Ուղիղ եթեր
Ներքին Միտք 4 ամիս առաջ - 13:42 12-04-2026

Իրանը մեզ համար աշխարհաքաղաքական հավասարակշռության առանցք է, երբ այն դառնում է անկայուն, Հայաստանը հայտնվում է ճնշման տակ

Տարածաշրջանը կրկին կանգնած է մի վտանգավոր սահմանագծի վրա։ Այս մասին գրել է «Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության անդամ, ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանը:

«Շուրջ 21 ժամ տևած Իրան-ԱՄՆ բանակցությունները ավարտվեցին առանց համաձայնության։
Սա պարզապես դիվանագիտական ձախողում չէ։ Սա շատ ավելի վտանգավոր մի վիճակի` կառավարվող անորոշության, սկիզբ է։

Երբ պատերազմը չի ավարտվում, բայց նաև չի շարունակվում ամբողջ ուժով, երբ խաղաղությունը չի հաստատվում, բայց նաև չի բացառվում, աշխարհը մտնում է ամենավտանգավոր փուլերից մեկը. այն փուլը, որտեղ սխալ հաշվարկը կամ արկածախնդրությունը կարող է ավելի արագ պայթեցնել իրավիճակը, ընդ որում ավելի ուժգին ու անդառնալի։

Այսօր հենց այդ կետում է մեր տարածաշրջանը։ Եվ այստեղ կա մի կարևոր հանգամանք, որն այսօրվա Հայաստանում, այս կառավարման ներքո, անտեսվում է։

Իրանը մեզ համար պարզապես հարևան չէ։ Իրանը մեզ համար աշխարհաքաղաքական հավասարակշռության առանցք է։ Երբ այդ առանցքը դառնում է անկայուն, Հայաստանը հայտնվում է ճնշման տակ։ Անվտանգային ճնշում, տնտեսական ճնշում, տրանսպորտային և էներգետիկ ճնշում։
Հորմուզի նեղուցում լարվածությունը նշանակում է գների աճ, գների աճը նշանակում է ներքին սոցիալական լարվածություն, իսկ տարածաշրջանային անկայունությունը՝ արտաքին քաղաքական ռիսկերի կտրուկ մեծացում։

Սա շղթայական գործընթաց է, որը սկսվում է մեզանից դուրս, բայց շատ արագ հասնում է մեզ։
Եվ այստեղ ամենակարևոր հարցը սա է՝ արդյո՞ք մենք ունենք պետություն, որը կարող է այսպիսի պայմաններում հաշվարկել, կանխատեսել և գործել։

Որովհետև նման ժամանակներում քաղաքականությունը պետք է դադարի լինել PR, դադարի լինել ներքին անձնական ու նեղ խմբային առաջնահերթությունների սպասավոր, և պետք է վերածվի այն բանի, ինչ իրականում պետք է լինի. պետության գոյության կառավարման արվեստի։

Այսօր աշխարհը մտնում է նոր վերադասավորումների փուլ։ Ովքեր ունեն սթափ միտք և ռազմավարական խորություն՝ դիմանում են։ Ովքեր ապրում են օրվա հարմարություններով՝ կորուստներ են կրում` գրեթե միշտ անվերադարձ։

Հայաստանի համար սա սոսկ հերթական նորություն չէ։ Սա հերթական փորձությունն է։
Եվ այս փորձության պատասխանն էլ նույնն է. կամ մենք թոթափում ենք ապազգայինն ու ձևավորում ենք պետական մտածողություն, կամ շարունակում ենք մուրալ խաղաղություն և ենթարկվել ուրիշների որոշումներին։

Այլ տարբերակ պարզապես չկա»,- գրել է նա։

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
18:13 Ինչպես են տնօրենները դպրոցներում վերահսկելու սանհանգույցները
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ

Ձեզ գուցե հետաքրքրի