Ներքին 3 ամիս առաջ - 10:29 11-06-2026

Ընտրությունների այլ նախնական արդյունքներ․ մենք տոտալ խաբում ենք, անազնիվ ենք, ու տոտալ չենք վստահում իրար ու որևէ մեկին․ Վահե Հովհաննիսյան

Հայաստանում առկա է հանրային վստահության լրջագույն դեֆիցիտ։ Մենք տոտալ խաբում ենք, անազնիվ ենք, ու տոտալ չենք վստահում իրար ու որևէ մեկին։

Գրել է «Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը։

«Ընտրությունների այլ նախնական արդյունքներ․

Որքան էլ այս օրերին կարևոր գործ անենք՝ հաշվենք քվեաթերթիկներ, շտկենք սխալները, հաշվենք մանդատների բաշխումն ու հետագա անելիքները, որոնք իրոք շատ կարևոր են, կա ընտրությունների այլ, գուցե ավելի կարևոր կողմ, այլ արդյունք.

1. Սոցիոլոգիան Հայաստանում չի աշխատում։ Բոլորը ժամանակի երկար հատվածի ընթացքում սխալ պատկեր են տվել։ Եվ դա սոցիոլոգների որակի խնդիրը չէ, նրանցից շատերը լուրջ պրոֆեսիոնալներ են։ Դա անազնիվ հասարակության խնդիր է։ Հայաստանում առկա է հանրային վստահության լրջագույն դեֆիցիտ։ Մենք տոտալ խաբում ենք, անազնիվ ենք, ու տոտալ չենք վստահում իրար ու որևէ մեկին։ Վստահության նման ցածր պաշարով հասարակությունները ձեռքբերումներ չեն ունենում։ Սրա մասին կան ամբողջական տեսություններ։

2. Հանրային տրամադրությունների այլ ինդիկատորները նույնպես և նույն պատճառով չեն արտացոլում իրականությունը։ Ու մենք չգիտենք՝ իրականում ինչ է ուզում և ինչի է ձգտում մեր հասարակությունը։ Սա լրջագույն ներքին մարտահրավեր է, որ կարող է քանդել ցանկացած առողջ ընթացք։

3. Մենք պարտավոր ենք ընդունել, որ Նիկոլը ազնիվ է եղել իր ձևակերպումներում և կարճաժամկետ ծրագրային ասելիքով։ Պարզ ասել է՝ անկլավների հարց լինելու է, զիջումների հարց լինելու է, Սահմանադրության հարց լինելու է։ Եվ հասարակությունն այս ամենը լսել է ու գնացել ձայն է տվել։

4. Օրբանին մերժեց Բուդապեշտը։ Քաղաքը կանգնեց ու քաղաքային ձայնով երկիրը տարավ փոփոխությունների։ Երևանը լսեց ու տեսավ Նիկոլի բոլոր ասածներն ու պահվածքն ու քվեարկեց նրա օգտին։ Փոքր կենտրոնի սրճարանային էլիտան ու մայրաքաղաքային մշակույթը քվեարկեցին դեստրուկցիային, սատկացնել-կզցնել թեզին։ Սա նույնպես պետք է արձանագրել։

5. Այս պահին ունենք երեք հայ միլիարդատերեր՝ Ռ. Վարդանյան, Ս. Կարապետյան, Գ. Ծառուկյան, ովքեր Հայաստանի համար արել են հսկայական գործ, և ստացվում է, որ հայ հասարակության մի զգալի մաս ողջունում է նրանց բանտում պահելու օրակարգը։ Սա աննորմալություն է՝ հանրային անոմալիա։ Եվ կառուցել-ստեղծելու օրակարգը պարտվում է քանդել-խլելու օրակարգին։ Ո´ր ժողովուրդը, ո´ր պետությունը գնացել է այս ճանապարհով, պատմական փորձանքի է հասել։

6. Ընտրակաշառքը հասարակությունը դեգրադացնող ամենակեղտոտ բաներից մեկն է։ Ամոթ է, որ մեր երկրում նման մշակույթ կա, ինչն այս տեսքով երբեք չի եղել հարևան Վրաստանում։ Բայց հարց. եթե պնդում եք, որ եղել են ընտրակաշառքներ, 8 տարում ինչո՞ւ հնարավոր չեղավ ձևավորել ընտրակաշառք մերժող հասարակություն։ Բայց դա հնարավոր կլիներ միայն, եթե զուգահեռ ջարդվեր բերովի հանրահավաքների և վարչական ռեսուրսի տոտալ կիրառման, հասարակությանն ուժային ու վարչական մեթոդներով տոտալ ճնշելու, ստրկացնելու մշակույթը։ Հասարակությունն այս ութ տարիների ընթացքում դարձել է ավելի´ կոտրված, ավելի´ ստրկացած։

7. Մանդատներ, քաղաքական ուժերը մի կողմ. մենք հիմա ունենք մի հասարակություն, որը չի ուզում և պատրաստ չէ ազնիվ խոսակցության։ Չեմ բացառում, որ այս պահին պարզապես ունակ չէ ազնիվ խոսակցության։ Ու տոտալ անվստահությունը կրում է համակարգային բնույթ՝ բոլոր մակարդակներում, բոլոր հանրույթներում։ Սա չափազանց լուրջ խնդիր է։

8. Ադրբեջանի նախկին ԱԳՆ Թ. Զուլֆուգարովի ձևակերպումը, թե «Երկաթյա բռունցքը 5 տարում բուժեց ՀՀ քաղաքացիների 50 տոկոսին, և պետք է շարունակել բուժումը» սահմռկեցուցիչ է իր էությամբ։ Իրական ընտրությունը այստեղ է. կա´մ մենք կբուժվենք կամ մեզ կբուժեն»։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում