Ուղիղ եթեր
Ներքին Խոսք 2 ամիս առաջ - 19:00 26-05-2026

Փաշինյանը Ռուբիոյի այցը որպես PR գործիք է օգտագործելու․ Դավիթ Կարապետյան

Մերի Հակոբյան

Լրագրող

«Իշխանությունները սա որպես PR գործիք կարող են օգտագործել, որ հանրությանը ներկայացնեն, թե վայելում են Արևմուտքի աջակցությունը, Միացյալ Նահանգների նման հեգեմոն գերտերության համար հուսալի գործընկերներ են»,- Oragir.News-ի հետ զրույցում ասաց միջազգայնագետ Դավիթ Կարապետյանը՝ անդրադառնալով ԱՄՆ պետքարտուղարի՝ Հայաստան այցին։

Նրա խոսքով՝ այցը նախևառաջ տեղավորվում է հայ-ամերիկյան ռազմավարական հարաբերությունների խորացման համատեքստում և կապված է մի շարք երկկողմ հարցերի հետ։

«Այցն արդեն տեղի է ունեցել։ Առաջին հերթին այն ուղղված է հայ-ամերիկյան ռազմավարական հարաբերությունների համատեքստում մի շարք հարցերի հետ կապված խորացմանը՝ ներառելով հիմնականում երկկողմ համագործակցության ձևաչափերը։ Գուցե որոշակի համաձայնագրերի կամ մեմորանդումների ականատես դառնանք, բայց գիտենք, որ նա ընդամենը մի քանի ժամով է ժամանել Հայաստան և մեկնել է արդեն, հետևաբար՝ այցը կրել է խիստ սահմանափակ ժամանակահատվածի գործառույթ»,- նշեց Կարապետյանը։

Միջազգայնագետի գնահատմամբ՝ այցի ընթացքում հիմնական շեշտադրումը կարող է դրվել տարածաշրջանային տրանսպորտային նախագծերի, մասնավորապես՝ «շիփի» նախաձեռնության վրա։

«Ես կարծում եմ, որ հիմնական շեշտը կդրվի հենց դրա վրա։ Չեմ բացառում, որ այս համատեքստում նաև Իրանի թեմայի շուրջ որոշակի քննարկումներ տեղի ունենան։ Չեմ բացառում նաև, որ Ադրբեջանի հետ գերիների փոխանակման մասով որոշակի գործարքային պայմաններ կառաջարկվեն Միացյալ Նահանգների կողմից՝ ի դեմս պետքարտուղարի։ Անգամ դրա մասին որոշ ակնարկներ եղել են»,- ասաց նա։

Կարապետյանը հավելեց, որ այցը կարող է ունենալ նաև ներքաղաքական ենթատեքստ՝ հաշվի առնելով ընտրական շրջանը։

«Արդյոք սա կարելի՞ է դիտարկել որպես PR ընտրություններից առաջ։ Ինչո՞ւ չէ։ Առավել ևս, երբ գիտենք, որ Միացյալ Նահանգները բացեիբաց խոսել են փաշինյանական ռեժիմի վերարտադրության մասին։ Մենք տեսել ենք, թե ինչպես բավական թափանցիկ ներկայացվել է իրենց դիրքորոշումը, որ իրենք ուզում են այս իշխանությունների վերարտադրությունը»,- նշեց միջազգայնագետը։

Նրա խոսքով՝ նույնիսկ եթե ուղիղ ձևակերպումներով աջակցություն չհնչի, այցն ինքնին կարող է ընկալվել որպես քաղաքական ազդակ։

«Եթե անգամ տողատակերում մենք չտեսնենք այդ աջակցության սեգմենտը անմիջապես պետքարտուղարի շուրթերից, փաստը մնում է այն, որ Միացյալ Նահանգների բարձրաստիճան ներկայացուցիչները բազմիցս նշել են՝ ցանկանում են շարունակել աշխատանքն այս իշխանությունների հետ։ Սա խոսում է այն մասին, որ նրանց ցանկալի թեկնածուն այս իշխանություններն են՝ ի դեմս Նիկոլ Փաշինյանի»,- ասաց Կարապետյանը։

Նա ընդգծեց, որ իշխանությունները կարող են այցը ներկայացնել որպես արտաքին աջակցության ցուցիչ՝ հատկապես նախընտրական փուլում։

«Այո՛, այս իշխանությունները կարող են սա օգտագործել որպես PR գործիք՝ հանրությանը ներկայացնելով, որ վայելում են Արևմուտքի աջակցությունը, և որ արդյունավետ ու արգասաբեր աշխատանք դեռ սպասվում է։ Այդ գեղեցիկ փաթեթավորումը կարող է օգտագործվել հատկապես նախընտրական քարոզարշավի այս փուլում»,- եզրափակեց Դավիթ Կարապետյանը։


Մերի Հակոբյան

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
15:48 Այսօր կրկին զոհ ունենք բանակում
18:13 Ինչպես են տնօրենները դպրոցներում վերահսկելու սանհանգույցները
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
15:01 Կեցցե այն թալանը, որ վաղն է գալու. Գարիկ Սարգսյանի պատմությունը
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ
19:06 Մենք լեգիտիմության խնդիր ունենք, քանի Քոչարյանի կլանը չի ունեզրկվել. Փաշինյանը դիմեց իրավապահներին