Ներքին 4 ամիս առաջ - 20:30 18-04-2026

Ալեն Սիմոնյանը՝ Պոլսո պատրիարքի մոտ, Իրանը փակել է Հորմուզը, նոր ձերբակալություններ․ Ամփոփ լուրեր

Oragir.News-ը ներկայացնում է ապրիլի 18-ի ամփոփ լուրերը՝ Իրինա Ատանյանի մեկնաբանությամբ:

Ալեն Սիմոնյանը Ստամբուլում այցելել է Պոլսո հայոց պատրիարքարան և հանդիպում ունեցել Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանի հետ։ Պատրիարքը հանդիպման ընթացքում անդրադարձել է վերջին մեկ տարվա ընթացքում Հայ Առաքելական եկեղեցու և Հայաստանի կառավարության ներկայացուցիչների միջև առաջացած լարվածությանը՝ հայտնելով իր մտահոգությունները։ Նա հույս է հայտնել, որ մոտ ապագայում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և կառավարության միջև կհաստատվի հաշտություն և համերաշխություն։ Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանը կարևորել է նաև Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների բնականոն զարգացումը՝ ընդգծելով դիվանագիտական կապերի հաստատման անհրաժեշտությունը։ Հանդիպման ավարտին պատրիարքը հաջողություն է մաղթել Ալեն Սիմոնյանին, իսկ ԱԺ նախագահը ցանկություն է հայտնել հանդիպել նաև Ստամբուլում գործող հայկական մամուլի ներկայացուցիչների հետ։

ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորած Հայ ազգային կոնգրես կուսակցությունը հայտարարել է, որ առաջիկա խորհրդարանական ընտրություններում վարչապետի թեկնածուն Լևոն Զուրաբյանն է։ Կուսակցության արտահերթ համագումարում ներկայացվել է նաև նախընտրական ցուցակի առաջին տասնյակը, որը գլխավորում է հենց Զուրաբյանը։ Ցուցակում ընդգրկված են Արամ Մանուկյանը, Տաթև Զորյանը, Սամվել Աբրահամյանը և այլք։ Կուսակցությունը մասնակցելու է ընտրություններին՝ ձևավորելով սեփական քաղաքական օրակարգը։

Լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանը Ռուսաստանի հետ ունի պայմանավորվածություն՝ իրականացնելու նախկինում ձեռք բերված ռազմատեխնիկական համագործակցության ծրագրերը։ Նա նաև անդրադարձել է նոր Սահմանադրության նախագծին՝ նշելով, որ տեքստը պատրաստ է, սակայն որոշ կարևոր հարցերի շուրջ դեռ քննարկումներ են ընթանում իշխանության ներսում։ Ըստ Փաշինյանի՝ եթե այդ քննարկումները չավարտվեն, փաստաթղթի հրապարակումը կարող է հետաձգվել ընտրություններից հետո։ Քննարկումների առանցքային հարցերից է Անկախության հռչակագրին հղումը, որը, ըստ Փաշինյանի, կարող է կոնֆլիկտային լինել տարածաշրջանային հարաբերությունների տեսանկյունից։


Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող գործի շրջանակում ձերբակալվել են Հայկական պետական մանկավարժական համալսարանի պրոռեկտորը և մի շարք աշխատակիցներ։ Նրանք կասկածվում են պաշտոնեական լիազորությունների չարաշահման, խարդախության և փաստաթղթերի կեղծման մեջ։ Նույն գործով, լրատվամիջոցների տեղեկություններով, ձերբակալվել է նաև Շախմատի ֆեդերացիայի նախագահի առաջին տեղակալ Սմբատ Լպուտյանը։

Մանրամասները՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
18:03 Նիկոլ Փաշինյանի որդին հաշվառվել է պրեմիում դասի շենքում
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
18:35 Այսօր պայմանագրային զինծառայողի են գտել կախված վիճակում․ ArmLur
08:49 Սյունիքում անօդաչու թռչող սարքեր են նկատել․ «Հրապարակ»