Ուղիղ եթեր
Մամուլ 3 ամիս առաջ - 08:12 09-05-2026

43 տոկոս աղքատություն, որտեղ 620 հազար դոլարի համերգ կազմակերպվեց. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Մինչ Շիրակի մարզը շարունակում է մնալ Հայաստանի ամենաաղքատ մարզերից մեկը, ԿԳՄՍ նախարարությունը հարյուրավոր միլիոնավոր դրամներ է ուղղել մեկ համերգային ծրագրի կազմակերպմանը՝ կառավարության պատվերով։ «Ժողովուրդ» օրաթերթի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ միայն «Գրավիթի Փրոդաքշն» ՍՊԸ-ն ստացել է 242 միլիոն 134 հազար դրամ դրամաշնորհ, իսկ ֆինանսական հաշվետվության փաստաթուղթը հրապարակված է դատարկ՝ չլրացված վիճակում։ Եվ սա դեռ ամբողջը չէ։

Կառավարության որոշմամբ նախատեսվել էր 2026 թվականի պետական բյուջեի վերաբաշխման միջոցով շուրջ 393 միլիոն դրամ հատկացնել ԿԳՄՍ նախարարությանը՝ համերգի կազմակերպման ծախսերը հոգալու համար։

«Ժողովուրդ» օրաթերթը ուսումնասիրել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության պաշտոնական հրապարակումները և արձանագրել հերթական աղմկահարույց ֆինանսական պատկերը։

Պարզվում է՝ ԿԳՄՍ նախարարությունը «Գրավիթի Փրոդաքշն» ՍՊԸ-ին տրամադրել է 242 միլիոն 134 հազար դրամ դրամաշնորհ։ Այս գումարը ներկայիս փոխարժեքով կազմում է մոտ 620 հազար դոլար։

Սակայն ամենաուշագրավը ոչ միայն գումարի չափն է, այլ այն, որ հրապարակված ֆինանսական հաշվետվության փաստաթուղթը, ըստ էության, դատարկ է՝ առանց բովանդակային լրացման։ Այլ կերպ ասած՝ հարյուրավոր միլիոնավոր դրամների պետական միջոցներ են հատկացվել, բայց հանրությանը չի ներկայացվում, թե կոնկրետ ինչի վրա և ինչպես են ծախսվել այդ գումարները։

Ըստ պաշտոնական տվյալների՝ «Գրավիթի Փրոդաքշն» ՍՊԸ-ն գրանցված է Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում, սակայն ընկերությունը Գյումրիում կազմակերպել է շուրջ 4000 մարդու համար նախատեսված «Երաժշտական կամուրջ» խորագրով համերգը՝ նվիրված հայ-ֆրանսիական բարեկամությանը։

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ միաժամանակ «Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբ» ՊՈԱԿ-ին տրամադրվել է 150 միլիոն 763 հազար 700 դրամ դրամաշնորհ։ Այսպիսով, միայն հայտնի դարձած ֆինանսավորումների հանրագումարը մոտենում է կես միլիարդ դրամին։

Եվ սա այն պայմաններում, երբ Շիրակի մարզը տարիներ շարունակ համարվում է Հայաստանի սոցիալ-տնտեսական ամենածանր վիճակում գտնվող մարզերից մեկը։ Գործազրկություն, արտագաղթ, աղքատություն, կիսաքանդ ենթակառուցվածքներ՝ սրանք Գյումրիի ու Շիրակի առօրյա խնդիրներն են, որոնց մասին իշխանությունները սովորաբար հիշում են միայն պաշտոնական այցերի ժամանակ։ Աղքատության ցուցանիշը այս մարզում 43 տոկոս է, իսկ ծայրահեղ աղքատությունը՝ 4 տոկոս։

Բայց, երբ խոսքը վերաբերում է շքեղ համերգների կազմակերպմանը, հարյուրավոր միլիոններ միանգամից գտնվում են։

Իհարկե, մշակութային միջոցառումները կարևոր են, և որևէ մեկը չի վիճարկում արվեստի ու միջազգային մշակութային կապերի անհրաժեշտությունը։ Սակայն այստեղ խնդիրը առաջնահերթությունների մեջ է։

Առավել մտահոգիչ է նաև թափանցիկության հարցը։ Եթե պետական միջոցները ծախսվել են արդյունավետ և նպատակային, ապա ինչո՞ւ է հրապարակված ֆինանսական հաշվետվությունը դատարկ։ Ինչո՞ւ հանրությունը չի կարող տեսնել ծախսերի ամբողջական կառուցվածքը։

Ժաննա Անդրեասյանի ղեկավարած նախարարությունում, կարծես, արդեն սովորական երևույթ է դարձել միլիոնավոր դրամների ծրագրերի իրականացումը՝ նվազագույն հաշվետվողականությամբ»։

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
18:13 Ինչպես են տնօրենները դպրոցներում վերահսկելու սանհանգույցները
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ