Ուղիղ եթեր
Ներքին 3 ամիս առաջ - 09:00 13-05-2026

«Բյուրեղ» թաղամասի փակուղին․ Աշոտ Արսենյանի նախագիծը կաթվածահար է անում Արշակունյաց պողոտան

Հասմիկ Մովսիսյան

Լրագրող

Շուրջ 1300 բնակարան ունեցող հսկայական «Բյուրեղ» թաղամասի տրանսպորտային մուտքն ու ելքը, ընթացող կառուցապատման պայմաններում, ամենօրյա կոլապս է առաջացնում։ Թե ինչպես է ստացվել, որ նման մեծ բնակելի թաղամասի համար նախագծվել է ընդամենը մեկ նեղ տրանսպորտային ելք դեպի Արշակունյաց պողոտա, դեռ կփորձենք պարզել։ Սակայն արդեն ակնհայտ է, որ քաղաքաշինական սխալ հաշվարկների հետևանքով անգամ մի քանի մեքենայի դուրս գալը պիկ ժամերին կաթվածահար է անում Արշակունյաց պողոտան։

Միևնույն ժամանակ, թաղամասից դեպի պողոտա տանող առանց այդ էլ նեղ ճանապարհը փաստացի վերածվել է «արահետի», ինչը լուրջ վտանգավոր խոչընդոտներ է ստեղծում հրշեջ և շտապօգնության մեքենաների համար։



Նշենք, որ Երևանի Կենտրոն վարչական շրջանում գտնվող Աշակունյաց 18/4-ի հասցեին հարակից «Բյուրեղ» նորկառույց թաղամասի հիմնական սեփականատերն ու կառուցապատողը «Ջերմուկ գրուպ» ՓԲԸ-ի հիմնադիր տնօրեն, նախկին պատգամավոր, գործարար Աշոտ Արսենյանն է։

Արսենյանն ԱԺ պատգամավոր է եղել 2003-2012 թթ-ին, անդամակցել է Հանրապետական կուսակցությանը։ Ամեն բան, սակայն, փոխվեց 2018 թ.-ից հետո։ 2019 թ.-ին «Ջերմուկ գրուպը» Երևանի քաղաքապետարանին ձյուն մաքրելու մեքենաներ նվիրեց, ապա ստացավ Արշակունյաց պողոտայում բարձրահարկ բազմաբնակարան համալիր կառուցելու թույլտվությունը։

Նույն տարում քրեական գործ հարուցվեց Արսենյանի որդու՝ Վահագն Արսենյանի՝ բանակից ազատվելու հանգամանքները պարզելու վերաբերյալ, որը, շատ չանցած, կարճվեց։ Իսկ արդեն 2021-ի հոկտեմբերին նույն Վահագն Արսենյանին վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշանակեց Ջերմուկ համայնքի ղեկավարի պաշտոնակատար։ Պաշտոնակատարից համայնքապետ կես քայլ էր։ 2021 թ.-ի դեկտեմբերի 5-ին Ջերմուկ համայնքի ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիրը» հաղթեց, իսկ ՔՊ-ի ցուցակը գլխավորող Վահագն Արսենյանը դարձավ Ջերմուկ խոշորացված համայնքի ղեկավար։

Ըստ մամուլի տարբեր հրապարակումների՝ «Բյուրեղ» թաղամասի նախագծի վերաբերյալ դժգոհությունները հիմնականում կապվում են շինարարության տեմպերի դանդաղումների հետ, ինչն էլ ֆինանսական խնդիրների, ինչպես նաև քաղաքապետարանի հետ ունեցած ենթակառուցվածքային անհամաձայնությունների հետևանք է:

Ի դեպ, լուրեր են շրջանառվում նաև, որ Ռուսաստանից դեպի Հայաստան եկող տրանսֆերտների և ներդրումային հոսքի նվազումը ուղիղ հարվածել է էլիտար շինարարության ֆինանսավորմանը:

«ML Mining» ընկերությունը, որը հանդիսանում է Հայաստանի կառուցապատման, ոչ մետաղական հանքարդյունաբերության և բետոնի արտադրության ամենախոշոր հսկաներից մեկը, հայտնի է պետական մարմինների հետ ունեցած սերտ համագործակցությամբ: Նշենք, որ «Բյուրեղ» նախագծում ընկերությունը ներգրավված է եղել որպես առանցքային գործընկեր և կապալառու։

«ML Mining» ընկերությունը ներգրավված է բազմաթիվ այլ նախագծերում, իրականացնում է նաև քաղծառայողների, ՊՆ աշխատակիցների համար նախատեսված պետական աջակցության ծրագրերով բնակարանաշինություն։ Այստեղ տեղին է հիշել, որ տարիներ առաջ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը «Բյուրեղ» թաղամասում շուկայականից ակնհայտ ցածր գնով (մոտ 1000 դոլար՝ 1 քմ-ի համար, երբ իրական արժեքը գերազանցում էր 2500 դոլարը), գնել է 165 քմ մակերեսով բնակարան։

Հենց այս հանգամանքը հանրության շրջանում ամրապնդել է այն կասկածները, որ ընկերությունն օգտվում է բարձրաստիճան հովանավորչությունից: Իսկ այսօր, փաստացի, նորակառույցի շինարարությունն այնքան դանդաղ է ընթանում, որ մարդիկ չեն հավատում, թե ընդհանրապես կավարտվի. հանրությունը նույնիսկ հեգնում է, թե իրենց երեխաները հազիվ նշեն բնակարանամուտը։

Oragir.News-ը «ML Mining»-ից փորձեց պարզաբանում ստանալ վերոնշյալ հարցադրումների վերաբերյալ, և նաև՝ ի՞նչ լուծում է կազամկերպությունն առաջարկում քաղաքին ու բնակչությանը։ «Ինչպես «Բյուրեղ» թաղամասում, այնպես էլ տասնյակ այլ համալիրներում երկաթբետոնե աշխատանքներ ենք կատարել։ Մենք այդ համալիրի ո՛չ կառուցապատողն ենք, ո՛չ շինարարության պատասխանատուն, վաղուց մեր աշխատանքն այնտեղ ավարտել ենք, դրա համար ձեր հարցերի հասցեատերը մենք չենք, պետք է խնդրեմ՝ «Ջերմուկ Գրուպ» ՓԲԸ-ին ուղղել հարցերը»,- պատասխանեցին «ML Mining»-ից։

Oragir.News-ի փորձերը՝ կապ հաստատել «Ջերմուկ Գրուպ»-ի հետ, այդպես էլ արդյունք չտվեցին։

Այնուամենայնիվ, հարկ է արձանագրել, որ «Բյուրեղ»-ն այսօր վերածվել է ոչ թե հարմարավետ թաղամասի, այլ քաղաքաշինական կոլապսի խորհրդանիշի, որտեղ վեր են խոյանում շենքերը, իսկ եղած ճանապարհային ելքը ֆիզիկապես ի վիճակի չէ սպասարկել այդ թաղամասի բնակչության:

Հասմիկ Մովսիսյան Հասմիկ Մովսիսյան

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
18:13 Ինչպես են տնօրենները դպրոցներում վերահսկելու սանհանգույցները
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ