Ուղիղ եթեր
Ներքին 1 ամիս առաջ - 17:35 27-06-2026

Իսրայելը չպետք է Հայոց ցեղասպանության թեման դարձնի քաղաքական մանրադրամ

Մերի Հակոբյան

Լրագրող

Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության հնարավոր ճանաչման շուրջ մեծ ակնկալիքներ ունենալ պետք չէ։ Այս կարծիքը Oragir.News-ի հետ զրույցում հայտնեց պատմական գիտությունների դոկտոր Հայկ Դեմոյանը՝ անդրադառնալով Իսրայելի արտաքին գործերի նախարար Գիդեոն Սաարի հայտարարությանը, թե կառավարության առաջիկա նիստում կներկայացնի Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձև։

Դեմոյանի խոսքով՝ նախ անհրաժեշտ է հասկանալ, թե ինչ գնահատական է տրվում Իսրայելի նախկին քաղաքականությանը Հայոց ցեղասպանության հարցում։

«Եթե խոսքը իսկապես բարոյական դաշտի մասին է, այլ ոչ թե աշխարհաքաղաքական նպատակներով մեկ այլ ազգի ողբերգության շահագործման, ապա պետք է գնահատական տրվեր Իսրայելի նախկին քաղաքական գործիչների դիրքորոշումներին։ Քանի որ նման գնահատական չկա, նման բանաձևերի ընդունումն անիմաստ է»,- ասաց նա։

Պատմաբանի կարծիքով՝ անհրաժեշտ է հաշվի առնել նաև այն հանգամանքը, որ Իսրայելի պաշտոնական դիրքորոշումը տասնամյակներ շարունակ պայմանավորված է եղել Թուրքիայի հետ ռազմավարական հարաբերություններով։

«Մենք չգիտենք՝ արդյոք այդ ռազմավարական համագործակցության հիմքերը փոխվե՞լ են, թե՞ գործ ունենք իրավիճակի հետ, երբ Հայոց ցեղասպանության թեման օգտագործվում է այլ քաղաքական նպատակներով»,- նշեց Դեմոյանը։

Նրա խոսքով՝ Իսրայելի արտգործնախարարի հայտարարությունը նաև համընկել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի այն հայտարարության հետ, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն իր ընկերն է, ինչը ևս պետք է դիտարկել ընդհանուր քաղաքական համատեքստում։

Անդրադառնալով այն հարցին, թե Հայոց ցեղասպանության ճանաչումն ինչ կարող է տալ Հայաստանին, Դեմոյանը նշեց.

«Ոչ մի բան չի տա, բացարձակապես ոչ մի բան։ Մեծ հույսեր կամ սպասելիքներ ունենալ դրա հիման վրա պետք չէ։ Մենք գործ ունենք պատմական հիշողության և մեկ այլ ազգի ողբերգության շահագործման հետ»։

Նրա համոզմամբ՝ Հայոց ցեղասպանության թեման չպետք է դառնա արտաքին քաղաքական առևտրի կամ քաղաքական շահարկումների առարկա։

«Այս փուլում մենք գործ ունենք ոչ թե պատմական արդարության վերականգնման, այլ տարածաշրջանային և աշխարհաքաղաքական զարգացումների համատեքստում Հայոց ցեղասպանության թեմայի հերթական շահագործման հետ։ Ցեղասպանությունների, այդ թվում՝ Հոլոքոստի և Հայոց ցեղասպանության թեմաները որևէ պարագայում չպետք է շահագործվեն քաղաքական նպատակներով։ Չի կարելի մեկ այլ ժողովրդի ողբերգությունն ու պատմական հիշողությունը դարձնել քաղաքական մանրադրամ կամ օգտագործել աշխարհաքաղաքական հաշվարկներում»,- ասաց Դեմոյանը։

Հիշեցնենք, որ Իսրայելի արտաքին գործերի նախարար Գիդեոն Սաարը հայտարարել է, որ կառավարության առաջիկա նիստում կներկայացնի Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձև։ Ինչպես հայտնում է Ynet-ը, այս հայտարարությանը նախորդել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունն այն մասին, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն իր ընկերն է և «զերծ է մնացել Իրանի հետ հակամարտությանը միջամտելուց»։

Մերի Հակոբյան

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
15:48 Այսօր կրկին զոհ ունենք բանակում
18:13 Ինչպես են տնօրենները դպրոցներում վերահսկելու սանհանգույցները
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
15:01 Կեցցե այն թալանը, որ վաղն է գալու. Գարիկ Սարգսյանի պատմությունը
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ
19:06 Մենք լեգիտիմության խնդիր ունենք, քանի Քոչարյանի կլանը չի ունեզրկվել. Փաշինյանը դիմեց իրավապահներին