Ներքին 3 ամիս առաջ - 15:00 10-07-2026

Վարդանյանի գործով իրավապաշտպանը կդիմի ՄԻԵԴ. 15 գերիների դատավճիռները Բաքուն մերժում է տրամադրել

Ադրբեջանում շուրջ երեք տարի գերերված և 20 տարվա ազատազրկման դատապարտված Արցախի նախկին պետնախարար, բարերար Ռուբեն Վարդանյանի գործով իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը պատրաստվում է դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան: Միջազգային իրավունքի մասնագետը նշում է, որ իրենց վերջապես հաջողվել է ստանալ Վարդանյանի դատավճիռը, ինչն անհրաժեշտ էր Եվրոպական դատարանում գործընթաց սկսելու համար:

«Նախապատրաստական փուլում ենք, շաբաթներ անց արդեն գործը մուտք կարվի», – «Ազատությանը» ասել է Սահակյանը:

«Ռուբեն Վարդանյանի պարագայում մենք ցուցադրելու ենք, որ մեղադրանքը քաղաքական է, որևէ անհատական հանցավոր արարք երբևէ Վարդանյանի կողմից չի իրականացվել:

Հավաքական ինքնորոշման իրավունքը ապօրինաբար որակավորվել է որպես ահաբեկչություն, մինչդեռ չի կարող լինել պատիժ՝ առանց օրենքով նախատեսված արարքի»:, – ընդգծեց իրավապաշտպանը:

Ինչ վերաբերում է Ադրբեջանի բանտերում պահվող մյուս 15 հայ գերիներին, որոնց շարքում է Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարությունը, ապա Բաքուն դեռ հրաժարվում է նրանց ու նաև վերջիներիս հանրային պաշտպաններին տրամադրել դատավճիռները, որոնք հրապարակվել էին դեռևս ութ ամիս առաջ: Այսինքն՝ 15 հայ գերիներն առայսօր զրկված են իրենց դատավճիռներին ծանոթանալու հնարավորությունից, մասնավորապես՝ թե կոնկրետ ինչ գործողություններ են վերագրվել նրանց և ինչ ապացույցների հիման վրա:

«Կարծում եմ՝ փորձում են խոչընդոտել միջազգային բողոքներ ներկայացնելու գործընթացին, և նաև մենք չենք բացառում , որ այդ դատավճիռնեը վերջնականացված էլ չեն, քանի որ դատավարությունը ինքնին շինծու էր, և քաղաքական պատվերով էր ձևավորվել դատավարության ելքը: Կարծում եմ՝ ժամանակ է անհրաժեշտ, որպեսզի ողջ իրավապահ համակարգը ինչ-որ պատճառաբանություններ ներկայացնի այդ դատական ակտում, քանի որ գիտակցում են, որ այս գործընթացները տեղափոխվում են միջազգային ատյաններ», – ասաց միջազգային իրավունքի մասնագետը:

Իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանն ասում է, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարան դիմելու համար անհրաժեշտ է ունենալ դատավճիռները: Եթե Ադրբեջանի դատական իշխանությունները շարունակեն չտրամադրել, ապա այն կստանան արդեն ՄԻԵԴ-ի միջոցով: Միջազային դատարանը միջանկյալ որոշում է կայացրել, համաձայն որի՝ մինչև օգոստոսի 31-ը Ադրբեջանի իշխանությունները Հայաստանի 15 քաղաքացիների դատավճռները պետք է ներկայացնեն Եվրոպական դատարան:

«Եթե Եվրոպական դատարանին էլ չտրամադրեն, մենք այստեղ կունենանք նոր որակի մարդու իրավունքների խախտման պնդումներ, կարծում եմ՝ Ադրբեջանի իշխանությունները չեն գնա այդ ճանապարհով և առնվազն դատավճիռները կտրամադրեն դատարանին», – ընդգծեց Սահակյանը:

Բաքվի զինվորական դատարանը փետրվարին ցմահ կամ երկարատև ազատազրկման դատապարտեց 16 հայ գերիներին, նրանց թվում նաև Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը:

Ամենից շատ դիտված

22:52 16 տարեկան երեխան ծնողների հետ գնալու է մոլ, որպեսզի ստանա ՀՀ անձնագիր. մի կետ էլ Թումանյանի շաուրմայում բացեք
14:04 Վազգեն, երանի քեզ, որ չես տեսել Ղարաբաղի հայաթափումը, չես տեսել Հայաստանի կառավարիչների պարը մեր հակառակորդի նվագի տակ․ Սերժ Սարգսյան
21:08 Ավինյանը «բիչոկը» վերադարձրեց մեքենայի պատուհանից նետած վարորդին
16:18 Վանաձորում բախվել են շտապօգնության ավտոմեքենան ու «Կամազ»-ը. բուժառուն մահացել է
07:58 ՔՊ «գլադիատորը» «պատվով» կատարում է իր առաքելությունը․ «Հրապարակ»
21:27 Մահացել է ռեժիսոր, սցենարիստ և թատրոնի ռեժիսոր Հրանտ Հակոբյանը
13:12 Վազգեն Սարգսյանը կոտրվող տեսակ չէր. նա կարող էր ջղայնանալ, բարկանալ, բայց ոչ երբեք կոտրվել կամ հուսահատվել․ Սերժ Սարգսյան
23:08 Գյումրիում ջրամատակարարումն աստիճանաբար կվերականգնվի․ վերագործարկվել է քաղաքը սնող ջրատարը
08:49 Էդգար Ղազարյանը բացատրել է, թե ինչու ԱԺ «ճակատամարտին» չմասնակցեց․ «Հրապարակ»
21:14 Երևանում՝ Բարձրաբերդի փողոցում, ավելի քան 3 ամիս է՝ խմելու ջուրը լցվում է նկուղներ