Ուղիղ եթեր
Ներքին Խոսք 2 ամիս առաջ - 23:11 13-06-2026

Մեր ապրանքները Եվրոպայում մրցունակ չեն․ բեռնատարի վարորդ

Անահիտ Չալիկյան

Լրագրող

Ռուսաստանը շարունակում է սահմանափակել հայկական ապրանքների մուտքն իր շուկա։ Հունիսի 2-ից արգելվել է հայկական ձկնամթերքի ներմուծումը՝ բացառությամբ երկու ընկերության, իսկ մայիսի 30-ից սահմանափակվել է նաև հայկական պտուղ-բանջարեղենի ներմուծումը։

Ավելի վաղ նմանատիպ արգելքներ կիրառվել էին ծաղիկների, «Ջերմուկ» հանքային ջրի, ինչպես նաև մի շարք տեղական արտադրողների կոնյակի և գինու նկատմամբ։

Այս ֆոնին էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հայտարարել է, որ Հայաստանը պատրաստվում է արտահանման նոր ուղղություններ զարգացնել՝ դեպի Հունաստան, Գերմանիա և այլ երկրներ։ Նրա խոսքով՝ նախարարությունը ներկայացրել է արտահանման աջակցության ծրագրեր դեպի Եվրոպական Միություն և Մերձավոր Արևելք՝ նախատեսելով տրանսպորտային և մաքսային ծախսերի, ինչպես նաև մտավոր սեփականության հետ կապված վճարների փոխհատուցում։

«Եվրոպական միություն արտահանումը կրկնապատկվել է, նպատակ ունենք մինչև տարեվերջ այն քառապատկել կամ հնգապատկել»,- նշել է նախարարը։

Սակայն ոլորտի ներկայացուցիչները նման հայտարարություններին զգուշավոր են վերաբերվում։

Արտահանող ընկերության բեռնատարի վարորդ Հակոբ Հակոբյանը Oragir.News-ի հետ զրույցում կասկած է հայտնել, որ հայկական գյուղմթերքը կկարողանա կարճ ժամանակում ամրապնդվել եվրոպական շուկաներում։

«Մեր ապրանքները եվրոպական շուկայում մրցունակ չեն։ Միգուցե մեկ անգամ՝ խաթրի համար գնեն, բայց երկրորդ անգամ՝ ոչ։ Իհարկե, նոր շուկաներ գտնելը տրամաբանական է, բայց դա մեկ ժամվա գործ չէ։ Բերքը արդեն հասել է, քաղելու ժամանակն է, և հենց հիմա նոր շուկաներ փնտրելը շատ դժվար է»,- ասում է նա։

Հակոբյանի խոսքով՝ խնդիրը միայն շուկա գտնելը չէ։ Նրա կարծիքով՝ բաց են մնում նաև լոգիստիկ և անվտանգային բազմաթիվ հարցեր։

«Ենթադրենք՝ ինչ-որ հրաշքով գնորդ գտնվեց։ Ո՞վ է երաշխավորելու, որ բեռներն ու վարորդներն անվտանգ կհասնեն տեղ և հետ կվերադառնան։ Ռուսաստան աշխատող վարորդների մեծ մասը ռուսերեն գիտի, տարիներով այդ ուղղությամբ է աշխատել։ Այլ երկրներում ինչպե՞ս են աշխատելու, եթե լեզուն չգիտեն։ Ռիսկերը շատ են, իսկ ժամանակը՝ քիչ»,- նշում է նա։

Վարորդը նաև ուշադրություն է հրավիրում հայկական արտադրանքի ներկայացման և փաթեթավորման խնդիրներին՝ ընդգծելով, որ եվրոպական շուկաները շատ ավելի պահանջկոտ են։

«Առաջին անգամ կարող են վերցնել՝ քաղաքական աջակցություն ցույց տալու համար, բայց հետո՞։ Ես երկար տարիներ աշխատել եմ խանութների հետ և գիտեմ՝ միայն լավ ապրանքը բավարար չէ։ Պետք է հասկանալ՝ մեր փաթեթավորումը, մեր ստանդարտները, մեր ներկայացման ձևը համապատասխանո՞ւմ են եվրոպական պահանջներին։ Այսօր, օրինակ, ծիրանը հիմնականում 5-7 կիլոգրամանոց արկղերով է արտահանվում։ Հարց է՝ արդյոք դա եվրոպական գնորդին պե՞տք է»,- եզրափակում է Հակոբյանը։

Անահիտ Չալիկյան

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
15:48 Այսօր կրկին զոհ ունենք բանակում
18:13 Ինչպես են տնօրենները դպրոցներում վերահսկելու սանհանգույցները
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
15:01 Կեցցե այն թալանը, որ վաղն է գալու. Գարիկ Սարգսյանի պատմությունը
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ
19:06 Մենք լեգիտիմության խնդիր ունենք, քանի Քոչարյանի կլանը չի ունեզրկվել. Փաշինյանը դիմեց իրավապահներին