումը՝ ռիսկերի գրագետ կառավարմամբ, շարունակում են մնալ քաղցկեղի դեմ պայքարի ամենաարդյունավետ միջոցներից։

Որպես հանրային առողջության ոլորտի մասնագետ և Երևանի ավագանու անդամ հորդորում եմ պահպանել քաղաքներում Բնությունը և սակավաթիվ հասուն ծառերը։

Աղբյուրները՝ Չարորակ նորագոյացություններ. Վիճակագրական տարեգիրք 2025», Ս. Ավդալբեկյանի անվան Առողջապահության ազգային ինստիտուտ, ՀՀ առողջապահության նախարարություն։



Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում